Երեկ ոստիկանները կարմիր բերետավորների օգնությամբ հարձակվել են Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա: Փետրվարի 19-ին լրանում էր նախագահական ընտրությունների երկու տարին, ինչի առիթով մի քանի հարյուր երիտասարդներ բողոքի երթ էին կազմակերպել Երեւանի Կենտրոնում: Կորյուն փողոցում տեղակայված ՀԱԿ կենտրոնական գրասենյակից նրանք շարժվել են մինչեւ ԿԸՀ` անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Այն պահին, երբ ցուցապաստառներով, քաղբանտարկյալների նկարներով երթի մասնակիցները հատել են Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը, տեղի է ունեցել առաջին միջադեպը: Ոստիկանները եւ կարմիր բերետավորները ծեծելով, ուժի կիրառմամբ մի քանի երիտասարդների հեռացրել են փողոցի կենտրոնից: Արդյունքում՝ ՀԱԿ ակտիվիստներից Սարգիս Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Երթի մեկ այլ մասնակցի` «Հայկական Ժամանակ» թերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանի որդուն` Վահագնին, ոստիկանները նստեցրել են մեքենա եւ տարել են անհայտ ուղղությամբ: 10 րոպե անց նրան բաց են թողել: Իսկ երթի վերջում` արդեն ՀԱԿ գրասենյակի մոտ, կարմիր բերետավորները առանց որեւէ պատճառի բերման են ենթարկել երթի 5 ակտիվիստների, այդ թվում` Վահագն Գեւորգյանին: Ակնհայտ է, որ ոստիկանների այս «ակտիվացումը» կապված է ՀԱԿ-ի` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի հետ: Վերջին մի քանի ամիսներին ամեն ուրբաթ ՀԱԿ-ի ակտիվիստները տարբեր ակցիաներ եւ երթեր էին անում Երեւանում, որոնց ընթացքում ոստիկանները սահմանափակվում էին մանր քաշքշուկներով: Սակայն երեկ ոստիկաններին ու կարմիր բերետավորներին հրահանգվել է «ուժ ցույց տալ»` մարտի 1-ի հանրահավաքից առաջ մարդկանց վախեցնելու նպատակով: Սա՝ այն դեպքում, երբ իշխանություններն ու իշխանական լրատվամիջոցները գրեթե ամեն օր խոսում են ընդդիմության բացակայության, վարկանիշի անկման մասին: