Երեկ բավական հանգիստ ու սիրալիր մթնոլորտում ԱԺ-ն 92 կողմ ձայնով
առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը,
սակայն երկրորդ ընթերցումը, մեղմ ասած, հարուստ էր փոխադարձ
վիրավորանքներով, ինչը պատգամավոր Համլետ Հարությունյանը որակեց`
քաղաքական «ռազբորկա»:
Բացի միմյանց վիրավորանքներ հասցեագրելուց, բազմաթիվ անգամներ, որպես
սահմանադրական փոփոխությունների, երկրում տիրող անօրինականությունների,
կատարված հանցագործությունների «հայր», հիշատակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի
անունը, ինչը չկանխեցին անգամ Հանրապետական մի շարք պատգամավորների
հորդորները, թե իր ծննդյան օրը «գոնե մի շոշափեք իր անունը»:
Փոփոխությունների նախագծին կողմ էր քվեարկել նաեւ ՄԱԿ խմբակցությունը, որի
նախագահ Գուրգեն Արսենյանը խմբակցության ելույթի ժամանակ սպառնաց
քարոզչության ժամանակ իրենց մասնակցությունը պայմանավորել իրենց կողմից
արված առաջարկությունների ընդունման ծավալով: Միակ պատգամավորը, որը դեմ
էր քվեարկել նախագծին, Մանուկ Գասպարյանն էր, որն էլ իր ելույթում նշեց,
թե նախագծում այնպիսի «աֆերիստ քայլեր են արել, որոնցից քիչ է մնում
մարդու գլխի «կռիշկան» թռնի»:
ՀԺԿ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը` փարատելով կասկածները, թե ով է
իրականում այդ փոփոխությունների հեղինակը, վստահեցրեց, որ այն Վենետիկի
հանձնաժողովն է. «Պոլիտբյուրոյի ճնշման տակ կիսատ-պռատ տարբերակ է, որի
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կարված է հանցագործ վարչախմբի
համար` իր իշխանությունը պահպանելու ու իր կատարած հանցագործությունների
համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու համար»: Եվ
անդրադառնալով կոալիցիայի անդամ կուսակցությունների գնահատականներին`
ասաց. «ՀՀԿ-ն ընդդիմության վրա մատ է թափ տալիս, ՀՅԴ-ն ասում է` այ, եթե
սա չընդունվի, մեղքն ընկնելու է ձեզ վրա, եւ այն, ինչ կատարվում է մեր
երկրում, դրա պատասխանատուն դուք եք լինելու: Իսկ ՕԵԿ-ն էլ
ժողովրդավարության դասեր է մեզ տալիս: Ո՛չ, դրա պատասխանատուն դո՛ւք եք,
պատասխան տալու եք բոլորդ: Ձեր օգնությամբ, ձեր միջամտությամբ, ձեր
մասնակցությամբ է երկիրը բերվել այս վիճակին: Ուշքի եկեք, այսպես թույլ
չենք տալու, համոզված եղեք»:
Չնայած նրան, որ «ԱՄ» պատգամավոր Գագիկ Կոստանդյանը կոչ արեց «խելոք»
պատգամավորներին` «գրի առնել Գեղամյանի նման մարդու ելույթը»,
այնուամենայնիվ, ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը, կարելի է
ասել, երեկ գերազանցեց իր նախորդին` երիտասարդ Խաչիկյանին, իր ելույթում
անձնական վիրավորանքներ հասցրեց ընդդիմության տարբեր ներկայացուցիչների,
այդ թվում` Ա. Գեղամյանին: «Միակ քաղաքական օրգանը, որ պահպանվել է
ընդդիմության մոտ` դա լեզուն է»,- հայտարարեց Աշոտյանը, որի խոսքից քիչ թե
շատ մեջբերման ենթակա էր միայն այսքանը: Մնացածը լուտանքներ էին, ինչից`
դատելով միջանքում կատարվող քննարկումներից, խիստ դժգոհ էին նաեւ իր
կուսակիցները: Բնականաբար, Ա. Գեղամյանն անպատասխան չթողեց այն եւ
պատասխան ելույթն ուղղեց Աշոտյանի կուսակցության ղեկավար վարչապետ
Անդրանիկ Մարգարյանին: «Իշխանություններն այս քննարկումներով տապալվեցին
ու քաղաքական քննարկումները տեղափոխեցին տղայական ռազբորկաների
հարթություն: Երբ հնչում էին անձնական վիրավորանքները, ակամայից մտածում
էի` ո՞վ է ուսուցիչ, դասատուն ո՞վ է: Եվ ուսուցիչը ճիշտ այն մարդն է, ով
2000 թ. մարտին մոլեռանդորեն պահանջում էր պրն Քոչարյանի հրաժարականը,
երկու ոտքը մեկ էր անում, կուրծք էր ծեծում, պաշտոնը ստացավ` հանգստացավ:
Հիմա աշակերտը բարոյականություն է քարոզում: Երիտասարդն էլ կարծում է`
հետը պետք է բանավիճեմ: Տո, սկի դասատուիդ հետ չեմ բանավիճի…»: Ա.
Գեղամյանը նաեւ իր ելույթում նշեց. «Դուրս էի գալիս դահլիճից` ուզում էին
կռիվ անել: Կռիվ անելու տեղ կա: Ով էլ` անի մեծ կտորն ականջը կմնա:
Առնետին ուղարկում են կռիվ սարքի, որ ժողովուրդն ասի` այ մարդ,
ընդդիմությունը կռիվներ է անում, սա կարող է երկիր կառավարել: Էդ դասերն
էլ ենք անցել»: Սակայն Ա. Գեղամյանն այդքանով չսահմանափակվեց. «Ուղղակի
խնդրում եմ` հանգստացեք, Աստված ոչ անի` ասեմ այն, ինչին տիրապետում եմ:
Կասեմ անվանական: Տղերք ջան, չեմ նստել, մեղքս դա է: «Ռոսիա» կինոթատրոնի
աթոռները չեմ ճղել, «բրիտվայով պիսկավատ» չեմ արել, քաղաքական
դատվածություն չունեմ: Կներեք»: Ելույթի հնարավորություն ուներ նաեւ
«Հանրապետական» խմբակցությունը, որի ղեկավար Գալուստ Սահակյանն Ա.
Գեղամյանին հարկ համարեց պատասխանել ընդամենը մեկ նախադասությամբ.
«Ժարգոնով խոսում են միայն գողերը կամ բառիգները», իսկ հետո`
անդրադառնալով ընդդիմությանն` ավելացրեց. «Մի քվեարկեք, հանրաքվեի վրա ձեր
որոշումը ոչ մի ազդեցություն չի ունենալու»: