«Արարի» սպառողին պարտադրում են «Բյուրեղ»

23/02/2010

Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկություններով, Հայաստանում արտադրվող բնական ջրերի շուկայում հայտնի «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վերջին շրջանում բառիս բուն իմաստով «փակել է» տալիս իրեն մրցակից փոքր ընկերությունները:

Օրինակ, վերջերս բնական ջրերի շուկայում սկսել է պահանջարկ վայելել «Արար» ընկերության արտադրած թթվածնով հարստացված ջուրը, որը էականորեն կրճատել է «Ջերմուկ գրուպ» ընկերության «Բյուրեղ» աղբյուրի ջրի վաճառքը: Խոսքը մասնավորապես 5 եւ ավելի լիտր ծավալով տարաներով բնական ջրերի մասին է: 2001 թ.-ից արտադրվող «Բյուրեղ» ապրանքանիշն արտադրվում է ապակյա եւ պոլիմերային շշերով, իսկ վերջերս նաեւ` մեծ ծավալի տարաներով: «Արար» ընկերությունն, ի տարբերություն «Բյուրեղի», շուկայում հայտնվել է ավելի ուշ` շուրջ 1 տարի առաջ, եւ շուկայում որոշակի մասնաբաժին է զբաղեցնում: «Արար» ընկերությունն առհասարակ «PR» ակցիաներ եւ գովազդային հոլովակներ չի պտտում, սակայն, այս ոլորտի փորձագետների կարծիքով, շուկայում տեղ է զբաղեցրել թթվածնով հարստացված ջրի որակական ցուցանիշներով: Ինչ վերաբերում է «Բյուրեղին», ապա բոլորիս է հայտնի, որ «Ջերմուկ գրուպը» հսկայական միջոցներ ծախսում է միայն «Բյուրեղի» «էլիտար» գովազդները պատվիրելու եւ դրանց մեջ շոու-բիզնեսի «աստղերին» ներգրավելու վրա: Այսպիսով, բնական ջրերի շուկայում ներքին սուր պայքար է ծավալվել, ինչի արդյունքում «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը փորձում է օգտագործել իր լծակները: Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների` նա օրեր առաջ իրեն աջակցելու խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին: Ի դեպ, նշենք նաեւ, որ «Արար» ընկերությունը երկու փայատեր ունի, որոնցից մեկն, ըստ մեր աղբյուրների` աշխատում է ՀՀ Մաքսային կոմիտեում: Օրեր առաջ վերջինիս հրահանգ են իջեցրել՝ դադարեցնել բնական ջրի մեծ ծավալի տարաներով արտադրությունը: Երեկ մենք փորձեցինք կապվել «Արար» ընկերության ղեկավարության հետ եւ ճշտել, թե իրականում ինչ է կատարվել: Ընկերության կայքէջում տեղադրված հեռախոսահամարին պատասխանեցին արդեն «Բյուրեղ» ընկերությունից: Հեռախոսավարուհին պատասխանեց, որ ճիշտ է` դա «Արար» ընկերության հեռախոսահամարն է, բայց «Արարի» սպառողներին արդեն սպասարկում է «Բյուրեղը»: Մեր զրուցակիցը, ենթադրելով, որ «Արարի» սպառող ենք` տեղեկացրեց, որ այդ արտադրանքի 19 լիտրանոց տարաներով ջրի սպառողներին «Բյուրեղը» նվեր է խոստանում եւ առաջարկում է այսուհետ օգտվել «Բյուրեղ» ընկերությունից: Մեր հարցին, թե որքա՞ն ժամանակ է, որ «Արարի» հեռախոսահամարով «Բյուրեղն» է իր ծառայություններն առաջարկում` հեռախոսավարուհին պատասխանեց. «Մեկ շաբաթ է»: Ի դեպ, նա բավականին բարեհամբույր տոնով նկարագրում էր այն առավելությունները, որն առաջարկում է «Բյուրեղ» ընկերությունը «Արարի» պահանջարկն ունեցողներին: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ «Արարի» գրասենյակն արդեն պատկանում է «Բյուրեղ» ընկերությանը: Ըստ հավաստի աղբյուրների` «Արար» ընկերության 5 եւ ավելի լիտրանոց տարաների հետ վաճառվող սառեցման ապարատները «առգրավել» է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը: Բանն այն է, որ «Արար» ընկերությունը 5 եւ ավելի լիտր ջուր պարունակող տարաների իր սպառողներին որոշակի մարման ժամկետում գումարը վճարելու, այսինքն` ապառիկ ձեւակերպելու եւ սառեցման ապարատ ձեռք բերելու հնարավորություն է տվել: Հետեւաբար՝ նաեւ զբաղվել է սառեցման ապարատների բիզնեսով: Մեր տեղեկություններով` «Արար» ընկերության սառեցման ապարատների մեծ խմբաքանակը ներկայումս «Բյուրեղ» ընկերությունը վաճառում է ինքնարժեքից քառապատիկ, հնգապատիկ ցածր գնով:

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ