Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի վարչական տարածքը 3300 հա է: Այստեղ, ինչպես շատ գյուղերում, ճանապարհները, չնայած «ջիփատերերի» քանակին` աննկարագրելի վատ վիճակում են: 6270 բնակչություն ունեցող Երանոսի պարծանքը նաեւ պարսպապատ դղյակներն են ու նրանց «առյուծապաշտ» բնակիչները: Վերջիններս իրենց անմատչելի տները զարդարել են առյուծի մեծ ու փոքր գլուխներով: Իսկ գյուղապետարանի շենքը կարծես քաղաքապետարանի փոքրիկ մոդելը լինի: Եվրոպատուհաններով ու եվրոդռներով վերանորոգված շենքի ներսում յուրաքանչյուր սենյակի դռան վրա փակցված են գյուղապետարանի ստորաբաժանումների անվանումները: «Մեր գյուղում պրոբլեմ չկա: Մենակ աշխատանք չկա: Կարաս դուխով գրես, որ գյուղի բնակչության 100 տոկոսը Ռուսաստանում ա»,- գյուղամիջում ասացին երիտասարդ երանոսցիները: Սեփական հիմնախնդիրների նկատմամբ անտարբերությունը հասել է նաեւ Երանոսի թիվ 2 դպրոց: Ձնհալն ու ցեխը դպրոց տանող ճանապարհը դարձրել են անանցանելի: Դպրոցն ունի 5 մասնաշենք, որոնցից որեւէ մեկը, սակայն, կրթօջախի տպավորություն չի թողնում: Առաջին հայացքից այս շենքը հիշեցնում է սովետական ժամանակներից մնացած մի մեծ գործարան` կիսափլված, առանց պատուհանների ու բակում կանգնած անսարք տրակտորով: 341 աշակերտ ունեցող դպրոցի ներսում ջրատար խողովակները վաղուց պայթել են ու խոնավությունը տարածել ամենուր: Դասասենյակների դռները ոչ թե կողպված են, այլ` մեխված: Մինչեւ 2009թ. սեպտեմբերը դպրոցը չուներ սանհանգույց: Նախկին սանհանգույցների դռները ժանգագույն թիթեղներով փակվել էին: Ըստ աշակերտների` իրենք դպրոցի բակում էին բավարարում սեփական կարիքները: Միայն 2009թ. սեպտեմբերից դպրոցի նորանշանակ տնօրեն Սաշա Բավեյանի նախաձեռնությամբ դպրոցն ունեցավ իր միակ սանհանգույցը: «Ինչ էլ լինի, մենք սիրում ենք մեր դպրոցը: Համ էլ դպրոցը հո մենակ շենքը չի՞: Դպրոցը մեզ համար մեր ուսուցիչներն են»,- ասացին 6-րդ դասարանի աշակերտները, ովքեր դասերից հետո հերթապահություն էին կազմակերպել: Նրանցից մեկն ավլում էր հատակը, իսկ երկուսը` սեղաններն էին մաքրում: «Մենք ունենք նաեւ մեր հերթապահության օրերը»,- ավելացրեցին նրանք, որոնք մաքրման աշխատանքները կատարելիս` կորել էին սենյակում բարձրացած փոշու մեջ: «Էս դպրոցը հիմնվել է 1980-ական թվականներին: Նախկինում դպրոցն ուներ 780-ից ավելի աշակերտ: Տարիներ առաջ դպրոցն իբր վերանորոգվեց` մի քանի եվրոդուռ դրեցին, մի քանի սենյակ էլ փչեցին: Բայց էդ դռները ոչ կարող էին բացել, ոչ էլ փակել: Մեր դպրոցի համար պետբյուջեից մոտ 30 միլիոն դրամ էր դուրս գրվել»,- ասացին ուսուցչանոցում հավաքված ուսուցիչները: Նրանց համոզմամբ` պետբյուջեից դուրս գրված այդ ամբողջ գումարը Գեղարքունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանը յուրացրել է, եւ որպես գումարը «նպատակին» ծառայեցնելու ապացույց` դպրոցի «վերանորոգման» գործին է կցել իր հորաքրոջ որդիներին, որոնք էլ տեղադրել են եվրոդռները ու ներկել պատերը: Ընդհանուր ծախսը` ըստ դպրոցի ուսուցիչների, նույնիսկ 1 միլիոն դրամի չի հասնում: «Դրանից ընդամենը մի քանի ամիս անց ամբողջ պատերը սկսեցին թափվել»,- ավելացրեցին ուսուցիչները, որոնք ստիպված են արդեն լուռումունջ աշխատել դպրոցի շենքային սարսափելի պայմաններում: Վերջիններս հույսները դրել են ԶԼՄ-ների վրա, որոնք կկարողանան բարձրաձայնել այս ամբողջ ճշմարտությունը, որը տարիներ շարունակ ծածկվել էր նախկին մարզպետի բարձր հովանավորչությամբ: Ի դեպ, գյուղի մյուս` թիվ 1 դպրոցի շենքն ամբողջությամբ վերանորոգված է ու ապահովված է կահ-կարասիով: «Ուղղակի չգիտենք, թե մեր դպրոցն ինչի՞ էսպես անուշադրության մատնեցին»,- ուսուցչանոցի վառարանի մոտ կծկված՝ մտահոգվում էին Երանոսի թիվ 2 դպրոցի աշխատակիցները` անտարբեր նայելով պատուհանից դուրս, որտեղ կրկին դղյակներն էին, գյուղապետարանի եվրոշենքը ու ջիփերի քարավանները: