Մեր լեզուն ճկուն է, մենք՝ բարբարոս

23/02/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` փետրվարի 17-ին աշխարհում նշվում է Մայրենիի միջազգային օրը: Այսինքն` այդ օրը հատուկ առիթ է` վերհիշելու` ո՛րն է քո երկրի պետական լեզուն, հասկանալու` որքանով ես տիրապետում այդ լեզվին, ինչպես նաեւ հասարակության ո՛ր մասն է կարողանում գրագետ շարադրել սեփական մտքերը եւ որ մասը` նաեւ գրել:

Հայաստանում էլ, թույլ, բայց անդրադարձ եղավ Մայրենիի միջազգային օրվան. Լեզվի պետական տեսչության մի պետը փոխարինվեց մեկ ուրիշով: Այլ արժանահիշատակ դեպքեր այդ օրը չգրանցվեցին: Քանի որ տոնը ազգային արմատներ չուներ, քաղաքի փողոցներում մեծադիր պաստառներ չհայտնվեցին, դիցուք, Մեսրոպ Մաշտոցի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Գեւորգ Ջահուկյանի նկարներով: Թերեւս ճիշտ չէին ընկալվի նաեւ այսպիսի բովանդակությամբ պաստառները. «Ես գրագետ խոսում եմ հայերեն» կամ «Կարող եմ առանց սխալների մտքերս ձեւակերպել»: Նման պաստառներ չկան, քանի որ չկան մարդիկ, ովքեր կարող են այս նախադասություններն ասել` առանց կարմրելու: Որքան էլ տարօրինակ է, մինչ օրս շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր իրենց խոսքը շարադրում են մաքուր հայերենով, դա անում են առանց իրենց գրագիտությունն ընդգծելու եւ սիրով. դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանըգ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, ի թիվս չկայացած այլ միջոցառումների, Օպերայի թատրոնի բեմում եւս հանդիսավոր համերգ չկազմակերպվեց: Ի տարբերություն Աիդա Սարգսյանի, ով ազգային մշակույթում ունեցած ահավոր մեծ ներդրման համար Մովսես Խորենացու անունը կրող մեդալ է ստացել, որեւէ հայագետ այդ օրը շքանշան չստացավ:

Բայց Մայրենիի միջազգային օրվան նախորդեց մեր լեզվի ներկա վիճակը բնորոշող միջոցառում` Երկրապահների համագումարը եւ ԵԿՄ առաջնորդ, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտնի ասուլիսը: Հայտնի հայերենով:

Այն, որ մեր լեզուն ինքնին տոն է, որովհետեւ, հավատացեք, մաքուր հայերենով մտքերը գրագետ ձեւակերպելը հավասարազոր է մաթեմատիկայում խնդիր լուծելու հաճույքին, որեւէ ձեւով չի քարոզվում: Փոխարենը` գրեթե բոլոր փողոցներում հսկայական պաստառներ են փակցված` Ազգային բանակի 18-ամյակին նվիրված լիրիկական բովանդակությամբ: Ֆոտոգենիկ նույն դեմքերը, ովքեր հարեւան փողոցում, այս էլ որքան ժամանակ է` զգուշացնում են. «Ես սիրում եմ քեզ», մյուս փողոցում արդեն սպառնում են. «Մեր անունն է հայկական բանակ»:

Ազգային բանակին նվիրված, Հայաստանի 20-ամյա Անկախության մասին ավետող, ինչպես նաեւ սիրո անհասցե խոստովանություններով պաստառները չեն ապամոնտաժվում գրեթե ողջ տարին: Այսինքն` ողջ տարին բոլորս պարտավոր ենք հիշել` ապրում ենք ազատ ու անկախ երկրում, ունենք հզոր բանակ, սիրված ենք Ավո Խալաթյան-Նունե Եսայան զույգի, Լուիզա Ղամբարյանի, Խորեն Լեւոնյանի, Լուսինե Թովմասյանի, Ազատ Գասպարյանի, Աշոտ Ղազարյանի, Թաթա Սիմոնյանի եւ էլի շատերի կողմից: Ի դեպ, ոչ այնքան սփոփիչ տեղեկություն:

Թե ինչ հաշվարկով են այս պաստառները միշտ մեր աչքի առաջ, կարող են բացատրել թերեւս հոգեբանները: Ամենայն հավանականությամբ, աշխատանք է թափվում, որ ՀՀ քաղաքացիները հանկարծ չմոռանան` ապրում են ազատ ու անկախ երկրում: Եվ որ ունենք տարածաշրջանում ամենաուժեղը համարվող բանակ, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է սեփական ժողովրդին դրանում համոզել:

Իշխանավորներին թվում է, թե երախտամոռ ժողովուրդն իր ցածր գիտակցության պատճառով չի կարեւորում, թե ազատության ու անկախության ինչ բաժին է նվեր ստացել:

Իսկ լեզվի վրա հատուկ ուշադրություն սեւեռելու համար միջոցներ ծախսելը, հասկանալի է, գումարների անմիտ վատնում է: Ի վերջո, ի՞նչ կարիք կա. տարբեր սերունդների մարդիկ, լավ թե վատ, հաղորդակցվում են, հաճախ` դժվարությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, միմյանց դեռ հասկանում են: Սա արդեն լեզվի կենսունակության ցուցանիշ է: Իշխանությունները եւ ժողովուրդը խոսում են տարբեր լեզուներո՞վ: Հետո՞ ինչ. մեկը մյուսին չհասկանալուց կողմերը հավասարապես գոհ են: Սա եւս մեծ ձեռքբերում է: Հայոց լեզվով աշխարհահռչակ գործեր չե՞ն ստեղծվում: Ժամանակի եւ թանաքի վատնում. ամեն ինչ վաղուց արդեն ասված է: Հայերենն ունի այն առավելությունը, որ, ինչպես համոզվեցինք բոլորս, այն հասկանալի է անգամ գեներալ Մանվելի շուրթերից:

Իրականությունն այն է, որ հայոց լեզու սովորելը պետական մակարդակով իջեցվել է ընդունելության քննությունների թեստերին նախապատրաստվելու մակարդակին: Ցույց տալու համար, որ հայոց լեզվի խնդիրները հանգիստ չեն տալիս իշխանություններին, պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ` նվիրված արեւելահայերենի եւ արեւմտահայերենի ուղղագրություններին, միասնական լեզվի գաղափարին: Հուշենք, այս խնդիրը, իշխանությունների նման հետեւողականությամբ, անպատճառ կլուծվի: Բայց բնական ճանապարհով. ժամանակի ընթացքում կուծացվեն սփյուռքահայերը, հայերն այլեւս արեւմտահայերենի ուղղագրությանն անդրադառնալու առիթ չեն ունենա:

Սակայն ձուլման վտանգ կա նաեւ մոնոէթնիկ Հայաստանում: Գրագետ, հայոց լեզվի հարգը գիտակցող մարդկանց մեծ մասը կամաց-կամաց ձուլվում է փոքրաթիվ ու ագրեսիվ, կիսագրագետ հայերենով խոսող զանգվածին: Իսկ սա այն դեպքն է, երբ չեն կարող փրկել ո՛չ 20-ամյա անկախությունը, ոչ էլ, առավել եւս, ազգային բանակը…