Երբ 2009թ. մարտին մեկնարկեց Եվրամիության «Արեւելյան գործընկերության ծրագիրը», որը նախատեսում է նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում տարբեր գործընթացներում, Տավուշի մարզի բնակիչները նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ այն որեւէ կերպ կարող է առնչվել նաեւ իրենց: Տավուշը Գեղարքունիքի մարզից հետո համարվում է գործազրկության բարձր ցուցանիշներ ունեցող Հայաստանի տարածաշրջաններից մեկը: Մոտ մեկ տարի առաջ Եվրամիության համաֆինանսավորմամբ «Գերմանիայի բարձրագույն ժողովրդական դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի» (DVV-internatioanl) հայաստանյան մասնաճյուղի կողմից Տավուշում մեկնարկել է մի ծրագիր, որի նպատակն է՝ մարզում աղքատության նվազեցումը ակտիվ ուսումնառության միջոցով: 2002 թվականից Հայաստանում գործող DVV-internatioanl-ի հայաստանյան մասնաճյուղը շահել է 2008թ. Եվրամիության կողմից հայտարարված մրցույթը: Նշենք, որ Եվրամիության հետ կազմակերպության առաջին համագործակցությունը եղել է դեռեւս 2004թ.-ին` Վրաստանում. DVV-internatioanl-ը Ախալքալաքում եւ Ախալցխայում հիմնել է մեծահասակների կրթության կենտրոններ: Իհարկե, այդ ծրագրի նպատակը եղել է ոչ թե մեծահասակների կրթության միջոցով աղքատության նվազեցումը, այլ ծագումով ոչ վրացի ժողովրդին մարդու իրավունքների մասին հիմնարար գիտելիքների փոխանցումը եւ ինտեգրացիան վրացական հասարակության հետ: 2009թ. մարտից կազմակերպությունը ծրագիր է իրականացնում Տավուշի մարզում, որի նպատակը մեծահասակների կրթության միջոցով աղքատության նվազեցումն է: Նախագծի բյուջեն կազմում է շուրջ 266.000 եվրո, որից 199.500 եվրոն տրամադրել է Եվրոպական հանձնաժողովը, իսկ 66.000 եվրոն` Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը: «Մեր գործընկերներն են նաեւ «Մեծահասակների կրթություն եւ ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպությունը եւ Տավուշի առեւտրաարդյունաբերական պալատը: Ի դեպ, այս պալատի միջոցով մենք կարողանում ենք ապահովել կապ աշխատաշուկայի հետ: Իսկ սոցիալական գործընկերության գաղափարախոսությունը, որը նույնպես Եվրամիության մի շարք ծրագրերում աջակցություն է ստանում, մենք փորձում ենք կիրառել Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնում»,- ասում է «DVV-international» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նազարեթ Նազարեթյանը:
Ըստ նրա` նախագիծը բավական լայնամասշտաբ է եւ ընդգրկում է տարբեր ուղղություններ, ինչպես, օրինակ, տեղական խորհրդատվական հանձնաժողովի ստեղծում եւ կանոնավոր հանդիպումների անցկացում, Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնի հիմնադրում, դրա աշխատակիցների վերապատրաստում, ուսուցողական այցեր Գերմանիա եւ Վրաստան, համայնքային քննարկումների կազմակերպում եւ այլն: «Մասնագիտական ուսուցում ապահովելով` օգնում ենք մարդկանց նոր մոտեցումներով վերադառնալ աշխատաշուկա: Ծրագրով նախատեսված են բազմաբնույթ մասնագիտական ուսուցման դասընթացներ:
Շուտով մենք սկսելու ենք մեր առաջին դասընթացը, որը շինարարության ոլորտի մասին կլինի: Տվյալ պարագայում Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնի շինարարական աշխատանքները կհամակցենք նաեւ մեր ուսումնական դասընթացների հետ: Նման պրակտիկայի շնորհիվ դասընթացն ավելի արդյունավետ կլինի»,- նշում է Նազարեթ Նազարեթյանը` շեշտելով, որ ծրագրի նպատակը գործազուրկներին, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունն է կրթության միջոցով: Նա նկատում է նաեւ, որ քիչ չեն լինում նաեւ այնպիսի դեպքեր, երբ գործազուրկը կրթություն ստանալու փոխարեն՝ իրենցից գումար է խնդրում` ասելով, որ ինքը կարող է բանվոր աշխատել: «Երիտասարդներն այսօր միակամ գնում են բանվորություն անելու` մոռանալով, որ տարիներ անց իրենք ֆիզիկապես արդեն ներուժ չեն ունենա նման ծանր աշխատանքների համար: Իսկ մեր նպատակը մասնագիտություն սովորեցնելն է: Մասնագիտություն ունենալու դեպքում աշխատանքը միշտ կլինի: Այս գաղափարախոսությունը ակնհայտ է նաեւ Եվրամիության մի շարք ծրագրերում: Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մասնագիտական կրթության զարգացմամբ սոցիալապես անապահով մարդկանց կյանքի որակը փոխելու գործում»,- ասում է «DVV-internatioanl»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը` տեղեկացնելով, որ մեծահասակների կրթության կենտրոն առաջիկայում հիմնվելու է նաեւ Ադրբեջանում: «Այսօր Հայաստանում քննարկվում է նաեւ մեծահասակների կրթության մասին օրենքի ընդունման գաղափարը: Մենք եւս փորձում ենք որոշակի աջակցություն ունենալ օրենքի ընդունման հարցում, քանի որ մեր կազմակերպության առաքելությունն է նաեւ մեծահասակների կրթության ապահովումը»,- ասում է Ն. Նազարեթյանը: Իսկ Եվրամիության եւ «DVV»-ի կողմից իրականացվող դասընթացների մասին ծրագրի մասնակիցները պատմում են մեծ խանդավառությամբ` հավաստիացնելով, որ կրթության միջոցով ավելի իրատեսական է պայքարել աղքատության դեմ: «Այսօր կան մասնագիտություններ, որոնք մեզանում պահանջարկ չունեն: Իմ ընկերուհին, ունենալով հոգեբանի մասնագիտություն, ձեռք է բերել նաեւ հաշվապահի որակավորում: Նա հիմա աշխատում է որպես հաշվապահ»,- ասում է Իջեւանի պետական քոլեջի դասախոս Նունե Գեւորգյանը: Ի դեպ, Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնի շենքի տեղն արդեն որոշված է, եւ առաջիկայում սկսվելու են շինարարական աշխատանքները: Իսկ Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի վերջնաժամկետը 2011թ.-ի սեպտեմբերն է: