Ընդդեմ աղքատության

25/02/2010

Եվրոպական հանձնաժողովը 2010 թվականը հռչակել է «Աղքատության եւ սոցիալական խտրականության դեմ պայքարի տարի»: Այդ նախաձեռնությունը ներկայացվել է Մադրիդում` Իսպանիայի կառավարության հետ համատեղ: Այս միջոցառումն անցկացվելու է «Դադարեցնենք աղքատությունն արդեն այսօր» կարգախոսով: «Շատ հաճախ տնտեսական անկման ժամանակաշրջանում տուժում են ամենախոցելի խմբերի մարդիկ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա նաեւ ասել է, որ այդ նախաձեռնությունը պետք է օգտագործի ներկայումս գոյություն ունեցող հնարավորությունները` ավելի հավասար եւ ինտեգրված հասարակություն կառուցելու նպատակով: Դա համարվում է ԵՄ զարգացման մինչեւ 2020թ. ծրագրի կարեւոր բաղկացուցիչներից մեկը: Աղքատությունն այսօր էլ շարունակում է լուրջ խնդիր համարվել նույնիսկ ամենահարուստ եվրոպական հասարակությունների համար: Շուրջ 80 մլն եվրոպացիներ (ԵՄ տարածքի բնակչության 17%-ը) այսօր ապրում են աղքատության շեմից ցածր պայմաններում, եւ կենսամակարդակի հիմնախնդիրը շարունակում է անհանգստացնել ԵՄ բնակիչներին: «Եվրոբարոմետրի» անցկացրած հարցումների համաձայն, ԵՄ քաղաքացիների 73%-ը աղքատությունը համարում է իր երկրում տարածված հիմնախնդիր, իսկ 89%-ը կոչ է անում սեփական կառավարությանը դրա դեմ պայքարել ավելի վճռականորեն: