Ժպտացեք հեռախոսափողի մեջ
Դիվանագետի հեռախոսային հաղորդակցությունն ունի իր առանձնահատկությունները եւ համարվում է ավելի դժվար, քան երես առ երես վարվող զրույցը: Ամենից առաջ չմոռանանք, որ դեսպանությունների բոլոր հեռախոսային խոսակցությունները լսվում են հատուկ ծառայությունների կողմից: Մի անգամ Լոնդոնում խորհրդային դեսպանության ավագ դիվանագետներից մեկն ինձ ասաց. «Մեզ չեն լսում միայն, երբ զուգարան են գնում, իսկ ձայնագրությունը, միեւնույն է, շարունակվում է»: Սա՝ անվտանգության կանոնների պահպանման առումով: Հետո, հեռախոսային զրույցը պահանջում է օտար լեզվի լավ իմացություն, քանի որ ընկալումը միայն վերբալ ճանապարհով` այսինքն խոսքի միջոցով, հղի է սխալվելու հավանականությամբ: Օտար լեզվի վատ իմացությունը կամ դրան չտիրապետելը, ինչը բացառություն չէ դեսպանությունների ցածր աստիճան ունեցող դիվանագետների եւ հերթապահ աշխատողների համար, դժվարացնում է աշխատանքը: Հայտնի են դեպքեր, երբ չհասկանալով լարի մյուս ծայրում ասվածը, զանգն ընդունողը կամ սահմանափակվում է «Yes» կամ «No» ասելով եւ կամ էլ հեռախոսը անջատելով: Սակայն հեռախոսային խոսակցությունը դիվանագիտական զրույցից տարբերվում է նրանով, որ զրկված է միմիկայից, ժեստերից, հայացքից, ժպիտից եւ ոչվերբալ հաղորդակցության մյուս արտահայտչաձեւերից: Վերջին հաշվով, դուք չեք տեսնում զրուցակցի ռեակցիան, ինչը դժվարացնում է ճիշտ հասկանալ, թե ինչպես եւ որքանով է նա ձեզ ընկալում: Հեռախոսային կոնտակտը, ինչ-որ մի տեղ, հիշեցնում է կույրերի երկխոսությունը, որի գլխավոր «հաղորդիչը» կամ, ընդհակառակը` «խանգարիչը» դառնում է ձայնը, նրա տեմբրը, ինտոնացիան, բարձրությունը` դրական կամ բացասական էմոցիաներ առաջացնելով խոսակցի մոտ, կանխորոշելով զրույցի արդյունքը: Ձայնի բնույթը պայմանավորված է մարդու ֆիզիկական եւ էմոցիոնալ վիճակով, մարմնի դիրքով, ժեստերով: Որպեսզի ձեզ լավ լսեն, կարեւոր է հսկել ձայնի տեմբրը եւ արագությունը: Խոսելիս շատերը շտապում են, եւ զրուցակիցը, պարզապես, չի հասցնում հետեւել նրանց մտքին: Հեռախոսային խոսակցության օպտիմալ արագությունը կազմում է րոպեում 120-130 բառ: Կարելի է գործիքով չափել արագությունը եւ շարժվել ըստ դրա: Հեռախոսային խոսակցության ամենամեծ թշնամին` հուզմունքն է, մանավանդ, սկսնակների մոտ: Այն հաղթահարելու միջոցներից մեկը խոսակցության սցենար մշակելն է: Ներկայացեք եւ կարճ շարադրեք խնդրի էությունը: Ճշտեք, եթե առաջին անգամ եք նրա հետ խոսում, դիմելու ձեւը: Հարցրեք. ձեզ լա՞վ են լսում, արագ չե՞ք խոսում արդյոք: Տեղեկացեք զրուցակցի ժամանակի մասին, որը նա կարող է տրամադրել ձեզ: Այնուհետեւ, անկախ այն բանից՝ ձեզ տեսնում են, թե ոչ, օգտագործեք ժեստը, միմիկան, կեցվածքը, մի խոսքով, այն ամենը, ինչը կարող եք «հանել» ոչվերբալ հաղորդակցության զինանոցից: Բայց, ուշադրությո՛ւն: Մի չափազանցեք: Ձեր ձայնը պետք է հնչի պաշտոնական: Այն մի կեղծեք եւ մի սեթեւեթեք: Հիշեք, որ ձեր շարժումները «լսվում են»: Մի խնայեք մի բան: Ժպիտը: Նրա առատությունը երբեք ավելորդ չի լինում ամեն տեսակի կոնտակտների, այդ թվում` հեռախոսային խոսակցության ժամանակ: Ժպիտը ամենից լավն է «լսվում», անգամ` «երեւում» հեռախոսափողում:
Հմայքի կամ այն մասին, թե ինչ անել, երբ ի վերուստ դրանով օժտված չես
«Ճանաչո՞ւմ եք արդյոք այնպիսի արտիստների, որոնք հենց որ հայտնվում են բեմում` հանդիսատեսն անմիջապես սիրում է նրանց: Ինչի՞ համար: Գեղեցկությա՞ն: Բայց հաճախ այդ գեղեցկությունը չկա: Ձայնի՞ համար: Դա էլ է հաճախ բացակայում: Տաղանդի՞ համար: Այն միշտ չէ որ արժանի է հիացմունքի: Ուրեմն, ինչի՞ համար են նրան սիրում: Նրան սիրում են այն անորսալի հատկության համար, որը մենք անվանում ենք հմայք»: (Թարգմ.՝ Ա.Ն.): Այս տողերը կարդում ենք Կոնստանտին Ստանիսլավսկու «Արտիստի աշխատանքը` ինքն իր վրա» դասագրքային ձեռնարկում: «Հմայք» բառը հայերենում ունի բազմաթիվ հոմանիշներ` հրապույր, հմայանք, կախարդանք, դյութանք, թովչանք, գայթակղանք, առինքնություն, հմայքոտություն եւ այլն: Մի այդքան էլ հոմանիշ կա հին հայերենում: (Ռուսերեն` օբոյանիե, ֆրանսերեն` «charme», անգլերեն՝ «charm»): Ֆրանսերենից եկող «շարմը» օգտագործվում է մի շարք լեզուներում, նաեւ` հայերենում: Հմայք, հմայություն հավաքական գոյականից առաջանում է հմայիչ ածականը, որը մարդուն բնորոշող հատկանիշներից մեկն է: Երկու կարծիք լինել չի կարող, որ հմայքը հսկայական դեր է խաղում մարդկային փոխհարաբերություններում, հետեւաբար, նաեւ դիվանագիտական հաղորդակցությունում, անկախ այն բանից, թե ինչ ձեւով է այն ընթանում` վերբալ կամ ոչվերբալ կոնտակտների միջոցով: Հմայքը կարեւոր, սակայն քիչ ուսումնասիրված թեմա է, եւ կարծիքները նրա ծագումնաբանության` էթիմոլոգիայի շուրջ մնում են առկախված: 19-րդ դարի վերջերին իր աշխատություններում հայտնի հոգեբան Հ. Լեբոնը անդրադարձել է հմայքին, այն մեկնաբանելով միստիկայի եւ գուշակության տեսանկյունից: Նրա «Ժողովուրդների եւ մասսաների հոգեբանությունը» աշխատությունից օգտվել են Լենինը, Ստալինը, Մուսոլինին եւ Հիտլերը: Հմայքը, ըստ Լեբոնի՝ կարող է բաղկացած լինել իրարամերժ զգացմունքներից, օրինակ, հիացմունքից եւ վախից: Թերեւս այդ է պատճառը, որ մեզ հմայում են նաեւ հանգուցյալները` Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Հիսուս Քրիստոսը, Բուդդան եւ ուրիշներ: Լեբոնը գտնում է, որ հմայքը որեւէ գաղափարի` իդեայի տիրապետումն է անհատի` ինդիվիդի մտածելակերպի վրա: Նա հմայքը բաժանում է երկու տեսակի. ձեռքբերովի հմայք եւ անձնական հմայք: Ձեռքբերովի հմայքը պայմանավորված է անձի կարգավիճակով` ստատուսով, հարստությամբ եւ հեղինակությամբ: Անձնական հմայքը կրում է ավելի անհատական բնույթ եւ կարող է պարզապես զուգակցել մարդու հեղինակությանը, հարստությանը, փառքին, կամ գոյություն ունենալ առանց դրանց: Ձեռքբերովի կամ արհեստական հմայքը ավելի է տարածված: Միայն այն փաստը, որ որեւէ անձնավորություն ունի հայտնի սոցիալական ստատուս, հաճախ բավական է լինում նրան հմայք հաղորդելու համար, եթե, անգամ, անձնական արժանիքների առումով` ոչնչություն է: Մեկ այլ հանգամանք: Զինվորականին գրավիչ է դարձնում նրա համազգեստը, իսկ բժշկին` խալաթը: Պասկալն ասել է, որ դատավորը առանց սքեմի եւ կեղծամի՝ կկորցնի իր հեղինակության երեք քառորդը: Հետաքրքիր է, որ հմայել կարող են ոչ միայն կենդանի կամ մեռած մարդիկ, այլեւ անշունչ առարկաները, հատկապես՝ գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունները: Ապացուցված է, որ կան ստեղծագործություններ, որոնց հմայքը արդյունք է միեւնույն դատողությունների եւ կրկնվող գնահատանքի: Դրանք գալիս են դպրոցական տարիներից եւ ենթակա չեն վերանայման: Այսինքն՝ կան անուններ, որոնց «դիպչել» չի կարելի: Շատերի համար ձանձրալի է դասական որոշ հեղինակների գործեր կարդալը: Սակայն քիչ կգտնվեն մարդիկ, որոնք կհամարձակվեն բարձրաձայն արտահայտել իրենց կարծիքը: Նույնը կարելի է ասել հայոց գրականության որոշ գործերի մասին: Մալեւիչի «Սեւ քառակուսին», ինչպես նաեւ վերացական արվեստի շատ գործեր, ոչինչ չեն ասում մարդկանց, չեն «խոսում» նրանց սրտի հետ, իսկ նրանք դրանցով հիացած են: Կիպրոսում Աֆրոդիտեի բաղնիքը, ընդամենը, մի խղճուկ ավերակ է, բայց զբոսաշրջիկների խմբերն այստեղ անպակաս են: Մարդիկ հիանում էին Հանս Անդերսենի թագավորի երեւակայական հագ ու կապով այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չասաց, որ, ախր, թագավորը մերկ է: Այս ամենի գաղտնիքը կայանում է նրանում, որ հմայքի ամրացած կարծրատիպը թույլ չի տալիս տեսնել առարկան իր իրական տեսքով, այնպիսին, ինչպիսին կա իրականության, այլ ոչ թե երեւակայության մեջ: Մարդիկ միշտ կարիք ունեն առարկաների մասին պատրաստի կարծիքի: Եվ այդ կարծիքի հաջողությունը ամենեւին էլ կախված չէ ճշմարտության այն մասնիկից եւ սխալ կարծիքից, որոնք ներառված են այդ առարկաներում, այլեւ բացառապես պայմանավորված են նրանցում պարունակված հմայքի աստիճանով: Աստվածները, հերոսները եւ դավանանքները ներշնչում են, բայց չեն վիճարկվում: Եվ նրանք անհետանում են, երբ ենթարկվում են քննարկման: Հմայքի ծագումնաբանությունը` գենեզիսը, մինչեւ վերջ պարզաբանված չէ: Սակայն պարզ է մի բան, որ հմայքը հիմնված է մի շարք գործոնների վրա, որոնց մեջ վերջին դերը չի խաղում հաջողությունը: (Երեւի թե ճիշտ կլինի ասել` «բախտը», «fortuna», լատ.): Հերոսը մեկ օրից մյուսը կարող է վերածվել հակահերոսի, եթե հաջողությունը երես է թեքում նրանից: Երբ ֆրանսիական հեղափոխության ամենաակտիվ ղեկավարներից մեկը` Մաքսիմիլիան Ռոբեսպիերը կառափնարան էր ուղարկում Լյուդովիկոս XVI-ին եւ ժիրոնդիստներին, ժողովուրդը հմայված ծափահարում էր նրան, իսկ երբ մի քանի ձայնի տարբերությամբ այդ մոլի յակոբինցին կորցրեց իշխանությունը եւ տերմիդորցիները տարան նրան գլխատելու, ամբոխը երեկվա հերոսին մահապատժի վայր ուղեկցեց անեծքներով, հայհոյանքով ու սուլոցներով: Հավատացյալները նույն եռանդով են ջարդում իրենց կուռքերին, ինչ եռանդով որ պաշտում են նրանց: Օրինակներից մեկը` «ժողովուրդների հոր» հսկայական արձանի տապալումն էր Երեւանի «Մոնումենտի» զբոսայգում: Մենք` դպրոցականներս, մեծ ուրախություն ապրեցինք, երբ պարաններ գցեցին Ստալինի վզին եւ տանկերով քաշեցին ու գցեցին գետնին փռած բեռնատարների խոշոր անվադողերի վրա:
Այդուհանդերձ, գրավչությունը, հմայքը ծնվո՞ւմ են մարդու հետ, թե՞ հետո են ձեռք բերվում: Վերջիվերջո, ինչի՞ արդյունք է մարդկային այդ զարմանահրաշ հատկությունը` գեների՞, բիոքիմիայի՞, տիեզերական առեղծվածի՞: Ամերիկյան սոցիոլոգ Ջ. Մորենը գտնում է, որ դրանք բնածին են` տրված ի վերուստ եւ արդյունք են էմոցիոնալ էներգիայի ինչ-որ խորհրդավոր tele-ի, որը կամ մարդկանց ձգում է իրար, կամ վանում` մեկ մեկուց: Այս վարկածը մերժվում է ուրիշ հոգեբանների կողմից, որոնց կարծիքով՝ համակրանքը եւ հակակրանքը հայտնվում են մարդկանց փոխներգործության պրոցեսում ի հայտ եկած վարքի, համոզմունքների ու գաղափարների ընթացքում: Բոլոր դեպքերում տալ հմայքի, շարմի ճշգրիտ ու սպառիչ բնորոշումը` դժվար է: Պարադոքսը կայանում է նրանում, որ անմիջապես նկատում ես՝ կա՞ հմայք, թե՞ ոչ: Իսկ երբ փորձում ես այն բաժանել բաղադրիչների, դրա էությունը անհետանում է: Պարզվում է ընդամենը մի բան. հմայքը գեղեցկություն չէ: Ֆրանսիացի լուսավորիչ, փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքյոն նկատել է. «Հմայքը հաճախ ուղեղում է, քան դեմքի վրա, քանի որ դեմքի գեղեցկությունը ի հայտ է գալիս անմիջապես եւ անակնկալ ոչինչ չի թաքցնում: Մինչդեռ ուղեղը բացվում է աստիճանաբար»: Մյուս կողմից, ինչպես նշում է հոգեֆիզիոլոգ Յուրի Շչերբատիխը, հմայքը խելքի նշան չէ, քանի որ կան շատ խելոք կանայք, որոնք զուրկ են շարմից: Հմայքը, գիտնականի կարծիքով՝ ավելի շուտ կոկետության եւ բնականության զուգորդումն է, որի համաչափությունը որոշում է ինքը` կինը: Հենց դրա համար էլ պահանջվում է նրա խելքը:
Եթե ստույգ չգիտենք հմայքի ինչ լինելը, ուրեմն չենք կարող նաեւ ճշտությամբ որոշել նրա տեղն ու դերը դիվանագիտության, հոգեբանության, սոցիալ-քաղաքականության, փիլիսոփայության, կուլտուրոլոգիայի բնագավառներում: Այդուհանդերձ, փորձենք գոնե էմպիրիկ ճանապարհով հասկանալ նրա նշանակությունը մեր առարկայի` դիվանագիտության համար: Այս խնդրում կարող ենք հենվել պատմության, արվեստների եւ գեղարվեստական գրականության հարուստ ժառանգության վրա: Մի կողմ թողնելով, թե հմայիչ անձերին որտեղից է իջեցված այդ երկնային պարգեւը, փաստենք այն իրողությունը, որ գեղեցիկ արտաքինը եւ հմայքը, եթե անգամ այն դիտելու լինենք մեկ ամբողջության մեջ` փոխկապակցված, բայց եւ այնպես, տարբեր ֆենոմեններ են: Կինը կամ տղամարդը կարող են բնականից լինել գեղեցիկ, բայց զուրկ լինել հմայքից` շարմից, եւ ընդհակառակը: «Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ,- նշել է ռուս գրող Իվան Գոնչարովը: -Նայիր բութ գեղեցկուհու դեմքին, ուշադիր դիտիր նրա ամեն մի դիմագիծը, ժպիտը, հայացքը, եւ նրա գեղեցկությունը կամաց-կամաց կվերափոխվի զարմանալի այլանդակության»: (Թարգմ.՝ Ա.Ն.): Միանգամայն ճիշտ է անվանի վիպասանը: Քանի-քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես նրբագեղ կարապ հիշեցնող կինը աչքիդ առաջ ձեւափոխվում է անճոռնի ճուտիկի եւ, ընդհակառակը, «անհեթեթ» բադիկը նմանվում է շնորհաշատ, շենշող էակի: Բոլոր ժամանակների մեծագույն դերասանուհի Սառա Բեռնարը գեղեցության ու հմայքի մասին ասել է. «Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել հմայիչ: Հմայքը միաժամանակ ի հայտ է գալիս ամեն ինչում եւ ոչնչում: Այն կարող է լինել ձեզնից բխող էներգիայում, հայացքում, քայլվածքում, մարմնի կառուցվածքում, ձայնի հնչյուններում, վայելչագեղ շարժուձեւում: Ամենեւին էլ պարտադիր չէ լինել գեղեցիկ ճանաչված տղամարդ կամ գեղեցկուհի: Գլխավորը` անձնական հմայք ունենալն է»: Թարգմ.՝ Ա.Ն.): Այս բանաձեւը կարող է հավասարապես վերաբերել հայ մեծանուն դերասանուհի Սիրանույշին, ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆին, նրա հայրենակցուհի Ֆանի Արդանին, ռուս դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին, անգլուհի Մերիլ Սթրիփին, ամերիկյան կինոաստղ Ջեսիկա Փարքերին, Գալյա Նովենցին եւ շատ այլ տաղանդավոր կատարողների, որոնք ամենեւին էլ չլինելով առաջին կարգի գեղեցկուհիներ, եղել են ծայր աստիճան հմայիչ: Աշխարհահռչակ երգչուհի Պոլին Վիարդոյի մասին երկրպագուներից մեկը նույնիսկ ասել է. «Նա ցնցվելու աստիճան տգեղ է»: Այստեղ, երեւի թե, մենք գործ ունենք եզոպոսյան «աղվեսի եւ խաղողի» տարբերակի հետ, քանզի այդ կինը, չլինելով դասական առումով գեղեցկուհի` եղել է XIX դարի ամենահրապուրիչ, ամենահմայիչ կանանցից մեկը: Օրերս լրացավ անվանի երգչուհու մահվան 100-ամյակը: Այդ կապակցությամբ նրա կենսագիր, երաժշտագետ Պատրիկ Բարբիեն հետեւյալ կերպ է բնութագրում երգչուհուն. «Վիարդոն գերբնական երեւույթ էր: Նրա երկրպագուների եւ բարեկամների թվում էին Շոպենը, Լիստը, Բեռլիոզը, Չայկովսկին, Գունոն, Սեն-Սանսը, Դելակրուան, Ժորժ Սանդը, Ֆլոբերը, Զոլան: Եվ, իհարկե, Տուրգենեւը: Երգչուհու ելույթի վերջում բեմ էր բարձրանում Նապոլեոն I-ը՝ ողջունելու եւ ձեռքը համբուրելու համար»: (Մեծանուն գրող Իվան Տուրգենեւը, անմահ «Մումուի» հեղինակը, ռուս ամենաինտելիգենտ եւ վայելչագեղ գրողներից մեկը, փարիզյան սալոնների պճնամոլը` ֆրանտը, ողջ կյանքում սիրահարված է եղել Վիարդոյին, գտնվել է նրա ոտքերի տակ, բավական նվաստացած կեցվածքով: Եթե անգամ եղել են «մոմ բռնողներ», նրանք հուշեր չեն թողել, բայց Տուրգենեւ-Վիարդո կապի ողջ ընթացքը հուշում է, որ այդ սերը եղել է պլատոնական եւ արհամարհված երգչուհու կողմից): Վիարդոն ազատ տիրապետում էր հինգ լեզվի, ծանոթ էր ժամանակի գրականությանը, շնորհալի նկարիչ էր: Դելակրուան բարձր էր գնահատում նրա կտավները, որոնք պահվում են Բուժեւիլի թանգարանում: Եվ այս ամենի կողքին ասել, որ նա տգե՞ղ էր:
Դիպուկ է նկատել Սոֆի Լորենը. «Գեղեցկությունը հարաբերական հասկացողություն է: Գեղեցիկ կանանց նկատում են, իսկ հմայիչներին չեն մոռանում»: Ի դեպ, սա ասում է այն կանանցից մեկը, որոնք մասնագետների կարծիքով՝ ծնվում են 100 տարին մեկ: Հմայքը միայն կանանց մենաշնորհը չէ: Կազանովա, Լինկոլն, Բեթհովեն, Բեռնարդ Շոու, Չերչիլ, դը Գոլ, Բելմոնդո, Պիեռ Ռիշար, Վուդի Ալեն, Մհեր Մկրտչյան: Նրանք եւ նրանց նման մեծ արվեստագետներ ու քաղաքական շատ գործիչներ արտաքինով Ապոլոններ չեն եղել, սակայն շատ կանայք անքուն գիշերներ են անցկացրել նրանց պատճառով: Ասվածը չի գալիս ժխտելու, որ չկան ի վերուստ երջանիկ մարդիկ, Աստծո ընտրյալներ, որոնցում զուգորդվում են գեղեցկությունն ու հմայքը: Այդուհանդերձ, վերջին տարիներս սկսում է գերակշռել այն կարծիքը, որ եւ՛ կինը, եւ՛ տղամարդը, չլինելով հմայիչ՝ կարող են դառնալ այդպիսին: Հիշենք, թե Բեռնար Շոուի փողոցի ծաղկավաճառը ինչպես է վերածվում առաջին կարգի լեդիի («Իմ չքնաղ լեդի»): Լավ կրթությունը, ճիշտ դաստիարակությունը, ջերմություն ճառագելու, շրջապատը ընկալելու ունակությունը, հումորի զգացողությունը` հմայքի պարտադիր գործոններն են: Դրանց ավելացնենք հաճելի արտաքինը (հագուստ, հիգիենա, բուրմունք), մարմնի պլաստիկան, թավշյա ձայնը, գրավիչ միմիկան, չափված ժեստիկուլյացիան եւ այլն: Եվ գլխավորը` ժպիտը, ամենակարող եւ զինաթափող ժպիտը: Զրուցակցի եւ շրջապատի համար դուք դառնում եք հմայիչ այն դեպքում, երբ ժպիտը համոզում է, որ ձեր մեջ չկա ճնշված բացասական էներգիա, այլ կա դրական էներգիա, եւ բացակայում է ամեն տեսակի ագրեսիվությունը: Այդ դեպքում մարդիկ ինքնաբերաբար ձգտում են դեպի ձեզ, «բացվում» եւ դառնում են «մատչելի»: Կան հմայքի գաղտնիքներին տիրապետելու բազմաթիվ մեթոդներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ամենից առաջ մի բռնեք մարդկանց սխալները եւ վրիպումները` ասելով, որ նրանք ճիշտ չեն: Գյուստավ Ֆլոբերը նկատել է. «Այն ժամանակից ի վեր, ինչ գոյություն ունի քննադատությունը, այն ոչ մի հաջողություն չի ունեցել: Քննադատությամբ զբաղվում են նրանք, ովքեր ի վիճակի չեն ստեղծագործել»: Իրոք, գրական, երաժշտական, գեղանկարչական քննադատները, որպես կանոն, նրանք են, ովքեր զուրկ են ստեղծագործելու տաղանդից: «Անհնար է մարդուն սովորեցնել որեւէ բան: Միայն հնարավոր է օգնել նրան այդ որեւէ բանը գտնել իր մեջ»,- ասել է Գալիլեյը: Հաղորդակցության ընթացքում կարեւոր նշանակություն ունեն երախտագիտության եւ ուշադրության արտահայտությունները, քաջալերելու ու հիանալու ունակությունը, տեղին եւ չափավոր հաճոյախոսությունը: Ուզո՞ւմ եք հմայիչ լինել: Եթե ուզում եք, ցույց տվեք դիմացինին, որ նա ձեզ համար աշխարհի կենտրոնն է: Մեկ էլ՝ աշխատեք չսովորեցնել մարդկանց ապրել, չքննադատել, չներփակվել, չպարծենալ, չշտապել արտահայտել սեփական կարծիքը, չաշխատել ամեն կերպ երեւալ խելացի ու համակրելի, չիդեալականացնել աշխարհն ու մարդկանց, չլինել անբնական, չլինել «բարդ», չցուցադրել վատ տրամադրություն, չլինել անզուսպ:
Շարունակելի