Ուշադրություն, ֆոնոգրամա է

25/02/2010

Երբ ՀՀ Մշակույթի նախարարությունն անցյալ տարի օրենքով արգելեց պետական դահլիճներում ձայնային ֆոնոգրամայի օգտագործումը, հայաստանցիներին թվաց, որ թատրոնների ու համերգասրահների բեմերում այսուհետ հնչելու է միայն կենդանի կատարում: Ինչն էլ իր հերթին երգարվեստի դաշտը կմաքրի բերանը բացուխուփ անող, սակայն իրականում երգել չիմացող պոպ-երգիչների անդադար ներկայությունից: Այդ օրենքի ծննդյան բոցավառ ազդարարումը ենթադրում էր նաեւ, որ այն կամ ընդհանրապես չի կատարվի, կամ էլ կկատարվի, այսպես ասած` մասնակի, այսինքն` ընտրովի: Ինչպե՞ս կարելի է պարզել, թե ո՞վ է երգում ձայնալարերի լարումով, իսկ ո՞վ միայն ձեւացնում է, որ երգում է: Դա պարզելու համար միայն մեկ ճանապարհ կա. նախարարության ներկայացուցիչներից մեկը պետք է անխտիր բոլոր համերգներին ներկա լինի ու ականջակալները դրած նստի հնչյունային ռեժիսորի կողքին ու ստուգի: Ասենք, ստուգեց ու պարզեց, որ որեւէ երգիչ «պլյուսային» (երաժշտություն՝ գումարած վոկալային) ֆոնոգրամայի ուղեկցությամբ է բեմ դուրս եկել, հետո ի՞նչ պետք է արվի: Օրենքի ստեղծման օրից բավականին ժամանակ է անցել, սակայն հանրությանը հայտնի չէ ոչ մի դեպք, երբ որեւէ երգիչ (կամ էլ համերգի նախաձեռնող) օրենքի խախտման համար «պատժվել» է:

Երբ փետրվարի 14-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցնում էր «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, բոլորը զբաղված էին հիմնական հավակնորդների քննարկումով, եւ շատերի ուշադրությունից վրիպեց այն, որ բեմ բարձրացող կատարողներից մեկը խախտել է ՀՀ Մշակույթի նախարարության ստեղծած օրենքը` օգտագործելով «պլյուսային» ֆոնոգրամա: Դա երգչուհի Սիրուշոն էր, ով միգուցե այդ օրն իրեն լավ չէր զգում ու գերադասեց «չերգել»: Ընդ որում` նա դժվար թե արեց դա հանպատրաստի, վստահաբար կարելի է ասել, որ մրցույթի կազմակերպիչները գիտեին այդ մասին, սակայն որոշեցին օրենքը շրջանցել: Արդյոք օրենքի առջեւ հավասար չե՞ն բոլորը: Այլապես ստացվում է, որ եթե ստեղծվել է մի օրենք, որը չի գործում, ապա պետք է նոր օրենք հնարել` հին օրենքը բացառելու համար: