Մարդիկ՝ ԱՆ-սահմանափակ հնարավորություններով

25/02/2010

Ճակատագիրը իռլանդացի Դերեք Ֆարելին հարվածել է այնպիսի ուժով, որ կբավականացներ մի քանի մարդու ծնկի բերելու համար։ Լինելով հաջողակ, բարձր վարձատրվող մենեջեր՝ 30 տարեկանում նա կանգնեց «կոտրած տաշտակի» առաջ։ Առանց որեւէ տեսանելի պատճառի՝ մի օր նրա ոտքերն անշարժացան, եւ գամվեց անկողնուն։ Կինը լքեց նրան՝ հաշմանդամ ամուսնու խնամքին թողնելով 4 անչափահաս երեխաներին։ Ոչ աշխատանք, ոչ առողջություն, ոչ ընտանիք. մեկ ուրիշը նրա փոխարեն կհանձնվեր։ Սակայն Դերեքը որոշեց պայքարել։ Այսօր նա նույնքան հաջողակ է, որքան նախկինում։ Եվ ավելի հայտնի։ Նա կարողացավ օգնել ոչ միայն իրեն, այլ իր նման միլիոնավորների՝ սեփական թերարժեքության զգացողությունից ազատվելու հարցում։ Դ. Ֆարելի համարձակ գաղափարները սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց թույլ տվեցին անել այն, ինչ ամեն օր անում են միլիոնավոր առողջ մարդիկ։ Օրինակ, նա ստեղծեց «mobility shop» կոչվող ծառայությունը, որը գործում է Իռլանդիայի սուպերմարկետներում։ Նա սկսեց նրանից, որ պայմանավորվեց 5 խանութների հետ, որոնք պետք է համապատասխան սրահներ ստեղծեին։ Այդտեղ մարդիկ կարող են վարձել էլեկտրական սայլակներ՝ խանութում տեղաշարժվելու համար։ Մարդը, ում համար դժվար է երկար շարքերի միջով քայլել, կարող է հանգիստ քշել սայլակը եւ վերցնել իրեն անհրաժեշտ իրերը։ Արդյունքում՝ սուպերմարկետների շահույթն ավելացավ 20%-ով՝ հարստացնելով նաեւ Դերեքին։ Այնպես որ, կարեւորը չհանձնվելն է։