Սեպտեմբերին պատահած ծանր դեպք

07/09/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Սեպտեմբերի 1-ն իշխանությունների համար տոն է։ Նրանք ամեն տարի այն
դիմավորում են տոնական ասուլիսներով։ Պատմում են, թե որքան փող են ծախսել
ամառվա ամիսներին, քանի դպրոց են նորոգել, քանի դպրոցի կտուր կարկատել։ Մի
քանի տարի առաջ Հանրային հեռուստատեսությունը երկու ամիս շարունակ
գովազդում էր, որ առաջին դասարան գնաց 44 հազար երեխա։ Այս տարի տոնական
տրամադրություն չկա։ Սպասվող բազմաթիվ ասուլիսներից ընդամենը մեկը
կայացավ։ Քաղաքապետարանի պաշտոնատարները տեղեկացրին, որ Երեւանում
2005-2006 ուստարում առաջին դասարան կգնա մոտ 12.600 երեխա։ Սա աննախադեպ
ռեկորդային ցածր թիվ է։ Ծնելիության ցածր ցուցանիշները, որ 1994-ից
արձանագրում է ժողովրդագրությունը, արդեն նկատելի է դառնում անգամ
իշխանություններին։ 1985-92 թթ. ժողովրդագրական բում էր, որին տնտեսական
ճգնաժամի հենց սկզբից հաջորդեց ծնելիության անկումը։ Հոդվածին կից
աղյուսակում բերված են ծնելիության ցուցանիշները` սկսած 1994-ից։ Այս
թվերից դժվար է հստակ պատկերացնել, թե որքան առաջին դասարանցի կունենանք
այս ուստարում։ Մի քանի պատճառով է դժվար պատկերացնել։ Նախ` վերջին 1-2
տարին դպրոց էին ընդունում նաեւ 6-6,5 տարեկան երեխաներին։ Ուստի պարզ չէ,
թե որ թվականին ծնված երեխաներն են այս տարի առաջին դասարան գնում։ Մի
կողմից` կար նախարարության թույլտվությունը, մյուս կողմից` նույնիսկ
դպրոցներն իրենք էին շահագրգռված շատ աշակերտ ունենալ։ Պատճառը
հանրակրթական դպրոցի ֆինանսավորման նոր ներդրված համակարգն է։
Յուրաքանչյուր դպրոց ֆինանսավորվում է հաճախող աշակերտների թվաքանակով։ 5
տարեկան երեխաներ դպրոց ընդունելու տնօրենների շահագրգռվածությունը
զսպելու նպատակով քաղաքապետարանը հատուկ հանձնաժողով ստեղծեց, որովհետեւ
նախորդ տարիներին 6 տարեկաններին դպրոց «հրապուրելով»` այս տարվա
աշակերտների թիվը կտրուկ նվազեցվել է։ Միայն Երեւանում սեպտեմբերին դպրոց
կգնա 700-ից պակաս առաջին դասարանցի, քան նախորդ տարի։ Սա պաշտոնական
տվյալ է։ Մինչդեռ իրականում սեպտեմբերի 1-ի նախօրյակին հրապարակված այս
թիվը հեռու է իրականից։ Տնօրենները սովորաբար մի քանի տասնյակ հավելյալ
աշակերտ են գրանցում։ Մեկ-երկու շաբաթ հետո նախարարությունը հաշվետվության
մեջ նշված աշակերտների թվով հաստատում է տվյալ դպրոցի ուստարվա
ֆինանսավորումը։ Այս պահից հետո այդ հավելյալ ազգանունների դիմաց նշվում
է. «Գործերը հետ են վերցվել»։ Սովորաբար ավելացվում է` «Հայաստանից
մեկնելու պատճառով»։ Այսինքն` նոյեմբերին պազվում է, որ աշակերտների
պաշտոնապես հրապարակված թիվը նվազում է (մոտ` 3-10%)։ Այսինքն`
հասարակությունը երբեք չի ստանում օբյեկտիվ ժողովրդագրական պատկեր ո՛չ
հանրակրթական դպրոցների, ո՛չ ծնունդների թվի մասին։ Նաիվ է ենթադրել` եթե
2001թ. Հայաստանում ծնվել է 33.900 երեխա, ապա այսօր 4 տարեկանների թիվը
հենց այդքան է։ Այս ցուցանիշը նվազեցնող երկու օբյեկտիվ գործոն կա։ Նախ`
պաշտոնապես հրապարակվում է, որ մինչեւ մեկ տարեկան երեխաների
մահացությունն աղետալի աճել է (կազմելով մոտ 5%)։ Երկրորդ` կա նաեւ
արտագաղթի անհաշվառելի գործակիցը։ Կալիֆոռնիայի հայ համայնքի տվյալներով`
այդ նահանգի քոլեջներում ու բուհերում մոտ 15 հազար հայ ուսանող է
սովորում։ Նրանց մեծամասնությունն այն երեխաներն են, որ պիտի մեր
հանրակրթական ավագ դպրոցում ու բուհերում սովորեին։ Տրամաբանությամբ
վիճակագրական այս աղետն իր վրա պետք է առաջինը զգար նախադպրոցական
համակարգը։ Բայց մսուր-մանկապարտեզների ցանցը վաղուց է վերացված, իսկ
ծննդատներն ու մանկական պոլիկլինիկաները Հայաստանում երբեք լուրջ ակնկալիք
չեն ունեցել պետբյուջեից։ Այնպես որ, ծնելիության նվազման բացասական
հետեւանքներն առաջինը կկրի հանրակրթական դպրոցն` իր օպտիմալացման
հանրահայտ բարեփոխումով։ Ժողովրդագրական անբարենպաստ վիճակը հայ
տնտեսագետները գիտական մակարդակում լրջորեն վերլուծել են։ Տնտեսագիտական
հրապարակումներում կան թե՛ պատճառների, թե՛ հետեւանքների
վերլուծություններ։ Ամուսնությունների թվի նվազումը, ամուսնացողների եւ
առաջնածին մայրերի միջին տարիքի աճը, վերարտադրության տարիքի սերնդի
արտագաղթը, բնականաբար, ժողովրդագրական պատկերի վատթարացման պատճառ է
դարձել։ Սակայն այս ուսումնասիրությունները երբեք իշխանությունների
ուշադրությանը չեն արժանացել։ 2003-ին, երբ 1994-ից սկսած Հայաստանում
ավելի շատ երեխա ծնվեց, քան նախորդ տարի, իշխանություններն իրար անցած
թմբկահարում էին այդ փաստը։ Ներկայացվում է, որ ժողովրդագրական ճգնաժամը
հաղթահարված է եւ իրավիճակը շտկվում է։ Այն, որ սա մոլորություն է, կարելի
է համոզվել համեմատելով երկու թիվ։ Այս տարի Երեւանում դպրոց է գնալու
12.650 աշակերտ, մինչդեռ անցած տարի Երեւանում ծնվել է ավելի քիչ երեխա`
11.947 (հիշենք մահացության ցուցանիշը եւ արտագաղթի հեռանկարը)։ Հետեւաբար
կարելի է ասել, որ 6 տարի հետո երեւանցի առաջին դասարանցիները թիվն ավելի
փոքր է լինելու այս տարվա թվից։ (Իհարկե, հաշվի ենք առնում աշակերտներ
հավելագրելու հմտության աճը): Դպրոցականների թվի նվազումն առաջին
դասարանցիներով չի սկսվում։ Այն սկսվել է արդեն մի քանի տարի։ Ի վերջո,
դպրոցների օպտիմալացումը դրա արդյունքն է։ Այնպես որ, ժողովրդագրության
արձանագրած բացասական հետեւանքներն իրենց վրա հերթով կրելու են
հանրակրթական դպրոցը, բարձրագույն կրթության համակարգն ու բանակը։ Ցավով
պիտի արձանագրենք, որ այդ բացասական ազդեցությունը ո՛չ հիմա, ո՛չ էլ
նկատելի ապագայում չի զգա աշխատանքի շուկան։ Իրական աշխատատեղերի
բացակայության պատճառով։