Հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող նախաձեռնություններն Ազգային ժողովում ավելանում են:
Անցած ուրբաթ ՀՀ կառավարությունն էր հրատապ կարգով օրենսդրական նախաձեռնություն ներկայացրել, որով առաջարկում էր փոփոխություն կատարել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում: Կառավարության օրինագծի համաձայն՝ ՀՀ նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը կարող են ցանկացած պահի ետ կանչել ստորագրված միջազգային պայմանագիրը, միակողմանի դադարեցնել կամ կասեցնել դրա գործողությունը` տեղյակ պահելով մյուս կողմերին: Նմանատիպ մի փոփոխություն էլ նախապատրաստվում է ԱԺ կանոնակարգ-օրենքում: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ուրբաթ օրը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով, իր խոսքերով, ուզում է ԱԺ կանոնակարգ-օրենքի 93-րդ հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել վերնագրին: Հոդվածը կոչվում է «Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունման կարգ»: Բայց, պատգամավորի ասելով, արդեն հոդվածի բովանդակության մեջ կասեցման ու չեղյալ հայտարարելու վերաբերյալ անդրադարձ չկա: «Ես դրանք ավելացրեցի: Տեքստում ավելի շատ խոսվում է պայմանագրերի վավերացման մասին: Համապատասխան տեղերում հոդվածի վերնագիրը համապատասխանեցրել եմ բովանդակությանը»,- ասում է Վ.Դալլաքյանը:
Պատգամավորն ընդունում է, որ իր նախագիծը կապ ունի հայ-թուրքական արձանագրությունների հետ: Բացի այդ, այն կապ ունի նաեւ կառավարության` վերը նշված օրինագծի հետ: Ավելին, Վ.Դալլաքյանի օրինագիծը կառավարության օրինագծի տրամաբանական շարունակությունն է: «Երբ կառավարությունն իր նախաձեռնությունն արեց, ես սկսեցի կանոնակարգի հետ համեմատել, թե այդ ընթացակարգն ինչպես պիտի լինի: Եվ տեսա, որ 93-րդ հոդվածի վերնագիրն ու բովանդակությունն իրար չեն համապատասխանում: Սա, ըստ էության, վերնագիրը բովանդակությանը համապատասխանեցնելու գործընթաց է, որը կանոնակարգելու է ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հարցերը, այլ ընդհանրապես միջազգային բոլոր կարգի համաձայնագրերը: Մենք հիմա չկենտրոնանանք միայն հայ-թուրքականի վրա: Պարզապես արձանագրությունները նպաստեցին, որ ես մեկ անգամ եւս խորությամբ ուսումնասիրեմ կանոնակարգի այս նորմը եւ թերությունները հայտնաբերեմ: Մինչեւ հիմա կանոնակարգը թերի է եղել»,- ասաց Վ.Դալլաքյանը:
Վ.Դալլաքյանի այս օրինագծով կանոնակարգը անթերի կդառնա, թե ոչ, դեռ կպարզվի ԱԺ-ի գործունեության ընթացքում: Իսկ անցած շաբաթ կառավարության ներկայացրած նախաձեռնությունը վերացնում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի բազմաթիվ թերություններից միայն մեկը: Պարզապես այս փուլում պետք էր հապշտապ իրականացնել արձանագրությունների հետ կապված փոփոխությունները: Եվ ամենայն հավանականությամբ՝ ԱԺ-ն դա կանի այս քառօրյայի ընթացքում: Իսկ ընդհանուր առմամբ հատկանշական է, որ հայ-թուրքական հարաբերություններում նախաձեռնողական քաղաքականություն վարող ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն այս անգամ էլ որոշել է նախաձեռնություն դրսեւորել հակառակ ուղղությամբ: Արդյո՞ք այդպիսով հայկական կողմը փորձում է «ճնշել» Թուրքիային, թե հայ-թուրքական հաշտեցման գործընթացն իսկապես փակուղում է հայտնվել: Չէ՞ որ ստորագրելուց հետո Թուրքական կառավարությունը դրանք ուղարկել է խորհրդարան, եւ արդեն 4 ամիս է՝ դրանց քննարկման ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել եւ սպառնում է դրանք չվավերացնել, եթե ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի: