Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը նախօրեին պարզաբանել է, թե ինչու է «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել: «Մեզ մոտ որոշակի փոփոխություններ կատարվեցին: Հարություն Հարությունյանը չի հեռացվել Հանրային հեռուստաընկերությունից, երկու պաշտոն ուներ` Հ1-ի գործադիր տնօրենի տեղակալ եւ «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար: Դժվար է երկար տարիներ առանց շաբաթ-կիրակիի, առավոտյան ժամը 9-ից երեկոյան 23։00-ն աշխատել: Մի քանի անգամ նա ցանկություն էր հայտնել մի գործից մի քիչ հանգստանալ: Իմ խնդրանքով` նա մի քիչ էլ սպասեց: Հիմա էլ նա շատ կարեւոր աշխատանք է կատարելու` սերիալների եւ հաղորդումների համակարգողն է լինելու: «Հայլուրի» տնօրենի նոր թեկնածուներ այս պահին չկան, այնտեղ կան գլխավոր խմբագիր Արմեն Ամիրխանյանը եւ գլխավոր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Արթուր Գրիգորյանը: Հիմա Ա. Ալեքսանյանը մի քիչ ավելի շատ է զբաղվում իր ֆունկցիայով, մինչեւ տնօրենի նշանակումը: Այս պահին չկան թեկնածուներ, չկա մարդ, ում հետ հարցը քննարկվել է, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում խնդիրն իր լուծումը կստանա»,- ասել է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով Նադեժդա Սարգսյանի պնդմանը, թե Հանրային հեռուստաընկերությունը խոստացել էր, որ Էմմին եւ Միհրանն են մասնակցելու այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթին, Ա. Հարությունյանն ասել է. «Եթե ես կամ Հանրային հեռուստաընկերությունը որոշեինք, որ պետք է ուղարկենք որեւէ երգչի կամ երգչուհու, դրա համար բոլորովին կարիք չկար այդքան ծախս անել եւ մրցույթ անցկացնել: Տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք մեր գլխին փորձանք սարքեինք. եթե որոշել էինք ինչ-որ մեկին ուղարկել, սուս ու փուս կուղարկեինք: Մրցույթ անցկացնել կամ չանցկացնելը մեր իրավունքն է, բայց ոչ երբեք պարտավորությունը»: Ի դեպ, նա արդարացի համարեց այն դժգոհությունները, որ քվեարկության ժամանակ sms ուղարկողները դժվարությունների են հանդիպել, սակայն, ըստ նրա` անարդարացի է դրանում Հանրային հեռուստաընկերությանը մեղադրելը: «Հանրային հեռուստաընկերությունը ոչ բջջային օպերատոր է, ոչ էլ պրովայդեր, այլ պարզապես հրապարակում է եղած թվերը: Սակայն հետագայում ուշացած sms-ները վկայել են, որ ավելի է խորանում տարբերությունը առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի միջեւ»,- ասել է Ա. Հարությունյանը: