Գարնանն առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ հիմա նման կրեմները պետք է փակել սառնարանում, քանի որ գարնան գալու հետ մեզ անհրաժեշտ են ավելի թեթեւ բաղադրությամբ քսուքներ: Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի ձեթի բաղադրությամբ կրեմները: Նորմալ կամ խառը տիպի մաշկի դեպքում` բավական է գլիցերինի բաղադրությամբ թեթեւ կրեմը, իսկ յուղոտ մաշկին լիովին բավական են թեթեւ գելերը, քանի որ այս տիպի մաշկին ավելորդ ճարպ պետք չէ, կարելի է պարզապես պահպանել բջիջների խոնավությունը: Հետո անպայման պետք է հոգ տանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պահպանելու մասին: Ընդհանրապես կանայք ընտրում են ցերեկային կրեմներ կամ տոնային հիմք` SPF գործոնով: Սա մոտ է տրամաբանությանը` ինչու մի քանի շերտով քսուք օգտագործել, պետք չէ մաշկը ծանրաբեռնել: Ի դեպ, քանի դեռ արեւն այնքան էլ շատ չի տաքացնում, կարելի է կատարել մաշկի խորը պիլինգ: Տարբերակները շատ են` սկսած տնային պայմաններում կատարած աղային պրոցեդուրաներից: Պիլինգն անհրաժեշտ պրոցեդուրա է, քանի որ այն ազատում է մաշկը մահացած ու կեղտոտ բջիջներից: Եթե ձեր մաշկը չոր է, ավելի լավ է հրաժարվել պիլինգից ու նման պրոցեդուրաներից, քանի որ առանց այդ էլ զգայուն մաշկը եւս մեկ անգամ ենթարկվում է վնասման: Այս տիպի մաշկն անհրաժեշտ է պարզապես առավոտյան ու երեկոյան մաքրել ոչ սպիրտային լոսյոններով: Այն խնամքով կազատի մաշկը մահացած բջիջներից ու կվերադարձնի մաշկի տոնուսը: Այս լոսյոնները լավացնում են նաեւ մաշկի արյան շրջանառությունը: Մաշկի մյուս տիպերը` յուղոտ, նորմալ ու խառը, կարելի է մաքրել ավելի ակտիվ հաճախականությամբ: Եթե դուք նախընտրում եք պիլինգը, ապա տանն ավելի լավ է օգտագործել այն, ինչը պատրաստված է մրգաթթուների հիմքով, որովհետեւ դրանց ազդեցությունը մաշկի վրա ավելի նուրբ է լինում: Տնային պայմաններում խորհուրդ չի տրվում օգտագործել քիմիական պիլինգ, քանի որ նման գործողությունները պետք է անցկացնեն մասնագետները: Սկրաբներ ու նմանատիպ բաներ կարելի է օգտագործել շաբաթվա մեջ մեկ անգամ, իսկ յուղոտ մաշկ ունեցողներին` կարելի է ավելի հաճախ: Աշխատեք ընտրել արհեստական պոլիմերային հիմքով սկրաբներ, քանի որ դրանք ավելի հարթ են ու չեն վնասի մաշկի արտաքին շերտը: Գոյություն ունեն սկրաբներ` պատրաստված խաղողի ու ծիրանի կորիզների հիմքով: Դրանք հարմար են ավելի շատ յուղոտ մաշկի համար, իհարկե, այս դեպքում եւս պետք է պաշտպանել մաշկը մեխանիկական ճնշումից: Թեկուզ յուղոտ մաշկը հաստ է բոլոր մյուս տեսակներից, միեւնույն է, այն եւս կարելի է վնասել: Եթե սկրաբի կամ պիլինգի մեջ կա սալիցիլաթթու, ուրեմն այն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, որն էլ նախընտրելի տարբերակ է մաշկի պրոբլեմատիկ հատվածների համար: Ինչպես գիտեք, հատկապես կանանց մոտ աչքերի շուրջ ամենաշուտն են սկսում կնճիռներ առաջանալ, քանի որ այս հատվածում մաշկային ծածկն ավելի նուրբ է: Կոպերի հատվածի խնամքը պետք է սկսել 20-22 տարեկանից ոչ ուշ: Կոպերի համար մի քանի դիմակները կպահպանեն դրանք շուտ կնճռոտվելուց: Օրինակ` մաղադանոսից պատրաստած պարզ ու հասարակ կոմպրեսը փակ կոպի վրա դրականորեն է ազդում կոպերի մաշկի վրա: Մաղադանոսով կարելի է մեկ այլ դիմակ եւս պատրաստել, որի համար անհրաժեշտ է նաեւ թթվասեր: 1 թեյի գդալ ծեծած մաղադանոսին ավելացնել 2 թեյի գդալ թթվասեր ու ստացված խառնուրդը լցնել թանզիֆի մեջ ու դնել աչքերին` փակ վիճակում, թողնելով 15-20 րոպե: Հաջորդ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ հում քերած կարտոֆիլ, ալյուր եւ հում կաթ: Այս ամենը լավ խառնել, լցնել թանզիֆե տամպոնի մեջ ու պահել փակ աչքերին մոտ 15 րոպե:
Կոպերի մաշկի համար շատ օգտակար է ծիրանի ձեթը: Ծիրանի ձեթը 100 տոկոսանոց ձեթ է` պատրաստված ծիրանի սերմերից, որը պատրաստվում է հատուկ եղանակով: Այն պարունակում է տրիգլիցերիդ, բնական վուշ, վիտամին F եւ այլն: Այն օժտված է բարձր կենսաբանական ակտիվությամբ, դանդաղեցնում է մաշկի կնճռոտումը: Նմանատիպ ազդեցություն ունի նաեւ դեղձի յուղը, որը պատրաստվում է նույն եղանակով:
Գարնանն աշխատեք ազատվել մի քանի վնասակար սովորություններից: Օրինակ` չարժե մազերի գույնը հաճախակի փոփոխել: Մազերի հաճախակի գունավորումը կամ քիմիական գանգրացումը փչացնում են մազերի որակը: Հեռուստաէկրանից աստղերը երեւում են գրեթե ամեն շաբաթ մազերի տարբեր գույնով, բայց պետք չէ դրանից գայթակղվել, որովհետեւ շատ հաճախ դրանք կեղծամներ են: Մազերը փչանում ու ջրազրկվում են հատկապես գունաթափումից: Ինչի մասին կարող է խոսք լինել, եթե միայն մազերը 1 տոն բաց գույնի ներկելու համար նույնիսկ, մասնագետները խորհուրդ են տալիս դա անել 7-8 շաբաթից ոչ շուտ: Իսկ եթե ռադիկալ փոփոխություն եք ուզում, ուրեմն պետք է աշխատել մազերի գույնը աստիճանաբար բացել` ամիսների ընթացքում: Մազերը մուգ գույնի ներկելը պակաս վնաս է մազերին, քան գունաթափումը, քանի որ մազին դուք գույն եք տալիս եւ ոչ թե` զրկում վերջինիս իր սեփական պիգմենտից: Մազերը մուգ գույնի կարելի է ներկել յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ, իսկ եթե ներկը ամիակ չի պարունակում, նույնիսկ` 3 շաբաթը մեկ: Եթե մազերը գունաթափում եք, ապա գոնե օգտագործեք դիմակներ` նախատեսված մազերի համար:
Վնասակար սովորություն է համարվում նաեւ դեմքի մաշկը առանց մաքրելու անկողին մտնելը: Եթե նույնիսկ օրվա ընթացքում չեք օգտագործել հիգիենիկ կոսմետիկական միջոցներ կամ դիմահարդարում, միեւնույն է, մաշկի վրա հավաքվում է մեծ քանակությամբ աղտ ու մաշկային ճարպ: Դրանք փակում են մաշկի ծակոտիները` չթողնելով, որ այն «շնչի»: Իսկ դա էլ հանգեցնում է պզուկների առաջացմանը, մաշկի այտուցվածությանը, եւ երբեմն նույնիսկ՝ մաշկի ուժեղ բորբոքման: Դրությունն ավելի կարող է բարդանալ, եթե դուք պառկում եք քնելու դիմահարդարված:
Վնասակար սովորությունների թվին է պատկանում արդեն բազմիցս նշված սոլյարին, որն, իզուր չէ, որ կոսմետոլոգիայում անվանում են ծերության ճառագայթներ: Եղունգների կուտիկուլաներ կտրելը եւս պատկանում է վնասակար սովորությունների թվին: