ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Ոստիկանությունում սկսել են հետաքննել ուրբաթ օրը Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների կազմակերպած երթի ժամանակ ակտիվիստների եւ Ոստիկանության կարմիր բերետավորների միջեւ տեղի ունեցած ընդհարման հանգամանքները: Ըստ տեղեկատվության, «փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին, Կորյունի փողոցի թիվ 19 հասցեում գործող ՀԱԿ կուսակցության վարչության շենքի մոտից ՀԱԿ-ի կողմից կազմակերպվել եւ անցկացվել է չարտոնված երթ` Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա երթուղով, որի ընթացքում մասնակիցները Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 6 շենքի մոտ դուրս են եկել փողոցի երթեւեկելի մաս` խոչընդոտելով երթեւեկությանը, իսկ կազմակերպիչներից` 1992 թ. ծնված Սարգիս Ղազարյանը, մասնակիցներին կոչ է արել շարունակել երթն ու ղեկավարելով նրանց` նոր մարդկանց է ներգրավել միջոցառման մեջ: Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 1992թ. ծնված Սարգիս Գեւորգյանը, 1988թ. ծնված Սերգեյ Գասպարյանը, 1991թ. ծնված Վահագն Գեւորգյանը, 1987թ. ծնված Արեգ Գեւորգյանը, 1981թ. ծնված Տիգրան Առաքելյանը եւ 1987թ. ծնված Վարագ Նահապետյանը: Բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է հետաքննություն»: