Այդ պատճառով էլ ընտրություն կատարելիս, մանավանդ՝ հիվանդի համար ուտելիք
պատրաստելիս, վստահաբար հավի միս ենք գնել: Սակայն որոշ սննդաբաններ
պնդում են, որ հավի միսն ամենադժվարամարսն է. եթե տավարի միսը մարսվում է
6 ժամվա ընթացքում, անյուղ խոզի միսը՝ 5, ոչխարի միսը՝ 7 եւ ձուկը՝ 2
ժամվա ընթացքում, ապա հավի միսը պահանջում է առնվազն 8 ժամ եւ,
մասնագետների բնութագրմամբ, բավականին թանկ է նստում մարդու օրգանիզմի
վրա՝ հեշտ ու անհետեւանք չի մարսվում: Իսկ Գյուղնախարարության
Անասնաբուժության տեսչության պատասխանատուները հակառակն են պնդում:
«Ձկից հետո հավի միսն է ամենահեշտ մարսվում,- ասում է Անասնաբուժության
տեսչության պետ Գրիշա Բաղյանը: -Բացի դրանից, հավի միսը հարուստ է մեր
օրգանիզմի համար շատ անհրաժեշտ վիտամիններով ու սպիտակուցներով»:
Տարիներ առաջ Հայաստանում արտադրվող ու ներմուծվող թռչնամսի մեջ կար լավի
ու վատի տարբերակում. լավն էր համարվում տեղական արտադրությանը: Որակական
այդ տարբերությունն այսօր վերացել է, եւ տեղում արտադրվող թռչնամիսն իր
որակով կարծես թե չի գերազանցում ներկրվողին: Այսօր լավն է համարվում
միայն տնական հավն ու ձուն: Արտադրողներն այս կարծիքի հետ, բնականաբար,
համաձայն չեն: Ամեն օր մենք տեսնում ու լսում ենք էկոլոգիապես մաքուր,
ալպյան արոտներից սերված թռչնամսի ու ձվի գովազդները: Եվ մսակեր հայերն
էլ՝ ի գիտություն ընդունելով այս հանգամանքը, տեղական արտադրության հավի
միսն առավել շատ են սպառում: Մանավանդ, որ այն ավելի էժան է, քան տավարի
ու խոզի միսը: Հայաստանում գործող թռչնաբուծական 9 ֆերմաներն այսօր պահում
են մոտ 3 մլն 700.000 հավ եւ ապահովում են իրացվող թռչնամսի մոտ 50
տոկոսը: Գյուղնախարարության տվյալներով՝ 2004թ. Հայաստանում սպառվել է
տեղական արտադրության 5400 տոննա, իսկ մաքսային տվյալներով՝ ներմուծված
մոտ 11000 տոննա թռչնամիս: Ի տարբերություն մսի, ձուն, օրինակ, չի
ներկրվում: 2 մլն 340.000 ածան հավերն էլ օրական ապահովում են մոտ 2 մլն
ձու, մոտավորապես այդքան էլ տալիս են տնական հավերը: Եվ դա հանրապետության
ձվի պահանջարկն ամբողջությամբ բավարարում է, նույնիսկ մի փոքր էլ Վրաստան
է արտահանվում: Իհարկե, ողջունելի է, որ ձվի ներմուծումն իսպառ վերացել է
հօգուտ տեղական արտադրողի: Սակայն, մյուս կողմից էլ, ներմուծման
բացակայությունն այստեղ առաջացրել է մենաշնորհային իրավիճակ: Ձու
արտադրողները կարծես թե ներքին համաձայնությամբ ապրանքի գինը պահում են
նույն սանդղակի վրա:
«Եթե ներմուծում լինի, ձուն այսքան թանկ չի լինի,- ասում է
«Անասնաբուժական եւ հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոնի» տնօրեն Շմիդտ
Վարդապետյանը: -Ձվածեղը դարձել է թանկ կերակուր: Եթե առաջ 4 ձուն ու 2
պոմիդորը իրար հետ կշտացնող ու բավական էժան տարբերակ էր, այսօր այդ
կերակուրն արդեն էական գին ունի»:
Տեղական արտադրողները պնդում են, որ ներմուծվող ձուն բնական ճանապարհով՝
մրցակցության արդյունքում է իր տեղը զիջել տեղական ձվին: Այս դեպքում
ինչո՞ւ է ներկրվում հանրապետությունում իրացվող թռչնամսի մեծ մասը:
Ինչպե՞ս է, որ մեր արտադրողները կարողանում են Հայաստանը ձվով ապահովել,
իսկ հավի մսով՝ ոչ: Պատճառը ներմուծվող եւ տեղում արտադրվող թռչնամսի
գնային տարբերությո՞ւնն է, թե՞ այստեղ նշանակություն ունի ներկրողի ով
լինելու հանգամանքը: Միգուցե բրոյլեր տեսակի, այսինքն՝ մսատու
թռչնաբուծությունը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ՞: Մեր բնակչության
կեսից ավելին սոցիալական ծանր պայմաններում է ապրում եւ ի վիճակի է գնել
ներմուծված 800 դրամանոց հավի բուդը, մինչդեռ տեղականը կրկնակի թանկ արժե:
Նույնիսկ կարծիք կա, որ արտադրողները ներմուծված միսը շուկա են հանում
տեղական փաթեթավորմամբ եւ ստանում գերշահույթ: Սա ընդամենը շրջանառվող ոչ
պաշտոնական տեսակետ է, իսկ պաշտոնական վիճակագրությունը, բնականաբար,
հակառակն է ապացուցում: Տեղական արտադրողներն իրենց ապրանքի թանկությունը
բացատրում են ներկրվող կերի թանկությամբ: Իսկ արժե՞ արդյոք այս
պայմաններում թանկ արտադրություն կազմակերպել, եթե ներմուծվողի ու տեղում
արտադրվողի որակական տարբերությունը չնչին է: Հավանաբար տեղական
արտադրություն ունենալու եւ աշխատատեղեր ապահովելու համար, արժե: Բայց
այստեղ խնդիրը միայն թռչնակերի եւ տեղական թռչնամսի թանկությունը չէ: Շատ
մտահոգիչ է նաեւ որակը: Հայտնի է, որ կենդանուն կամ թռչունին ժամանակից
շուտ մսատու դարձնելու համար կերն արհեստականորեն հարստացվում է քիմիական
տարբեր բաղադրություններով: Այս տարբերակն օգտագործվում է նաեւ զարգացած
շատ երկրներում: Հայաստանը բացառություն չէ, այդ պատճառով էլ արտադրվող
թռչնամիսը ներկրվողի պես անորակ է: Մանավանդ, որ ներկրվում է հարստացված,
ասում են, նաեւ՝ ժամկետանց կեր, որը ենթակա է ուղղակի ոչնչացման: Մեր
ներկրողները էժան կեր եւ մեծ շահույթ ստանալու համար այս տարբերակն են
օգտագործում: Ներկրվող կերը լաբորատոր նորմալ փորձաքննության չի
ենթարկվում: Գյուղնախարարությունից պարոն Բաղյանը մեզ հետ հեռախոսազրույցի
ժամանակ ասաց, որ ներմուծվող թռչնակերը ստուգվում է միայն վարակիչ
հիվանդությունների հարուցիչներից ապահով լինելու համար, իսկ կերի
բաղադրությունը նորմալ չի ստուգվում: Իսկ մեր զրուցակից բժիշկ-սննդաբանը,
որը չցանկացավ ներկայանալ, բացատրեց, որ ներկրվող կերի մեջ հորմոնալ
հավելումներն այնքան շատ են, որ տարիներ հետո աղետալի հետեւանքներ են
ունենալու: Բանն այն է, որ այդ հորմոնները չափազանց վատ են ազդում մարդու
առողջության վրա:
«Շատ մեծ է լինելու բացասական ազդեցությունը մեր ապագա սերնդի վրա,- ասում
է մեր զրուցակիցը: -Հորմոնալ հավելումները, շատ հիվանդությունների հետ
միասին, նաեւ անպտղություն են առաջացնում, իսկ մեր ազգի պարագայում դա
անթույլատրելի է: Մտածել է պետք: Գոնե բնակիչներն իրենք գիտակցեն ու
հրաժարվեն հավի միս ուտելուց»:
Գյուղնախարարությունը կամ ինչ-որ մի կառույց այսօր նման
ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն կամ ցանկություն չունի:
Կամ էլ սոցիալական այս ծանր պայմաններում նման ուսումնասիրությունն ու
բացահայտումները բոլորովին էլ ձեռնտու չեն անընդհատ տնտեսական աճ գրանցող
իշխող համակարգին: Մեր ազգաբնակչությունն այսօր վարժվել է այն մտքին, որ
տեղական արտադրության սննդամթերքը ներմուծվողից էկոլոգիապես ավելի մաքուր
է: Որոշ դեպքերում սա ճիշտ է: Մինչդեռ հավի մսի եւ ձվի պարագայում
կասկածելի է: Հորմոններով ուռած անորակ հավերն ու ձվերը մեզ հիմա
կկշտացնեն ու լուռ կպահեն: Իսկ առողջ սերնդի ու ապագայի մասին թող մտածեն
տեսաբանները: