Այսօր սեպտեմբերի մեկն է՝ Գիտելիքի օրը: Իսկ դա նշանակում է, որ հարյուր
հազարավոր հայ աշակերտներ եւ ուսանողներ, ամառային արձակուրդներից հետո,
կրկին կգնան դասի:
Գնալը` կգնան, սակայն մեր օրերում հարց է ծագում` ինչի՞ համար՝
սովորելո՞ւ, շփվելո՞ւ, ամռան ընթացքում ձեռք բերած նոր շորերն ու բջջային
հեռախոսները ցուցադրելո՞ւ, «կայֆավատ ըլնելո՞ւ», թե՞ ուղղակի ժամանակ
«սպանելու»: Այս հարցին շատերը չեն կարողանում պատասխան գտնել Հայաստանի
անկախացումից ի վեր: Իննսունականների սկզբին տասնյակ հազարավոր
դպրոցականներ լքեցին դպրոցն ու կանգնեցին «դախլաների» մոտ: Նրանց ծնողների
բացատրությունը շատ պրագմատիկ էր՝ «Սովորում են ի՞նչ անեն: Մենք որ
սովորեցինք` ինչի՞ հասանք»: Կային ավելի հզոր վարկածներ՝ «Տղես բիզմեսմեն
ա դառել»: Դրա պտուղները մենք շուտով կքաղենք (եթե արդեն չենք քաղում):
Սակայն ժամանակները փոխվեցին, եւ այսօր իր տնտեսական աճով Հարավային
Կորեային «աբգոն» արած Հայաստանի օպտիմալիզացված աշակերտները գնում են
դասի, որպեսզի այնտեղ իմանան, թե «այդքան երջանիկ կյանքը ո՞վ է իրենց
պարգեւել»: Իսկ անկաշառ եւ վերստուգված բուհերի նորաթուխ ուսանողները
կհասկանան, որ լեկցիան այն չի, ինչը մինչ այդ «նրանց գլխին կարդում էին»:
Հայաստանում իրարանցում է: Ծնողները չգիտեն` ինչն առաջին հերթին գնեն՝
գրքե՞րը, որոնք շատ դեպքերում այդպես էլ ողջ տարվա ընթացքում չեն բացվի,
գրենական պիտույքնե՞րը, որոնք այդ նույն տարվա ընթացքում դեռ բազմաթիվ
անգամ կգնեն, թե՞ հագուստը, ինչն առաջին հերթին պահանջում են իրենց սիրելի
զավակները: Ուսուցիչները պատրաստվում են «նոր գործ կպցնել»: Այս օրերին
նրանք մանրամասն ուսումնասիրում են աշակերտների ծնողների աշխատավայրերն ու
շրջապատը: Ընդամենը մի քանի օր հետո շատ ծնողներ կիմանան, որ իրենց երեխան
«չի հասցնում» եւ նրա հետ պետք է պարապել: Եվ Աստված մի արասցե, եթե ծնողը
«չհասցնի» (իսկ այդպիսիք մեր օրերում շատ են): Մեկ ամիս հետո երեխան ոչ
միայն «չի հասցնի», այլ լավագույն դեպքում «կդառնա դեբիլ»: Իսկ իրական
դեբիլները, որոնց ծնողները շատ արագ հասկանում են ուսուցչուհիների
թափանցիկ «նամյոկները», ամեն օր «պապայի համար հինգ են բերում»:
Ինչպես ասում են` «մեր սեւ սիրտ, իրենց վարդագույն հեղափոխություն»: Իբր
տաս տարին «դորդ ու բեշ» են արել, հիմա էլ երկու տարի ավելի պետք է
սովորեն: Պարոնայք, ֆրանսիականի ամեն ինչը չի, որ լավն է: Մեր կրթական
համակարգը հաստատ իրենցից լավն է: Դա ոչ օծանելիք է, ոչ էլ «Պատվո
լեգեոնի» շքանշան, որ այդքան շուտ փորձում եք ընդօրինակել կամ վերցնել:
Իրականում կա մեկ ուրիշ դպրոց, որը կոչվում է՝ կյանքի դպրոց: Եվ մեր
սերունդը բավական դաժան, սակայն միեւնույն ժամանակ շատ բովանդակալից
կյանքի դպրոց անցավ: Այս տարիներին հետեւելով մեր պատգամավորներին` մենք
հասկացանք, թե ինչ է իրականում «Տորիչելյան դատարկությունը», եւ որ
Հայաստանում «նախարարի աթոռի» ձգողական ուժը Երկրի ձգողական ուժից ավելին
է (երեւի մեր նախարարների գլխին, ի տարբերություն Նյուտոնի, խնձոր չի
ընկել, ուղղակի իրենք փոքր հասակում աթոռից շատ են ընկել), որ մեր
օլիգարխները կարողացան հարստանալ լույսի արագությունից ավելի արագ: Իսկ
իրենք մինչ օրս համոզված են, որ Կուլոնը ոչ թե ֆիզիկոս է, այլ իրենց կնոջ
զարդը, որ տիտանը ոչ թե Մենդելեեւի պարբերական աղյուսակի տարր է, այլ
բջջային հեռախոսի պատյան, որ Թումանյանն ու Տերյանը ոչ թե խաչմերուկ են,
այլ ականավոր հայ բանաստեղծներ:
Ինչ խոսք, յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքում միշտ հաճույքով է հիշում իր
դպրոցական եւ ուսանողական տարիները: Դա ավելի շատ կապված է այն փաստի հետ,
որ նա ոչ թե դպրոցն ու բուհն է հիշում, այլ իր մանկությունն ու
երիտասարդությունը, որն ինքն անվերադարձ կորցրել է: Եվ ես ցանկանում եմ,
որ մեր երեխաները քսան-երեսուն տարի հետո ոչ միայն հաճույքով հիշեն իրենց
մանկությունն ու երիտասարդությունը, այլ այդ տարիներին ձեռք բերած
գիտելիքների շնորհիվ հաճույքով եւ երջանիկ ապրեն բոլոր տարիքներում, թեեւ
գիտելիք ստանալու պարագայում ես համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր
պնդում են, որ երբեք ուշ չէ: Այստեղ ես անգամ Լենինի հետ եմ համաձայն:
Մնացած բոլոր հարցերում Լենինի հետ կապ չունեցող, բայց, այնուամենայնիվ, լավատես` Ա.Ք.