Երբեւէ նկատե՞լ եք, թե մեր երկրում մարդիկ ինչպես են նայում հաշմանդամներին։
Ճիշտ է՝ մեծ մասամբ խղճահարությամբ։ Այն դեպքում, երբ հաշմանդամին ավելի շատ ճնշում է հենց այդ խղճահարությունը, քան ֆիզիկական արատի հետեւանքով շարժման սահմանափակությունը։ Հաշմանդամը հասարակության նույնպիսի անդամ է, ինչպես մյուսները, ունի նույն իրավունքներն ու կարող է զբաղվել օրենքով չարգելված ամեն ինչով։ Այդ թվում՝ սպորտով։ Հաշմանդամային սպորտն այս մարդկանց հնարավորություն է տալիս ինտեգրվել, ինքնահաստատվել, իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ։ Այդ պատճառով էլ՝ Եվրոպայում հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամային սպորտի զարգացմանը։ Իսկ մեզանում այս երեւույթին ոմանք թերահավատությամբ են մոտենում, ոմանք՝ զարմանքով, ոմանք էլ՝ խղճահարությամբ։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Խնդիրը բարդանում է, երբ հաշմանդամների հանդեպ ունեցած վերաբերմունքը կոնկրետ դրսեւորումներ է ստանում` մերժողական դրսեւորումներ։ Եթե զարգացած երկրներում սպորտային հաստատությունները հաշմանդամների համար անվճար են, ապա մեզանում ոչ միայն վճարովի են, այլ անգամ՝ վճարելու դեպքում որոշ հաստատություններ հաշմանդամներին թույլ չեն տալիս մուտք գործել։ «Երբ մենք առաջին լողավազանն էինք գնում հաշմանդամների հետ, մեզ նույն գումարով չթողեցին մտնել լողավազան»,- մեզ հետ զրույցում ասում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը։ Միգուցե շատերը զարմանան՝ իսկ Հայաստանում նման ֆեդերացիա կա՞։ Այո, կա, որը գործում է արդեն մեկ տարի։ Ֆեդերացիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ «Սպորտային ցանց՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում։ Ֆեդերացիայի ստեղծումը ծրագրի կոմպոնենտներից մեկն է միայն։ Նախատեսվում է ստեղծել նաեւ հաշմանդամային սպորտային ցանց ողջ Հայաստանով, որը կներառի ակումբները, սպորտդպրոցները, սպորտային կառույցները եւ այլն։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ ֆեդերացիաներ գոյություն ունեն միայն թղթի վրա, շատ ծրագրեր էլ գրվում են միայն դրամաշնորհներ շահելու համար։ Այս դեպքում բարեբախտաբար պատկերը միանգամայն այլ է. Սամվել Ռոստոմյանի հետ զրուցելու համար գնացինք Ծաղկաձոր, որտեղ նրանք հավաքների էին՝ մարզումներ անցկացնելու համար։ Եվ մեր աչքով տեսանք, թե ծրագրի համակարգող Արփի Արամյանն ու բելգիացի փորձագետ Պատրիկ Մոդավը ինչպես են երեխաներին դահուկ քշել սովորեցնում։ Հաշմանդամների մյուս խումբն այդ ժամանակ սարի վրա էր՝ գնացել էին սովորածը կիրառելու, դահուկ քշելու։
Ֆինանսավորումը շատ մեծ չէ. երկու տարվա համար 120 հազար եվրո, որով ձեռք է բերվում հատուկ գույք, կազմակերպվում են հավաքներ ու մրցումներ։ Սակայն ծրագրի կազմակերպիչները միայն այդ ֆինանսավորման շրջանակներով չեն սահմանափակվում։ «Ծրագիրը միշտ էլ նախատեսվածից ավելի լայնածավալ է լինում։ Ընթացքում օգտագործում ենք մարդկային ռեսուրսներ, որոնք չեն վճարվում. մեծ թվով կամավորների ենք ներգրավում»,- ասում է Ս. Ռոստոմյանը։
Տարիքային սահմանափակում չկա, բոլոր ցանկացողներն էլ կարող են մասնակցել։ Իսկ մասնակիցների ստույգ թիվը Ս. Ռոստոմյանը դժվարացավ ասել. «Ով որ պայմանագիր է կնքել եւ դե յուրե մասնակցում է ծրագրին, ես այդ թիվը կարող եմ ասել։ Բայց իրական թիվը կարող է 5 անգամ ավելի մեծ լինել։ Կոնկրետ սպորտային մասով մենք ունենք գրանցված 50 հոգի, բայց այս ընթացքում հաստատ մի 250 հոգի արդեն անցել են այս ծրագրով, կամ, այսպես ասենք, եղել են ծրագրի կողքին»։
Արփին նշում է, որ հետաքրքրվողները հեշտությամբ կարող են ընդգրկվել իրենց ծրագրում: «Մարդիկ զանգում են ֆեդերացիա, ես վերցնում եմ տվյալները, հետաքրքրվում խնդիրներով, եւ որոշում, թե որ խմբում կարող ենք նրան ընդգրկել, ինչ սպորտաձեւում։ Հետո արդեն երեւում է՝ տվյալ սպորտաձեւում նա իրեն ինչպես է կարողանում դրսեւորել»։ Սամվելը նշում է, որ իրենք այսօր ամեն ինչ պատրաստ են անել հաշմանդամների համար՝ այս ընթացքում շատ բան են սովորել, կարող են տեղավորել, մարզիչներ գտնել։ Սակայն ավելի կարեւոր է, որ հաշմանդամներն իրենք առաջին քայլը անեն. «Շատ կարեւոր է, որ իրենք ցանկանան, իրենք դիմեն, մոտենան։ Եթե դա լինի, մեր գործն էլ կհեշտանա՝ պետությանը, մարզիչներին համոզելու հարցում»։ Պարզվում է՝ ֆինանսներից, պետական թերի քաղաքականությունից եւ այլ խնդիրներից բացի, մեկ այլ կարեւոր խոչընդոտ էլ կա հաշմանդամային սպորտի զարգացման հարցում։ Մերժողական վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ։ Ինչպես արդեն նշեցինք, որոշ սպորտային կառույցներ հրաժարվում են հաշմանդամների հետ աշխատել, ընդ որում՝ ոչ անվճար։ Տարբեր պատճառաբանություններ են բերում, ասում են՝ պատրաստ չեն, համապատասխան մարզիչներ չունեն։ Սակայն դրա լուծումն էլ է գտնվել։ Արփիի խոսքերով, իրենք հիմնականում աշխատում են երիտասարդ մարզիչների հետ, որոնք կարծրատիպերով չեն առաջնորդվում։ Իհարկե, նրանց մոտ պակասում է հաշմանդամների հետ աշխատելու փորձը, բայց ֆեդերացիայում սովորեցնում են։ Բացի այդ, արտերկրից պարբերաբար կամավորներ, փորձագետներ են գալիս։ Օրինակ՝ Պատրիկ Մոդավը որպես փորձագետ՝ մասնակցում է լեռնադահուկային սպորտի ուսուցման պրոցեսին։ «Մեր հիմնական նպատակը պրոֆեսիոնալ սպորտսմեններ ունենալն է։ Մեր առջեւ շատ բարձր նիշ ենք դրել՝ պրոֆեսիոնալ սպորտսմեններ դաստիարակել այս ծրագրով։ Իսկ այդ ընթացքում շատ բան ենք անում, գնում ենք շրջաններ, հանդիպումներ ենք ունենում, խոսում ենք մարդկանց հետ, ապացուցում, որ հաշմանդամներն էլ մեր նման մարդիկ են, պարզապես իրենց հետ պետք է աշխատել»,- ասում է Արփին։
Սամվելը, սակայն, նշում է, որ դրանից հուսահատվել պետք չէ։ 100 հոգուց 90-ը դեռ չեն ուզում աշխատել հաշմանդամների հետ, բայց 10-ը պատրաստ են։ «Մեր սկսելուց առաջ այդ 10%-ի տեղն էլ չգիտեինք։ Բայց հիմա գիտենք, ու նրանց հետ կարող ենք աշխատել։ Հետո այդ թիվը կարող է դառնալ 20, 30»,- ասում է նա։ Սամվելը լավատես է, ասում է՝ աստիճանաբար նաեւ այդ վերաբերմունքն էլ է փոխվում։ Արդեն կոնկրետ օրինակներ էլ կան։ «Սպորտի նախարարությունում էլ տեղյակ են ծրագրի մասին։ Իրենք այլեւս չեն ասում՝ հաշմանդամը չի կարողանա այսինչ բանն անել։ Իրենց կողմից էլ փոխվել է թե՛ մոտեցումը, թե խոսելու ձեւը»,- ասում է Ֆեդերացիայի նախագահը։ Իսկ Ծաղկաձորում, մասնավորապես, ճոպանուղում հաշմանդամներն իրենց շատ լավ են զգում։ «Մի քանի օր առաջ սարի վրա միայն հաշմանդամներն էին։ Մեր նվաճումներից մեկն այն է, որ մարդիկ նրանց շատ լավ են վերաբերվում, մանավանդ ճոպանուղու անձնակազմը։ Մարդիկ այսօր գիտեն, թե ոնց աշխատեն հաշմանդամի հետ։ Այս սարի վրա մենք ոչ մի խնդիր չունենք, մեզ համար ամեն ինչ անում են։ Թեկուզ եթե ոչ մի բան էլ չեն անում, միշտ պատրաստ են, որ պետք եղած դեպքում օգնեն։ Դա մեծ արդյունք է ոչ միայն կոնկրետ մեր, այլեւ հասարակության համար»,- ասում է Սամվելը։
Արփին էլ է այս առումով գոհ, սակայն նշում է. «Պետական քաղաքականություն, որոշակի ֆինանսավորում պիտի լինի։ Այս ամենը անձերից չպետք է կախված լինի՝ ճոպանուղու տնօրենի կամ մարզիչի անձնական որակներից։ Անկախ նրանից՝ ով կլինի այսինչ կամ այնինչ պաշտոնում, հաշմանդամները պետք է կարողանան իրացնել իրենց իրավունքները»։
ՀՍՀԱՖ-ում, այդուհանդերձ, նորմալ են տանում այս ամենը։ Գտնում են, որ սա է մեր իրականությունը, ու շատ քայլեր անում են զուտ հայկական ձեւերով՝ ասենք, համոզելով։ Ու կարծես ստացվում է։ Օրինակ՝ պրոֆեսիոնալ հաշմանդամ լողորդների հարցում խնդիրը շատ բարդ է, որովհետեւ նույն ծնողները երեխային ուղարկում են լողավազան ոչ թե նրա համար, որ լողալ սովորի, այլ՝ որ բուժվի։ «Բայց մենք բժիշկներ չենք, մենք մարզիչներ ենք ու փորձում ենք հաշմանդամներին սովորեցնել այն, ինչը իրենք կարող են անել»,- ասում է Արփին՝ ավելացնելով, որ 2009-ին երկու մրցումների են մասնակցել։ Իհարկե, մրցակցությունը ուժեղ չի եղել, քանի որ մասնակիցները շատ չեն։ Բայց կարեւորն այն է, որ սկիզբը դրված է։