Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին գործադուլ հայտարարած «Վաղարշ եւ Որդիներ» (Ոսկու շուկա), «Տաշիր» եւ «Մալաթիա» տոնավաճառների անհատ ձեռներեցները, որոնք դժգոհում էին հարկային փոփոխություններից ու ՊԵԿ աշխատակիցների գործունեությունից:
Օրենսդրական փոփոխությունների համաձայն, 2010թ. հունվարի 1-ից տոնավաճառների առեւտրականները դադարել են համարվել հաստատագրված հարկ վճարողներ եւ տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ: Եվ եթե նախկինում նրանք վճարում էին ամսական միայն 14.000-18.000 դրամ հաստատագրված վճար եւ 5000 դրամ սոցվճար (եթե նրանց կողմից տրամադրված ՀԴՄ-ների շրջանառությունը չէր գերազանցում 58.8 մլն դրամը), ապա այժմ գանձվելու է 2%` տարեկան շրջանառությունից եւ 1% էլ տարեվերջին հաշվարկված եկամուտներից: Բացի այդ, ինչպես նշում էին տոնավաճառի աշխատակիցները, նախատեսվում է իրականացնել գույքագրում եւ գույքագրված ապրանքի (ոսկեղենի) ողջ արժեքից 11%-ի չափով միանվագ գանձում: Տոնավաճառի աշխատակիցները նախ եւ առաջ դեմ են այդ գույքագրմանն ու 11% վճարին: «Ապրանքի արժեքը հայտնի չէ նույնիսկ մեզ, եթե վրան գրված է, ասենք, 50 հազար, դա չի նշանակում, թե ես 50 հազարով կվաճառեմ: Բացի այդ, ոսկեղենը հիմնականում հավաքվել է տարբեր տարիների ընթացքում, ու այդ ժամանակ ոչ ոք մեզանից թուղթ չէր ուզում, այդ ոսկեղենը կտրոն չունի: Շատ հաճախ տարբեր մարդիկ կարիքից դրդված` բերում-հանձնում են իրենց ոսկեղենը մեզ, որպեսզի վաճառենք: Մենք նրանցից ի՞նչ փաստաթուղթ ուզենք»,- ասում էր «Վաղարշ եւ Որդիներ» տոնավաճառի աշխատակից Մարտին Միսաքյանը: «Սեղանի վրա դրված ապրանքի համար ես հարկ տվել եմ, այդ ապրանքների մեծ մասը 5-6 տարվա հնության են: Բայց հիմա նորից գալիս-ասում են` գույքագրում անենք, 11% են վերցնում, տարվա վերջում էլ կգան-կասեն` այդքան շրջանառություն ես ունեցել, էսքան պտի վճարես: Դուրս է գալիս, որ նույն ապրանքը 2-3 անգամ հարկում են»,- նշեց նույն տոնավաճառի մեկ այլ աշխատակից` Լյովան: Ըստ նրա՝ նոր օրենսդրական փոփոխությունը ՊԵԿ-ի աշխատակիցների համար ստվերային եկամուտներ ապահովելու նպատակ է հետապնդում: «Գալիս ստիպում են մեզ, որ մենք հարկային դաշտից դուրս գանք, դառնանք ավազակ ու գող: Բայց մենք չենք ուզում այդպես, ուզում ենք հանգիստ քնել ու հարկերն էլ պետությանը մուծել, որ գնա բյուջե, ոչ հարկայինի անձնական գրպանը»,- ասում էր Լյովան: Ի դեպ, ՊԵԿ տեսուչներից շատերը, ըստ տոնավաճառի աշխատակիցների, սովորաբար կաշառքի առաջարկ են անում: Մեծ գումարի տուգանքներ գրելու փոխարեն՝ առաջարկում են, ասենք, դրա կեսի չափով կաշառք տալ: Ինչպես պատմում էին աշխատակիցները` ամեն ստուգման ժամանակ ՊԵԿ որոշ ներկայացուցիչներ մի քանիսին անպայման տուգանում են, մի քանիսից էլ չափազանց մեծ գումարի տուգանքի սպառնալիքի տակ կաշառք են վերցնում: Իսկ ՊԵԿ ներկայացուցիչներից ոմանք, ըստ տոնավաճառների աշխատակիցների, սովորաբար մոտ 20 հոգով մտնում են շուկա, համոզում-խնդրում են վաճառողներին՝ վաճառել ապրանքը առանց ՀԴՄ-ի ու արտարժույթով, հետո գալիս ու տուգանում են: «Ասում են` ժամանակ չկա, որ գնամ դոլարը սարքեմ դրամ, կամ ասում են` տո ես էդ ՀԴՄ-ն ի՞նչ եմ անելու: Հասնելով իրենց նպատակին՝ գնում են, հետո երկու ժամից գալիս է տեսուչն ու սկսում տեռորը բառիս բուն իմաստով»,- պատմում էր Մ. Միսաքյանը: Ըստ նրա, իրենք համաձայն են ավելի շատ հաստատագրված վճար մուծել: «Եթե հաստատագրված գումարի չափը իրենց չի հերիքում, շատ նորմալ ձեւ կա` թող կազմեն իրենց հանձնաժողովը, մեր ներկայացուցիչները գնան նստեն բանավիճեն, գան ընդհանուր հայտարարի»,- ասաց նա: Գործադուլավորները որոշել են դիմել նաեւ ՀՀ Նախագահին եւ ԱԺ-ին: «Խնդրում ենք կատարել բազմակողմանի ուսումնասիրություն, ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան գերատեսչությունների մասնագետների, ինչպես նաեւ շուկաների ներկայացուցիչների` օգնելու մեզ այս ճգնաժամային վիճակից դուրս գալու եւ գործազուրկների շարքերը չհամալրելու համար»,- նշված է դիմումում: Դիմումատուները պահանջում են նաեւ մի քանի միջոցառումների իրականացում, մասնավորապես` հարկային օրենսդրության վերանայում՝ «վերադառնալով հաստատագրված հարկային վճարի», գույքագրման դադարեցում` «կասեցնելով 11% ԱԱՀ-ի վճարումը», եւ հարկային տեսուչների կողմից իրականացվող օրինախախտումների հետաքննում` «կանոնակարգելով ստուգումների գործընթացը, կանխելով բոլոր տեսակի կոռուպցիոն վտանգները»: Դիմումատուները նաեւ հայտնում են, որ մինչեւ նշված հարցերի կարգավորումը իրենք շարունակելու են անժամկետ գործադուլը` հրաժարվելով հարկեր վճարելուց, եւ որ պատրաստ են նաեւ հրաժարվել ԱՁ իրենց կարգավիճակից: Վաղը ժամը 11:00-ից նրանք դարձյալ հավաքվելու են ՀՀ Կառավարության շենքի դիմաց:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն տեղեկանք էր հրապարակել, որում ասվում էր, որ 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում «Վաղարշ եւ Որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում տեղադրված 751 ՀԴՄ-ներից 63.2%-ի մոտ կամ 472 ՀԴՄ-ով ստացվել է զրոյական ֆիսկալային հասույթ: 2009թ. երկրորդ կիսամյակում «Վաղարշ եւ Որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործող հարկ վճարողների հասույթները կազմել են շուրջ 505.1մլն դրամ` առաջին կիսամյակում արձանագրված 31.3մլն դրամի դիմաց: Իսկ զրոյական ֆիսկալային հասույթներ ներկայացնողների թիվը, ըստ ՊԵԿ-ի` վերը նշված տեղեկանքի, նվազել է մինչեւ 127: Վճարված հարկերի ամփոփումից պարզվել է, որ «Վաղարշ եւ Որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնողների` 2009թ. ամսական միջին մուտքերը կազմել են 12.9մլն դրամ, կամ մեկ ՀԴՄ-ի համար` միջինը 17.3 հազար դրամ` մեկ ամսվա համար: 2010թ. հունվարի 1-ից գործող հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում առեւտրի իրականացման վայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները դադարել են համարվել հաստատագրված հարկ վճարողներ եւ տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ: Արդյունքում «Վաղարշ եւ Որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից 214-ը 2010թ. հունվար ամսվա ընթացքում չեն ներկայացրել զրոյական ֆիսկալային տեղեկություններ»: