Արցախի հիմնահարցը երեք վարչակարգերի մոտեցումներում

25/02/2010

Վճռական քայլեր պահանջող եւ սպասումների այս ժամանակաշրջանում օրվա գլխավոր քաղաքական խնդիրը դարձյալ մնում է Արցախի հիմնահարցը, որը սկզբից եւեթ բացառիկ դեր է ունեցել Հայոց պետականության կազմավորման եւ զարգացման գործընթացներում եւ անգամ որոշել է վարչակարգերի ճակատագրեր։

Միասնական, ամբողջական մոտեցում ձեւավորելու բոլոր փորձերն առ այսօր արդյունք չեն տվել։ 20 տարի անց էլ գտնվում ենք մի վիճակում, երբ կարծես ներքին թեթեւացումով ենք ընկալում հերթական անգամ որեւէ վճիռ կայացնելուց խուսափելու փաստը։ Համենայն դեպս ներքին մտահոգություն կա գրեթե բոլորիս մոտ, որ Արցախի խնդրի լուծումը ամենայն հավանականությամբ ոչ թե մեր ազգային երազանքների երջանիկ իրականացումն է լինելու, այլ սկիզբ կարող է հանդիսանալ հյուծող, տառապագին սպասումների ու դիվանագիտական խորամանկումների մի նոր, ծանր շրջանի։ Իսկ կարծիքների ու տեսակետների, շահերի բախման մթնոլորտը երկրի քաղաքական կայունությանը սպառնացող ամենամեծ վտանգը կարող է դառնալ։

Ի՞նչ ունենք այսօր։ Անդրադարձ կատարելով Անկախության շրջանի մեր երեք վարչակարգերի քաղաքականությանը, ցանկացել եւ փորձել ենք ցույց տալ Ղարաբաղի հարցի զարգացման պրոգրեսիվ հաջորդականությունը անկախության 20 տարում, որը, չնայած հակամարտությունների, հակասական լուծումների, իրարամերժ տեսակետների, կտրուկ շրջադարձերի առկայությանը, այնուամենայնիվ, առաջին հերթին փոխլրացումների, փորձի կուտակման եւ պետության հետեւողական զարգացման արտացոլումն է ներկայացնում։

Որո՞նք են ՀՀ երեք նախագահների դիրքորոշումները Արցախի հիմնահարցում

Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչախումբը զինադադարի կնքումից հետո անհետաձգելի անհրաժեշտություն էր համարում Արցախի հարցի միջազգային լուծումը` առաջ քաշելով այն տեսակետը, որ առանց դրա հնարավոր չէ Հանրապետության զարգացումը։

Արդյո՞ք 1994թ. հրադադարի Բիշքեկյան համաձայնագիրը անհրաժեշտ հիմքեր էր ստեղծում իրադարձությունների հետագա հայանպաստ լուծուման համար, արդյո՞ք այնտեղ արտացոլված էին հաղթող կողմի բոլոր առավելությունները. այս հարցերն այն ժամանակ բավարար չափով չքննարկվեցին լայն հանրության կողմից՝ մի քանի պատճառներով։ Նախ, այն օրերին պատերազմի հետեւանքներն ավելի քան շոշափելի էին, եւ ժողովուրդը կարոտ էր որեւէ խաղաղության։ Այնուհետեւ՝ բարձր էր ժողովրդի կողմից անվիճելիորեն ընտրված նախագահի անձնական հեղինակությունը, եւ իշխանության գործունեության նկատմամբ վստահությունը դեռ գերակշռում էր հակադիր տրամադրություններին։ Համենայնդեպս, հաղթող հայկական կողմը չպատճառաբանված ցուցադրեց ըստ էության առանց նախապայմանների հաշտության իսկական նմուշ։ Կարելի է ենթադրել, որ պատճառն այն էր, թե հաղթական պատերազմի հետագա ծավալումը կփոխեր հակամարտության բնույթը՝ Արցախի ազատագրական պայքարը վերածելով հայ-ադրբեջանական նվաճողական պատերազմի, ինչպես, առ այսօր, խեղաթյուրելով ցանկանում է ներկայացնել պաշտոնական Բաքուն։

Պատերազմի դադարից 3 տարի անց նախագահ Տեր-Պետրոսյանը, շատերի համար անսպասելի, չնախապատրաստված, հանրային քննարկման դրեց ԼՂՀ շրջակա ազատագրված տարածքների հետհանձնման խնդիրը` փորձելով առաջ տանել հակամարտության փոխզիջումային լուծման քաղաքական գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սկզբնապես մշակվող փաթեթային տարբերակի փոխարեն նոր՝ փուլային տարբերակով։ Այն ենթադրում էր հայկական զորքերի դուրսբերում Արցախի շրջակա անվտանգության գոտուց, իսկ ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգում անորոշ ժամանակով։ Այսպիսով, «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» ի սկզբանե ծրագրված եւ փափագած լուծման բանաձեւը փոխարինվում էր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակով` ծանր կասկածներ ծնելով ազատագրական շարժման հիմքում կանգնած գործիչների եւ հասարակության մեջ։ Հարցն այն էր, որ փուլային տարբերակի դեպքում հավատալով խոստումներին, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահի, կողմերից մեկը կարող էր խաբված վիճակում հայտնվել։ Իսկ հայերը պատմական հարուստ փորձ ունեն՝ խաբվելուց վախենալու համար։

Կարելի է ընդունելի համարել տեսակետը, որ այն ժամանակ նման լուծումը հասունացած չէր ո՛չ ժողովրդի, ո՛չ իշխանական վերնախավի համար, ուստի հանգեցրեց առաջին նախագահի հրաժարականին։ Անշուշտ, իրականությունն ավելի բարդ էր եւ ուներ նաեւ ներքաղաքական, նույնիսկ ներիշխանական խոր արմատներ, բայց դա արդեն դուրս է Արցախյան խնդրի բուն շրջանակներից։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախյան հակամարտության մեջ կողմնակիցն էր առավել մեղմ, փոխզիջումային, «թավշյա» ճանապարհի։ Ճիշտ է, նրա ժամանակ արձանագրվեցին Արցախյան հակամարտության հիմնական ձեռքբերումները, այդ թվում՝ ռազմի դաշտում, սակայն նրա բառապաշարում ամենահաճախ կրկնվող «փոխզիջում» հասկացությունը իրականում առավել զիջման տարրեր էր պարունակում, որի անհրաժեշտությունը նա տեսնում էր հայ ժողովրդի ապահովության համատեքստում։ ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս նա ավելի շատ օգտագործում էր «ԼՂ հարցի արդարացի լուծում», «ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովում», լավագույն դեպքում՝ «ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունք», քան թե՝ «ԼՂ անկախ կարգավիճակ» ձեւակերպումները: Ղարաբաղի ղեկավարներին խորհուրդ էր տալիս ավելի ճկուն լինել Բաքվի նկատմամբ վերաբերմունքում՝ խուսափել սաբոտաժներից։ Տպավորությունն այն էր, որ Տեր-Պետրոսյանի նշած ինքնորոշումը բուն անկախության հետ որեւէ աղերս չուներ։ Վկայություններ կան, որ նա դեռ 90-ականների սկզբին ձեռնպահ մնաց Ղարաբաղի անկախության հռչակման ճանաչումից (Տես` Ժ. Լիպարիտյան, էջ 43)։ Նաեւ նրա կողմից պնդումների ենք հանդիպում, որ իրատեսական չէ Ղարաբաղի միայն եւ միայն անկախության պահանջը կամ միացումը Հայաստանին (Տես՝ Լ.Տեր-Պետրոսյան, Ընտրանի, էջ 617)։

Սակայն իր իշխանության վերջին շրջանում նա ընկալել էր, որ իրականում 2 ժողովուրդները եւ նրանց քաղաքական էլիտան պատրաստ չեն կոնստրուկտիվ երկխոսության։ Վստահաբար, այդ պատճառով նա նախընտրեց հակամարտության լուծման դանդաղ՝ փուլային տարբերակը։ Այդ տարիներին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից մշակվել եւ բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք հետագայում ընկան իր հաջորդների գործունեության հիմքում, այդ թվում՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների տնտեսական, մշակութային հարաբերությունների ստեղծման անհրաժեշտությունը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հաստատումը չպայմանավորելը Ղարաբաղի խնդրով, եւ այլն։

Այս խոշոր պետական գործչին հատուկ էր առաջնորդվելը որոշակի դոկտրիններով։ Պատմության մեջ դոկտրիններ են եղել, որ փրկել են Եվրոպան եւ աշխարհը, սակայն նաեւ երբեմն նրանք խզում են անմիջական կապը իրականության հետ։ Այսպես, Առաջին նախագահը գտնում էր, որ բացառված է` միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Ղարաբաղի ստատուս-քվոն պահպանվի տասնամյակներով։ Ամենաշատը կարելի է ձգել կես տարի, մեկ տարի։ Արցախի, նույնիսկ Կիպրոսի խնդիրների լուծումը նա պատկերացնում էր շատ ավելի արագ, քան իրականությունն է։ Արցախի հարցի անհապաղ լուծման անհրաժեշտությունը փաստելով, նա մշակել էր տեսություն, որ հակամարտության չկարգավորման դեպքում 1-2 տարուց Հայաստանն ու Ղարաբաղը անհամեմատ թուլանալու են տնտեսապես։ 1996-ի չստացված վարչապետափոխության հետեւանքով 97-ի սկզբի մակրոտնտեսական ցուցանիշների անկումը բացատրում էր երկրի ֆիզիկական լիմիտների սպառմամբ, համարելով, որ հասել ենք տնտեսական զարգացման սահմանին։

1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը մենակ մնաց՝ նոյեմբերին հանրության քննությանը ներկայացված իր պատմական հոդվածով։ Նրա համախոհները չկարողացան անհրաժեշտ գաղափարախոսական մթնոլորտ ստեղծել՝ նաեւ հեղինակազրկվածության պատճառով։ Ժողովուրդը, որ նախընտրում է հայրենասիրական կոչերը, նույնպես անմասն մնաց այս քաղաքական իրադարձություններից, իսկ միջազգային ուժերը, որոնց մշակած տարբերակն էր ներկայացնում Հայաստանի Առաջին նախագահը, ցուցաբերեցին բացարձակ անտարբերություն (ինչը չէինք ասի այսօրվա մասին)։

Անկախության երկրորդ տասնամյակում՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ Արցախյան հակամարտության լուծման գործընթացն արագորեն վերաճեց, այսպես կոչված, «սառեցման» քաղաքականության։ Այս ճանապարհով իշխանությունը 10 տարի պահպանեց ձեւավորված «ստատուս-քվոն», զուգահեռաբար հաջողելով տնտեսությունը բարձրացնել առայժմ դեռ չգերազանցված մակարդակի։

Ալիեւ-Քոչարյան հանդիպումները, որ թվում էր՝ ուշագրավ քաղաքական փոփոխություն պիտի մտցնեին Արցախյան հարցի լուծման ճանապարհին, արագորեն ստացան անարդյունավետ, ձեւական բնույթ։ Սակայն առավել անցանկալի հետեւանքը Արցախի իշխանությունների դուրս մնալն էր բանակցությունների գործընթացից, որն ամբողջովին փոխեց հակամարտության ֆորմատը։ «Սեպարատ» այս բանակցությունների անհրաժեշտությունը Քոչարյանը բացատրում էր նրանով, որ չէր կարելի Ղարաբաղին մենակ թողնել այդ դաժան պայքարում։ Ինչ վերաբերում է սառեցման քաղաքականությանը, պետք է նկատի ունենալ, որ այն այսօր լայնորեն կիրառվող սկզբունք է տարբեր հակամարտությունների դեպքում։

Անկախացման գործընթացներն աշխարհում հատուկ զարգացում ստացան երկու համաշխարհային պատերազմներից հետո, ինչի արդյունքն է նաեւ միջազգային համակեցության Հելսինկյան սկզբունքներում ինքնորոշման դրույթի ամրագրումը՝ որպես մարդկության հիմնական իրավունք։ Այսօր աշխարհը կանգնած է խաղաղ ժամանակաշրջանում ինքնորոշման նոր, հասունացած խնդիրների առջեւ։ Առաջադեմ ժողովրդավարության կողմնորոշումներում առաջնայինը մարդն է՝ իր կամքով եւ պահանջներով։ Սակայն այն տեղերում, որտեղ դա դեռեւս հնարավոր չէ իրականացնել, հիմնականում մարտնչող հետամնացության, միջնադարյան ծավալապաշտության եւ ուրիշներին տիրելու ֆեոդալական ձգտումների դեռեւս ուժեղ դիմադրության պատճառով, կիրառվում է հենց հակամարտության սառեցման սկզբունքը, որը կարող է ձգվել երկար, մինչեւ լուսավոր սկզբունքների հաղթանակը։

Կոնկրետ Արցախյան հակամարտության սառեցման պարագայում թե՛ Հայաստանը, թե՛ Արցախի ժողովուրդը կարողացան համակերպվել բոլոր դժվարությունների հետ՝ հանուն իրենց մարդկային եւ ազգային արժանապատվության, ինքնության եւ հայրենիքի պահպանման։ Հակառակը, տարիների հետ սկսեց դրսեւորվել Կրտսեր Ալիեւի ջղագրգռությունը, ինչն արտահայտվում է պատերազմի բաց սպառնալիքների, միջազգային ատյաններում աղմկարարության ուժեղացման եւ այլ դրսեւորումներով։

Սառեցման քաղաքականության հետագա շարունակմանը խանգարող հանգամանքների մասին կխոսենք ավելի ուշ։ Նշենք միայն, որ չի կարելի եզրակացնել, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը բեւեռացված կերպով գնում էր միայն հարցի ձգձգման ճանապարհով։ Լուծման համառ եւ բազմակողմանի փնտրումները միշտ առկա են եղել։ Ի վերջո, այսօրվա մոտեցումները (մասնավորապես՝ Մադրիդյան գործընթացը) նույնպես սկսել են ձեւակերպվել այդ ժամանակներում (առնվազն՝ 2007-ից)։ Նրանց մեջ մտցվեց ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեի հարցը, որը չկար 97-ին։ Քոչարյանական եւ Տեր-Պետրոսյանական ժամանակների լուծումների միջեւ առկա են երեք հիմնական տարբերություններ. մեկ առավելություն՝ հանրաքվե եւ երկու թերություն՝ ադրբեջանցի. փախստականների վերադարձ Ղարաբաղ եւ 5-ի փոխարեն վերադարձվելու ենթակա 7 շրջանների պահանջ։

Քոչարյանի նախագահության շրջանում ծրագրային կերպով ուժեղացվեց Ռուսաստանի ներկայությունը հանրապետությունում եւ այդպիսով, կարելի էր սպասել նաեւ՝ նրա ազդեցությունը ԼՂ հակամարտության լուծման վրա։

Ռոբերտ Քոչարյանը շատ հարցերում շարունակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գիծը, այդ թվում՝ Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես չճանաչելը։ Նրա բերած քաղաքական նորությունը Հայ Դատի եւ Ցեղասպանության հարցերի բարձրացումն էր ՄԱԿ-ի ամբիոնից, ուժեղացնելով ճնշումը հարեւան Թուրքիայի վրա։ Առաջին վարչակարգի օրոք, երբ Հայաստանն առավել փափուկ դիրքորոշում էր ցուցաբերում իր երբեմնի ոխերիմ հարեւանի նկատմամբ, այս երկիրը երբեք չմտածեց զիջումների գնալ։ Քոչարյանը Ցեղասպանության ընդունման պահանջը դարձրեց գործող պետական քաղաքականություն, սակայն դա չվատթարացրեց Թուրքիայի եւ միջազգային հանրության տրամադրվածությունը ՀՀ-ի նկատմամբ, ինչպես կանխագուշակում էր Տեր-Պետրոսյանը։

Ընդհակառակը, վերաբերմունքի կոշտացումն այս երկրի ղեկավարող շրջանակներում որոշակի անհանգստությունների ծագման ու զարգացման հիմք դարձավ, ինչն ի վերջո հանգեցրեց նրանց կողմից հաշտեցման եզրեր փնտրելու ընդառաջ քայլերի։

Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիների հարցում Քոչարյանը, փաստորեն, նույնպես ընթացավ փուլ առ փուլ տարբերակով, նրա ժամանակ ձեւավորված մադրիդյան մոտեցումները նույնպես այդ ուղեգծի զարգացումն էին հանդիսանում։ Փուլ առ փուլ կոչվածը հաջորդ վարչակարգի օրոք մանրամասնացավ «շրջանակային» հասկացությամբ եւ ճանապարհային քարտեզով։

Համենայնդեպս մի հարցում Քոչարյանը կարողացավ ամբողջովին հերքել Տեր-Պետրոսյանի դոկտրինը, այն է՝ թե Հայաստանը, առանց Ղարաբաղի հարցի լուծման, զարգացում ունենալ չի կարող։ Նրա նախագահության 10 տարում մոտ տասն անգամ ավելացան երկրի բյուջեն, ՀՆԱ-ն եւ եկամուտները։ Դեռեւս 97-ին, ՀՀ վարչապետության շրջանում, նա գտնում էր, որ շրջափակումները այդքան չեն ազդում ՀՀ տնտեսական զարգացման վրա, ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից եւ ուժերի համախմբումից։ Քոչարյանը պնդում էր, որ ՀՀ բյուջեն կարելի է 2-3 անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ եւ խստացնելով հարկերի հավաքման պրոցեսը։ Քոչարյանը սա գերակատարեց։ Տեր-Պետրոսյանը 1997-ին համոզված էր, որ «…աշխատավարձերը, թոշակները, նպաստները մնալու են նույն խղճուկ մակարդակին՝ ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին»։ ՈՒղղակի արձանագրում էր, որ «բյուջետային աշխատողների աշխատավարձն այսօր կազմում է 20 դոլար։ Չորս-հինգ տարի հետո կունենանք առավելագույնը 40-50 դոլար»։ Չէր հավատում նաեւ սփյուռքից հարյուրավոր միլիոն դոլարների օգնությանը։ Քոչարյանի նախագահության առաջին իսկ տարիներին ստեղծված Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամն իր ծավալներով տասնյակ անգամներ գերազանցեց մինչ այդ աննախադեպ համարվող Համահայկական հիմնադրամի կարողությունները, ոտքի կանգնեցնելով ճանապարհային, քաղաքաշինական, մշակութային շինարարությունը, աղետի գոտու վերականգնման աշխատանքները եւ այլն։ Աշխատավարձերն ավելացան տասնապատիկ։

Այնուամենայնիվ, Հանրապետության երրորդ վարչակարգը, որին, թերեւս, ամենայն հավանականությամբ, վիճակված է այս հարցի վերջնական լուծումը, ժառանգեց մի իրավիճակ, որն իր խնդրահարույց բնույթով չէր զիջում նախորդ շրջաններին, ընդհակառակը՝ ավելի խճճված պատկեր էր ներկայացնում՝ բազմաթիվ օրախնդիր առաջնահերթություններով։

Այսօր վիճարկելի է նույնիսկ այն, թե երրորդ վարչակարգի լիդեր Սերժ Սարգսյանը ժառանգեց Արցախի հիմնահարցը 90-ականների երկրորդ կեսի վիճակի համեմատ առաջխաղացումո՞վ, թե՞ ավելի բարդ պայմաններում։

Վերը նշել ենք այսօր օրակարգում գտնվող Մադրիդյան սկզբունքների հիմնական տարբերությունները 97-ից։ Գլխավոր առավելությունը՝ հանրաքվեի մասին կետը, որ բացակայում էր 97-ին, կարող է շատ ավելի էական լինել Արցախի ինքնորոշման խնդրում, քան թվարկվող բոլոր թերությունները միասին վերցված։ Հանրաքվեի դրույթի ընդգրկումն, ըստ էության, նշանակում է՝ Ղարաբաղը տալ նրա հիմնական (տիտղոսային) ժողովրդին։ Բոլոր զիջումներն այս նպատակով են։

Սակայն իրավիճակն այնպիսին է, որ միայն սկզբունքների ընտրությունը դեռ շատ քիչ է՝ հարցի զարգացումը եւ լուծումների բնույթը պայմանավորելու համար։ Ամենադիպուկ ձեւակերպումը տվեց Խոսրով Հարությունյանը, հիշեցնելով հին ճշմարտությունը՝ Սատանան մանրամասների մեջ է։ Ամեն ինչ որոշելու է քաղաքական մանրակրկիտ, տանջալից գործընթացը, որ պիտի վարի մեր դիվանագիտությունը։ Այստեղ էական են եւ՛ իշխանության քանակի, եւ՛ ժողովրդի առջեւ անկեղծության չափի, եւ՛ քաղաքական թիմի ինտելեկտուալ կարողությունների, եւ՛ միջազգային շահերի բաժանման, եւ բազմաթիվ այլ հարցեր։

Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի վարչակարգի ակտիվ գործողությունները նշանավորեցին վերադարձը սառեցման քաղաքականությունից՝ խնդրի միջազգային ակտիվ լուծման քաղաքականություն, սկսվեց նոր, այսպես կոչված՝ նախաձեռնողական դիվանագիտության շրջանը։ Ընդ որում, սխալվելու հնարավորություններն այսօր շատ նվազել են՝ քսանամյա փորձի եւ մոտեցումների զգալի կարծրացման շնորհիվ։ Խորացել է հայ-ադրբեջանական ատելությունը՝ հիմնականում Ալիեւ Կրտսերի քարոզչության պատճառով։ Արմատական հայտարարություններ անելով՝ Ադրբեջանի նախագահը մեծ վնաս է տալիս կարգավորման գործընթացին՝ իր ժողովրդին տրամադրելով ծայրահեղությունների։ Դա պիտի հասկանան միջնորդները։ «Զոռով» լուծելու սկզբունքը Ադրբեջանի մոտ մնացել է միջնադարից։ Լենկթեմուրի ժամանակները չեն, որ թուրքերը ուժի լեզվով խոսեն. Արեւմուտքը սա պետք է հասկացնի Ադրբեջանի ղեկավարությանը, եթե վերջնականորեն չի փտել։ Պետք է ուղղակի անձնավորումով հայտարարվի, որ հարձակման դեպքում Ալիեւը ՀՀ-ի կողմից ռազմական հանցագործ կհռչակվի, իսկ երկրորդ պարտությունը կրելով՝ նոր զինադադարի պայմաններից մեկը նրան Հաագայի դատարանին հանձնելն է լինելու։ Ի վերջո, պետք է հիշեցվեն պատմության մեջ պատերազմի հրձիգների եւ նրանց առաջնորդների ճակատագրերը։

Այս իմաստով դրությունն ավելի բարդ է նույնիսկ 90-ականների հրադադարից հետո կայացած իրավիճակի համեմատ։ Եթե 90-ականներին մտածում էին, որ Ադրբեջանով կարող են երթեւեկել մեր մեքենաները, եւ միասնական շուկա ձեւավորվի, հաջորդող տարիների ընթացքում դա երկարատեւ հեռանկարում անհնար դարձավ։ Թե՛ ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերի մեծամասնությունը հասցրել են մոռանալ պատերազմի արհավիրքները եւ ավելի անկոտրում դիրքերի վրա կանգնել, ինչին պետք է հարմարվի երկրի քաղաքականությունը։ Եթե ժամանակին Առաջին նախագահը կարող էր ազատորեն ակնարկել, թե լրիվ անկախության տարբերակը անհնարին է, այսօր նույնիսկ միայն հիշատակումը, թե Աղդամը Հայաստան չէ՝ ի վիճակի է բուռն կրքեր հարուցելու։ Հասարակության կողմից անընդունելի է դարձել զիջումներ կատարելու ցանկացած հիշեցում։

Սակայն Մադրիդյան գործընթացը, որքան էլ նրա առանձին դրույթները գաղտնի պահվեն, արդեն որոշակի սահմանափակումներ է դրել կողմերի ցանկություններին։ Եվ առաջիկայում սպառնացող լուծումներից քիչ թե շատ հնարավոր կարելի է համարել երկուսը՝ Անվտանգության գոտու վերադարձը, որ ժառանգություն է մնացել Տեր-Պետրոսյանից, եւ, ի թիվս միջանկյալ տարածքների, ադրբեջանական բնակչության տեղաբաշխումը նաեւ Ղարաբաղի իրենց նախկին բնակության վայրերում (սա էլ Քոչարյանի ժամանակներից)։ Սրանցից առնվազն երկրորդը պետք է մերժվի բոլոր դեպքերում։ Իրականությունն այն է, որ Երկհամայնք Արցախի դեպքում պետք է այս երկրամասը անկախ լինի, այլ դեպքում անկասկած Բաքուն առավելություններ է ստեղծելու ադրբեջանական համայնքի համար՝ ի վերջո հասնելով հայկական տարրի ամբողջովին դուրսմղմանը պատմական հայրենիքից։ Այս կտրվածքով պատահական չէր լոնդոնյան իր վերջին ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Նախիջեւանի հայաթափման ֆենոմենի մտցնելը քաղաքական շրջանառության մեջ։

Սերժ Սարգսյանին այսօր պետք է ուժեղ իշխանություն՝ որպեսզի երկու ժողովուրդների պայքարում կարողանա հակակշռել Ալիեւի միահեծան, գրեթե տոտալիտար իշխանությանը իր երկրում։ Այս իմաստով գնահատելի են մեր քաղաքական ուժերի կողմից դրսեւորվող մոտեցումները։ Այն է՝ անհամաձայնությունները կիրառվում են «երկրորդականում», եւ սատարում գլխավորի՝ ազգամիջյան հակամարտությունների հարցում։ Զգացվում է, որ 20 տարի անց մեզ մոտ պետական մտածելակերպը, այնուամենայնիվ, կայանում է։

Սահմանադրական դատարանի որոշման մանրամասները Հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ եւս վկայություն են, որ մեզ մոտ սկսել է գործել պետական միասնության սկզբունքը ճակատագրական իրադրություններում։

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում այսօր Հայաստանի երրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի քաղաքական կարեւոր ձեռքբերումն է, որ սահմանազատելով թուրք-հայկական հարաբերությունները ԼՂ հակամարտության խնդիրներից, կարողացավ նաեւ, օգտագործելով միջազգային հանրության ճնշումը եւ ժամանակակից քաղաքակրթության պահանջները, որոշակի հակասություն, առնվազն՝ բանավեճ, անհամաձայնություն մտցնել թուրք-ադրբեջանական մոնոլիտի մեջ, հասկացնել, որ Ադրբեջանը խանգարում է Թուրքիային քաղաքակիրթ երկրների համագործակցության մեջ մտնելու։ Սա հայկական ռազմավարական շահերից բխող խնդիր է եւ մեր տարածաշրջանային քաղաքական դերի աճի վկայություն։

Ադրբեջանը վախենում է, որ Թուրքիայի հետ սահմանների բացումից հետո կարող է սկսվել նոր սառեցման մի շրջան ղարաբաղյան ճակատում։ Ասենք միայն, որ եթե այդպես լինի՝ առաջին մեղավորը Ադրբեջանի նախագահի խիստ կոշտ դիրքորոշումն է։ Ելնելով իրադարձությունների զարգացման ընթացքից, կարելի է դիտարկել, որ Սերժ Սարգսյանը տրամադիր է այստեղ չափավոր առաջընթացի։ Մեր կարծիքով՝ դա բուֆերային գոտու շրջանների վերադարձն է՝ ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու միջազգային պայմանավորվածության, որեւէ պատերազմի բացառման եւ անվտանգության իրական, վստահելի երաշխիքների ձեռքբերման դիմաց։ Սա մեր երեք վարչախմբերի վաղուց երազած՝ տարածքներ՝ կարգավորման դիմաց բանաձեւի ձեւափոխված, «մադրիդյան» տարբերակն է, որն ակտուալ է այսօր։ Պետությունների եւ տարածքների պատմության մեջ դեպքեր կան, երբ կարգավիճակի հարցերը հետաձգվել են նույնիսկ 100 տարով։ Ղարաբաղի խնդրին այսօր խանգարում է ոչ թե այդ կոնֆլիկտի բնույթը, որն ավելի արդարացի եւ իրավական է, քան մյուս չճանաչված պետությունների պարագայում, այլ հենց անբնակ թողնված անվտանգության «բուֆերային» ընդարձակ գոտու բնակչության հարցը, որը շարունակ աղմկում է եւ բոլոր ատյաններում պահանջում վերադարձնել իրենց ազատ, բայց արգելափակված բնակության տարածքներ։ Այսպիսի իրադրություն չկա կոնֆլիկտի որեւէ մեկ այլ գոտում։ Կասկածից վեր է, որ եթե ընդարձակ անբնակ գոտու այս խնդիրը չլիներ, միջազգային հանրությունը եւ իրավապաշտպան կազմակերպությունները շատ ավելի հանգիստ կնայեին Ղարաբաղի ինքնորոշմանը, քան այսօր է Կիպրոսում, Մոլդովայում եւ մյուս չճանաչված հանրապետություններում։ Այս զիջումներով կոնֆլիկտի հետագա «սառեցման» ճանապարհը ձեռքբերում կարելի է համարել, քանի որ տասնամյակներ անց Բաքվի նվազած ածխաջրածնային պաշարներն այլեւս չեն կարողանա այսօրվա քաղաքական դերը խաղալ՝ խնդրի խտրական լուծումն ապահովելու գործում։

Բոլոր զիջումներից ավելի վտանգավոր է Շուշիի գաղթականների վերադարձի պահանջը, որոնց, հատուկ քաղաքական նպատակներով, Ադրբեջանը չի ցանկանում տեղավորել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շահումյանի հայաթափված շատ ավելի ծավալուն տարածքներում։ Այսքան պատմություններից հետո Երկհամայնք Ղարաբաղի կազմավորում հնարավոր է միայն անկախության պայմանով, մյուս բոլոր դեպքերում դա հրահրվող քաղաքացիական անվերջ բախումների աղբյուր է դառնալու եւ Բաքվի ուժային միջամտության ապահովող մշտական գործոն։ Բարեբախտաբար, պատմության մեջ արձանագրված են նման իրավիճակների քաղաքակիրթ լուծման բազմաթիվ դեպքեր։ Օգտակար կլիներ ուսումնասիրել, օրինակ, 2-րդ համաշխարհայինի արդյունքում սահմանների հաստատումից հետո բնակչության փոխանակման որոշման փաստաթղթերը Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ, որի շնորհիվ մեկընդմիշտ լուծվեց այդ պետությունների տարածքներում էթնիկ կոմպակտ փոքրամասնությունների գոյացման հարցը։

Ահա այսպիսի բարդ ու հակասական խնդիրներ է ժառանգել այսօր Հայաստանի երրորդ վարչակարգը ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհին։ Շատ տեղերում հենց նախագահ Սերժ Սարգսյանի հիմնարար նախաձեռնությունների արդյունքում այսօր միջազգային հանրությունը տրամադրվածության նոր նշաններ է ցուցաբերում՝ ընդառաջ գնալու հայկական արդար դատին։

Համեմատենք Երկրի ղեկավարների միջազգային 3 ելույթների տեքստերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանինը` ԵԱՀԿ գագաթաժողովում, Ռոբերտ Քոչարյանինը՝ ՄԱԿ-ի վեհաժողովում, եւ Սերժ Սարգսյանինը՝ Լոնդոնում (Չեթըմ Հաուս)։ Եթե Լ. Տեր-Պետրոսյանի մոտ շեշտադրված էր պատրաստակամությունը փոխզիջումներին, Ռ. Քոչարյանի բերած նորությունը` Հայ դատի, Հայոց ցեղասպանության փաստի շեշտումը եւ հայկական կողմի վճռականության արտացոլումն էր, ապա Ս. Սարգսյանն առավել լրիվ եւ արտահայտիչ, ամբողջական ներկայացրեց իրադրությունը, հայկական կողմի պահանջներն ու իրավունքները, նա տրամաբանական մակարդակի բերեց արդարացիության ու արդարամտության հարցը խնդրի լուծման գործընթացում։ Դժվար չէ նկատել, որ առաջին դեմքերի մակարդակով միջազգային բարձր լսարանի առջեւ ելույթներից, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ելույթն ամենաընդգրկունն է, ներառելով նաեւ կուտակված ողջ նախկին փորձը։ Անգլիայում Նախագահ Ս. Սարգսյանն ապացուցեց, որ անկեղծ, անկաշկանդ, առանց նախապաշարումների զրույցը միջազգային հանրության հետ առանց կոմպլեքսների եւ արգելակման կեղծ մեխանիզմների՝ ամենաազդեցիկն է մի կողմի համար, որի գործն արդար է։ Եվ դա լավագույն դիվանագիտությունն է։

Սերժ Սարգսյանն այն քաղաքական ուղու ներկայացուցիչն է, որտեղ գիտակցվում է, որ խխունջի քաղաքականության ժամանակը սպառվել է։ Հետագա «մանեւրների» դեպքում Հայաստանի միջազգային հեղինակությունը անկումից պաշտպանել արդեն հնարավոր չէր լինի, իսկ ՀՀ նախագահի հետ միջազգային հարաբերությունների ջերմացումը եւ ինտենսիվացումը նշանակում է ոչ միայն նրա, այլեւ, իհարկե, Հայաստանի հեղինակության եւ ազդեցության բարձրացում առաջին հերթին։ ՈՒ նաեւ՝ խոշոր պատասխանատվություն ու սպասումներ նրանից։

Հավասարակշռվածությունը ՀՀ երրորդ նախագահի այսօրվա ձեռագրի ամենահարմար բնորոշումն է։ Այսպես, ձեռնարկելով հայ-թուրքական հարաբերությունների մինչեւ օրս տեղաշարժ չունեցած խնդրի լուծումը, ՀՀ նախագահին հաջողվում է հետեւողականությամբ պաշտպանել հայկական շահերը թե՛ Արցախի, թե՛ պետականության զարգացման առումներով։ Թվում է, դրանք անհամատեղելի պետք է լինեին, սակայն նույնիսկ Ցեղասպանության ընդունման հարցի սկզբում որոշ արգելակումից հետո, նախագահի կողմից դա ոչ մի կերպ օրակարգից չհանելու եւ անձնական վերաբերմունքի շնորհիվ դարձյալ մեծ սպասելիքներ է դրսեւորում։ Ցեղասպանության միջազգային ընդունումը նպաստում է Ղարաբաղի հարցին, հիշենք՝ Կոսովոն մասնավորապես անկախացավ ցեղասպանությունից խուսափելու գլխավոր հանգամանքի հիման վրա։

Ուշագրավ է նաեւ, թե ինչպիսի հաշվարկված հմտությամբ է Հայաստանն այսօր մանեւրում արեւմտյան եւ ռուսական շահերի տարածաշրջանային բարդ հանգույցում։ Սա՝ ընդամենը երկու տարում։

ԱՐՑԱԽԸ Մեր պետականության գլխավոր մարտահրավերն է եղել երեք վարչակարգերի ժամանակ։ Առաջինի օրոք կարողացանք հաղթել, երկրորդը կարողացավ չզիջել, երրորդը պետք է փորձի լուծում տալ հակամարտությանը եւ նախանձելի վճռականությամբ ձեռնամուխ է եղել այդ գործին։ Ինչպիսի՞ն կլինի այդ լուծումը՝ սա է խնդիրը։ Կոնկրետ սպասելիքների մասին, թերեւս, առանձին անդրադարձ պատրաստենք։ Իսկ մեր ազգը լավ ճանաչողները վաղուց արդեն նշել են` հայի վերջին խելքն է գովելի։ Հիմա ճիշտ ժամանակն է այդ մասին մտածելու, եւ այդ «վերջին խելքը», կանվանվի այն «Ֆուտբոլային», «Շախմատային» դիվանագիտության ձեւով, թե այլ փոխաբերությամբ, բաժին է ընկել բանեցնելու այսօր` երրորդ նախագահին։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ