Չգիտեմ՝ ինչը, բայց աճ է ապրում

25/02/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հարմարավետ բազկաթոռին թիկնած պաշտոնական տեղեկատվություն կարդալն առանձնահատուկ հաճույք է: «Կարելի է ասել, որ Հայաստանում ճգնաժամն անկում է ապրել, եւ աճ է արձանագրվում»,- առարկություն չընդունող տոնով օրերս հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Երեւի իրավունք ունի, բայց ափսոս չի ճշգրտել, թե կոնկրետ ինչն է աճ արձանագրում: Մեր չինովնիկներին սովորաբար պաշտոնական տնտեսական վիճակագրությունն է ոգեշնչում իրականությունից այնքան կտրված մտքեր արտահայտելու գործում: Բայց 2009թ. պաշտոնական վիճակագրությունը հիմնական ցուցանիշներով էապես տարբերվում է նախորդներից: Համաշխարհային ճգնաժամի ֆոնին հնարավոր չեղավ հովվերգական պատկեր ստեղծել: Վիճակագրության ազգային ծառայությունն արդեն հրապարակել է 2009թ. «Պարենային ապահովություն եւ աղքատություն» վերնագրով հաշվետվությունը: Տնտեսությունը բնութագրող հիմնական ցուցանիշների մեծ մասն անողոք են: 2008-ին երկրի արտաքին պարտքը կազմում էր 1 մլրդ 177 մլն դոլար: 2009-ին այն անողոք աճեց` կազմելով 2 մլրդ 9676 մլն դոլարից ավելի: Մեկ տարվա ընթացքում արտաքին պարտքի ծավալը ՀՆԱ-ի 13,2 տոկոսի փոխարեն դարձավ 34 տոկոս: Արտաքին պարտքի աճը տնտեսական դրական հետեւանքներ չձեւավորեց: Պաշտոնապես ընդունվում է, որ ճգնաժամի ընթացքում գործազրկությունը 0,6 տոկոսով աճել է: Նախորդ տարվա համեմատ՝ 2009-ին արտահանումը կրճատվել է մոտ 40 տոկոսով: Ներմուծումը` մեկ քառորդի չափով: «Պարենային ապահովություն եւ աղքատություն» հաշվետվության մեջ բազմաթիվ տհաճ փաստեր են արձանագրված: Փոքրիկ տնտեսական ողբերգություններ: Այս կամ այն ոլորտի մասին: Դրանց համադրմամբ իսկապես անհասկանալի է՝ «Հայաստանում աճ է արձանագրվում» նախարարական լավատեսությունը: Օրինակ` մեր արտահանման հիմնական ուղղություններից մեկը` կոնյակի արտահանումը, անցած տարի կրճատվել է: 40 տոկոսանոց այս անկումը Ն. Երիցյանը հավանաբար չի նկատել: Փոխարենը՝ երեւի տեսել է, որ գինու արտահանումն աճել է 7 տոկոսով: Բայց դրանք տնտեսական կամ զուտ ֆինանսական տեսանկյունից համատեղելի չեն: Գինու արտահանման փոքրիկ աճը, ցավոք, այնչափ գինովնալու հնարավորություն չի տալիս, որ չնկատվեն մյուս ցուցանիշները:

Հանքային ջրերի արտահանման թվերը սթափեցնող են: Այս ապրանքատեսակի գծով արտահանումը կրճատվել է 50 տոկոսով: Այս փաստը տնտեսական վերլուծության ենթակա չէ: Համաշխարհային ճգնաժամը հանքային ջրերի մեր շուկային չէր կարող հասցնել այն հարվածն, ինչ կատարվեց «Բջնի» գործարանի հետ: Ներքաղաքական խաղերի արդյունքում արտաքին (ու ոչ միայն արտաքին) շուկայից դուրս մղվեց հայրենական հայտնի մի ապրանքանիշ: «Պարենային ապահովություն եւ աղքատություն» հաշվետվության մեջ հաշվառվում է 14 անուն պարենային ապրանք: Դրանցից 6-ի գծով ներքին արտադրողը բավարարում է պահանջարկը համարյա ամբողջությամբ` բանջարեղեն, ձու, կաթ, միրգ, խաղող, ոչխարի միս:

Մնացած հիմնական սննդամթերքները` ալյուր, շաքար, միս-մսամթերք եւ այլն, հիմնականում ներմուծվում են: 2009-ին դրանք ներմուծվել են տարօրինակ տրամաբանությամբ: Անցած տարի Հայաստանում սով չի արձանագրվել: Փոխարենն արձանագրվել է բնակչության աճ: Բայց այդ՝ աճող բնակչությունը նախորդ տարիների համեմատ ավելի քիչ քանակի սննդամթերք է օգտագործել: Պարենի ներմուծումը կրճատվել է մոտ 20 տոկոսով: Տնտեսական այս պարադոքսը հասկանալի կդառնա, եթե պնդենք, որ վիճակագրական տվյալները արժանահավատ չեն: Դրա լավագույն ապացույցը շաքարի ներմուծման տվյալների ուսումնասիրությունն է: Ոչ ոք, բացի պաշտոնական վիճակագրությունից, չի հավատա, որ շաքարի սպառումը կկրճատվի մոտ 45 տոկոսով մեկ տարում: Սով չարձանագրած տարում: 2008-ին ներմուծվել է 102 հազար 263 տոննա շաքար, 2009-ին` ընդամենը 64 հազար 824 տոննա: Տնտեսական առումով անբացատրելի այս փաստը հասկանալի կդառնա, եթե հիշեք, որ շաքարի ներմուծումը մենաշնորհ է: Առհասարակ օլիգարխիկ տնտեսությունը դասական տնտեսագիտության կանոններին ու բացատրություններին դժվար է ենթարկվում: Այսպիսի տնտեսության ցուցանիշներից գլուխ հանելու համար սովորաբար այլ բնույթի գիտելիքներ են պետք: Շատ ավելի կարեւոր է իմանալ, թե որ ոլորտը` ում է պատկանում, եւ տվյալ պահին այդ օլիգարխն ինչ հարաբերություններ ունի տվյալ երկրի գործող իշխանությունների հետ: Միայն այս բնույթի տեղեկատվության արդյունքում հնարավոր կլինի պարզել տնտեսության կոնկրետ ոլորտում հարկային ու ստվերային ծավալների համամասնությունը: Հետեւաբար՝ չի կարելի միանշանակ պնդում կատարել պաշտոնական վիճակագրության արժանահավատության մասին: Այդ տվյալները հիմնականում նրա համար են, որ մեր պաշտոնյաները խոսեն տնտեսական աճի մասին: