«Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմ չի լինի»

25/02/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Վերջերս Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահը` չբացառելով Իրանի եւ Իսրայելի միջեւ հնարավոր պատերազմի վտանգը, կարծիք է հայտնել, թե Հայաստանից ոչխարների մեծ գլխաքանակի ներմուծումը Իրան պայմանավորված է հենց այդ պատերազմով: Ինչպե՞ս կբացատրեիք այս իրավիճակը: Իրանը, Հայաստանից ոչխարներ գնելով, պատրաստվո՞ւմ է արդյոք Իսրայելի դեմ պատերազմի:

– Այս նյութը, կարծում եմ, բարեբեր թեմա կլիներ որեւէ սիմվոլիստ ռեժիսորի կամ, գոնե, լավ երգիծաբանի համար: Պատկերացրեք հայկական ոչխարների բազմահազարանոց հոտը` Լոռվա փափախներով ու դագանակներով զինված հովիվների գլխավորությամբ հատում է պարսից սահմանը… Թանձր փոշին բռնել է ամբողջ էկրանը, ոչխարները, մեկը մյուսին հրմշտելով, առաջ են սլանում: Փոշին աստիճանաբար փոխվում է թնդանոթների պայթյունից առաջացած ծխի, ոչխարների կերպարը սահուն փոխարինվում է զինվորներով, հովիվները դառնում են գեներալներ, իսկ դագանակները` համապատասխան երկրների դրոշներ: Հիրավի, հայկական ոչխարները մեր ժողովրդի ձեւավորման ժամանակաշրջանից մինչեւ օրս երբեք այսպիսի ուշադրության չեն արժանացել, ինչպես այս մեկ-երկու ամսում: Խորհրդային եւ դրան հաջորդող արդեն իսկ երկու տասնամյակի ընթացքում մեր ժողովուրդը ոչխարի մսի հանդեպ մեծ հակումներ չի դրսեւորել. այս կենդանու գոյությունը լատենտ իմացության սահմանից այն կողմ չի անցել` առնչակցվելով միայն մեր եզդի հայրենակիցների տնտեսավարման նրբությունների, մատաղի ու արտագնա խնջույքների հետ:

Իսկ եթե լուրջ լինենք, ապա որեւէ բան այստեղ տեղի չի ունեցել: Պարսիկները գնել են մեր ոչխարները, որովհետեւ դրանք համեմատաբար էժան են, տեղափոխման գրեթե խնդիր չկա, մաքսային հարկն էլ շատ քիչ է: Ուրիշ հարց, որ այս ստրատեգիական հումքը պետք չէ հախուռն վաճառել արտասահման, մանավանդ որ, դրա արդյունաբերական վերարտադրման համար Հայաստանը չունի համապատասխան ներուժ (հիմնականում՝ արոտավայրեր): Այսպիսի հումքը, բնականաբար, միշտ էլ պահանջարկ ունի հարեւան երկրներում. օրինակ` հո մենք մեր անտառները չպետք է վաճառենք` հիմնավորելով, որ փայտը համաշխարհային շուկայում պահանջարկ ունի:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Իրանը Հայաստանից ոչխար է գնում մթերման համար (Իսրայելի հետ հնարավոր պատերազմի դեպքում), ապա անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե ամբողջ Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր ոչխարների գլխաքանակը, գումարած կովերը, եզները, գոմեշները (եթե կան), հավն ու ճիվը, ընտանի ճագարներն ու անտառներում առկա ամբողջ որսն ինչ-որ հրաշքով տեղափոխվի Պարսկաստան, ապա այն ոչ թե իրանական որեւէ նահանգի (որոնցից ամենափոքրը մի քանի անգամ ավելի մեծ է, քան Հայաստանը), այլ անգամ Թեհրանի մեկ օրվա մսի պահանջարկը չի կարող բավարարել: Հետեւաբար, նմանօրինակ հարցադրումը, ըստ էության, անհեթեթ է, եւ ես զարմանում եմ, թե ինչպես է այն դարձել, Ձեր ասելով, համահայկական քննարկման առարկա: Կարող եմ վստահեցնել, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ պատերազմ չի լինելու, համենայնդեպս, հայկական ոչխարներն այդ գործում ոչ մի դեր չեն խաղալու:

– Այնուամենայնիվ, պարսիկներն ինչո՞ւ հենց հիմա որոշեցին Հայաստանից ոչխար գնել:

– Պարսիկները (նաեւ թուրքերը) միշտ էլ մեր ոչխարները գնել են, ճիշտ է` ավելի սահմանափակ քանակով: Այս ոլորտում նրանց հետաքրքրության պատճառները ես արդեն նշեցի: Ավելացնեմ նաեւ, որ Իրանում շատ խնամքով են վերաբերվում երկրի հողածածկույթին, նախեւառաջ՝ արոտավայրերին: Ունենալով հսկայական տարածք` նրանք միշտ էլ գերադասում են ոչխար գնել արտասահմանից (Ավստրալիա եւ այլն)` հողերը էրոզիայի չենթարկելու համար: Հայաստանի հետ ներկայիս ոչխարային առուծախն էլ` անկախ ծավալից, լոկալ բնույթ ունի եւ պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունք չի կարող համարվել:

– Իրանն այսօր ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած:

– Նախ եւ առաջ՝ հարաբերությունները Արեւմուտքի հետ (ԱՄՆ, Եվրոպա եւ այլն), այնուհետեւ՝ միջուկային էներգիայի եւ, բնականաբար, անջատողականության հետ առնչվող խնդիրները:

– Հայ-թուրքական սահմանի բացմամբ ի՞նչ կշահեն Հայաստանը եւ Իրանը:

– Հայ-թուրքական սահմանի բացումը որոշակիորեն կնպաստի Հայաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացմանը, երկընտրանքային, տրանսպորտային ու տրանզիտ ուղիների առաջացմանը, երկրի տնտեսության զարգացմանն ու, կարծում եմ, առհասարակ մեզանում տնտեսվարման ոճի բարելավմանը: Իսկ Իրանը, լինելով մեր անմիջական հարեւանը եւ ռազմավարական գործընկերը, դրանից կարող է միայն շահել:

– Շատ է խոսվում նաեւ Իրանում ադրբեջանական փոքրամասնության մասին: Դրանց թիվը մե՞ծ է:

– Ես բազմիցս ասել եմ, որ Իրանում ադրբեջանական փոքրամասնություն չկա: Կա թուրքախոսների բազմություն, որոնք թուրքեր չեն, եւ բնակվում են Իրանի հյուսիսային տարածքներում: Նրանց կարելի է կոչել ատրպատականցիներ: Իրանում թուրքախոս բնակչության թիվը իրականում 9-10 միլիոնից չի անցնում, ընդ որում` դրանց զգալի մասը երկլեզու է: Տվյալ պարագայում խոսք պետք է գնա ոչ թե Իրանի ցեղային կամ էթնիկ բազմազանության, այլ լեզուների ու բարբառների տարաբնույթ պատկերի մասին: Էթնիկ կամ ժողովրդագրական բազմազանություն Իրանում, ըստ էության, գոյություն չունի: Փաստորեն, լեզուն որպես էթնիկ տարբերակիչ (մարկեր)՝ չի ծառայում այդ երկրում:

– Ի վերջո, Իրանն այսօր համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է նախեւառաջ իր միջուկային զենքի «ուրվականով»: Դա մարտահրավե՞ր է աշխարհին:

– Իրանում առաջին անգամ միջուկային ծրագրերը նախաձեռնվել են ԱՄՆ-ի կողմից դեռեւս շահի ժամանակ, այնպես որ` դա Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությունը չէ: Իսկ այն ժամանակ, քանի որ Իրանը ԱՄՆ-ի արբանյակներից էր, ամեն ինչ համարվում էր նորմալ: Չեմ կարծում, թե Իրանը ռումբ է ստեղծում կամ կստեղծի: Որքան էլ զարմանալի թվա, այսօրվա իրավիճակում դա խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու փորձ է:

– Մտավախություն կա նաեւ, որ ԱՄՆ-ը կարող է հարձակվել Իրանի վրա: Սա կրկին պատրա՞նք է:

– ԱՄՆ-ը Իրանի վրա նույնպես չի հարձակվի, որովհետեւ նա բավական բարդ իրավիճակում է հայտնվել Իրաքում եւ Աֆղանստանում: Իրանի հետ նոր ճակատ բացել` ԱՄՆ-ը հանձն չի առնի: Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ էլ Աֆղանստան, այլ` բարձր տեխնոլոգիաներով զարգացած երկիր, կուռ պետություն ու ժողովուրդ: Եթե անգամ ԱՄՆ-ը այդ քայլին դիմի, ապա դրանով, անտարակույս, մեծ ծառայություն կմատուցի իսլամական վարչակարգին` ժողովրդին դրա շուրջը համախմբելու առումով: Իսկ այդպիսի քայլի ամերիկացիները հաստատ չեն գնա: