Անիսոնը ժողովրդական բժշկության մեջ
Անիսոնը 30-50 սմ բարձրությամբ խոտաբույս է: Այն ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Հիմնականում անիսոնն աճեցնում են բանջարանոցներում` բժշկական նպատակներով: Անիսոնին տեսակով շատ մոտ է սամիթը: Պտուղներն օժտված են թարմացնող համով ու շատ մեղմ բուրմունք են հաղորդում, որն էլ հենց պատճառ է հանդիսանում, որպեսզի դեղորայքի շատ տեսակներ պատրաստեն` ավելացնելով անիսոն` լավ հոտի համար: Այն օգտագործվում է նաեւ հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի արտադրության մեջ` արտադրանքին անուշ բույր հաղորդելու նպատակով: Այն որպես համեմունք լայն կիրառություն ունի կաթնային, մրգային եւ այլ սուպերի պատրաստման ժամանակ:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են անիսոնի պտուղները: Վերջինիս բաղադրությամբ պատրաստված պրեպարատներն օժտված են հակաբորբոքային, խորխաբեր, սպազմոլիտիկ հատկություններով: Այն ունի նաեւ թեթեւակի միզամուղ հատկություն: Անիսոնն օգտագործվում է շնչուղիների հիվանդությունների դեպքում` տրախեիտ, լարինգիտ, բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, եւ այլն, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ: Իսկ գինեկոլոգիայում այն օգտագործվում է որպես ծննդաբերական գործընթացը հեշտացնող միջոց, որը նաեւ հեշտացնում է կերակրման ժամանակ կերակրող մայրերի վիճակը: Անիսոնի պտուղները մտնում են այնպիսի դեղերի բաղադրության մեջ, որոնք գրգռում են ախորժակը: Շատ լավ ախորժաբեր միջոց է հանդիսանում անիսոնի թուրմը, որը կարելի է պատրաստել մի քանի եղանակով: Դրա համար անհրաժեշտ է անիսոնի մանրացրած պտուղներից 2 թեյի գդալի վրա լցնել 200մլ եռջուր եւ թրմել 1 ժամ: Կարելի է ընդունել բաժակի 1/4 կամ 1/3 մասը` օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Մյուս դեպքում կարելի է 40գ անիսոնի պտուղները թրմել 200մլ օղու մեջ 7-10 օր եւ հետո ընդունել 20-25 կաթիլ` օրը 3 անգամ: Անիսոնի յուղը, որը դեղորայքային պրեպարատ է, օգտագործվում է որպես խորխաբեր միջոց: Վերցնում ենք 2-3 կաթիլ անիսոնի ձեթ եւ 1 կտոր շաքար` օգտագործելով օրը 2-3 անգամ: Սուր ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում շատ լավ օգնում է 5 կաթիլ անիսոնի յուղը՝ շաքարի հետ:
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների (կոլիկներ, ցավ, փքվածություն) դեպքում օգնում է 5-6 կաթիլ անիսոնի յուղը 1 կտոր շաքարի հետ` օրը 2-4 անգամ: Անիսոնի սերմերն ընդունելով՝ բարձրանում է սեռական պոտենցիան: Նույն նպատակի համար կարելի է սննդի հետ օգտագործել անիսոնի յուղ: Աղերի կուտակման համար շատ օգտակար է հիմնական բուժմանը զուգահեռ՝ անցկացնել անիսոնային բուժում: Դրա համար անհրաժեշտ է անիսոնի 1 թեյի գդալ սերմը թրմել 1 բաժակ եռջրով 5 ժամ, հետո հասցնել եռման ջերմաստիճանի, սառեցնել, քամել ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:
Շնչուղիների հիվանդությունների դեպքում շատ լավ կօգնի անիսոնի սերմերի թուրմը` պատրաստված 20գ սերմի եւ 1լ ջրի հարաբերությամբ: Այս թուրմը կարելի է խմել յուրաքանչյուր ժամը մեկ` 50 մլ-ից: Այն օգնում է նույնիսկ ասթմայի նոպաների ժամանակ: Անիսոնի սերմերի թուրմն, ասում են, նույնիսկ շատ օգտակար է կանանց, ովքեր դեմքի դեղնություն ունեն` կապված կուտակված կաթի հետ: Անիսոնն օգտակար է ոչ միայն առանձին, այլ նաեւ լորենու եւ մատուտակի հետ համատեղելով:
Անիսոնի սերմերի խառնուրդը կենդանական ճարպի հետ շատ լավ միջոց է ոջիլների դեմ: Գլխացավը հանգստացնելու համար կօգնի, եթե 5-6 կաթիլ անիսոնի յուղը կաթեցնեք 1 կտոր շաքարի վրա ու դնեք լեզվի տակ՝ մինչեւ շաքարը կհալվի: Անիսոնի կողմնակի ազդեցությունները կարող են լինել ալերգիկ բնույթի, այսինքն` ոչ միայն ալերգիկներին, այլեւ բոլորին խորհուրդ է տրվում գրված բաղադրատոմսերը գործածելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ: