«Գաղտնիք չէ, որ տրանսպորտային միջոցի ոչ ճիշտ կայանման դեպքում` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանում են մեքենայի պետհամարանիշը: Այդ երեւույթն այնքան տարածված է, որ ոչ միայն վարորդների, այլեւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մի զգալի մասի մոտ ձեւավորվել է այն սխալ ըմբռնումը, թե դա օրինական գործողություն է»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ այդպիսով իրականում խախտվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջը: Բացի այդ, ըստ Դ. Հարությունյանի` դա իր հետ բերում է մի շարք լուրջ վտանգներ: «Ամենալուրջ վտանգն այն է, որ այդ խախտումն այլեւս հնարավոր չէ վերացնել, այսինքն` սխալ կայանված տրանսպորտային միջոցը` առանց պետհամարանիշի, չխախտելով օրենքը, օրինապահ վարորդը չի կարող վարել` շարունակելով խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը»,- ասել է Դ. Հարությունյանը` ներկայացնելով, որ ոչ օրինապահ վարորդը կվարի մեքենան՝ խախտելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը: «Քանի ժամ է անհրաժեշտ, որ օրենքի այս պահանջը կատարվի այնպես, ինչպես ամրագրված է»` դիմելով կառավարությանը, հարցրել է Դ. Հարությունյանը: «Բայց շատ դաժան եք, պարոն Հարությունյան, շատ դաժան եք, շատ»,- արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ամբիոնի մոտ հրավիրելով ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: Ըստ Գ. Դանիելյանի` այդ հարցն ամբողջությամբ վերաբերում է Ոստիկանությանը: Ապա հավելել է, թե դա իրավախախտման եզակի դեպք չէ, նման խախտումներ կարելի է շատ թվարկել: «Իհարկե, մտահոգիչ է: Կառավարության նախաձեռնությամբ մշակվել է մի նոր օրինագիծ, որը էապես կնպաստի այս ոլորտում իրավիճակի բարելավմանը»,- ասել է Գ. Դանիելյանը` նշելով, որ հանրապետությունում առկա է կայանատեղիների խնդիր: Կառավարությունը մտածում է վճարովի կայանատեղերի ստեղծման մասին: «Մենք հարցը կփոխանցենք իրավասու մարմիններին, կփորձենք հետեւել, որ սա չունենա տարածված բնույթ»,- նշել է Գ. Դանիելյանը: Վերջինիս պատասխանն ակնհայտորեն չի գոհացրել Դ. Հարությունյանին, քան որ, ըստ նրա` ինքն ակնկալում էր ավելի հստակ պատասխան` ժամկետի առումով: Նա կոչ է արել Գ. Դանիելյանին այսօր հանձնարարական տալ դրա վերաբերյալ, քանի որ օրենքով սահմանված են մեխանիզմներ, թե ինչ պետք է անի Ոստիկանության աշխատակիցը նման դեպքերում: «Պետք է ուղղակի հետեւել օրենքին»,- ասել է Հարությունյանը: