Ընտրություններին ընդառաջ

21/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Քրեական, Քաղաքացիական եւ Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը հաջորդ շաբաթ սկսվող քառօրյա նիստերի օրակարգ ընդունելու հարցին:

Հիշեցնենք, որ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի եւ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հեղինակած այդ օրինագծերը հիմնականում վերաբերում են լրատվական դաշտին: ԵԽ ԽՎ-ն Հայաստանից պահանջել էր ապաքրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը: Եվ իշխանությունները օգտվելով այդ առիթից՝ որոշել են, որ քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ վիրավորողը կամ զրպարտողը պետք է ենթարկվի վարչական տուգանքի: Առաջին դեպքում առաջարկել են սահմանել նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի, 500-ապատիկի եւ 1000-ապատիկի, այսինքն՝ 250.000, 500.000 կամ 1 մլն դրամի չափով, իսկ երկրորդ դեպքում` 500-ապատիկի, 1000-ապատիկի, եւ 2000-ապատիկի` 500.000, 1մն եւ 2մլն դրամի չափով տուգանք: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դրական համարեց այն քայլը, որ զրպարտանքը եւ վիրավորանքը ապաքրեականացվում են եւ մարդուն հնարավորություն են տալիս ենթարկվել միայն վարչական պատասխանատվության: Սակայն սա, ըստ էության, ծուղակ է, որը կարող է օգտագործվել լրատվամիջոցների դեմ: Եթե մինչեւ այժմ վերը նշված երկու դեպքերում քրեական պատասխանատվությունը գործնականում գրեթե չի կիրառվել, ապա տուգանքների այս չափի սահմանումը լրատվամիջոցին, տվյալ դեպքերում՝ թերթերին ու կայքերին, սնանկացնելու եւ փակվելու վտանգի առաջ կարող է կանգնեցնել: Հատկապես՝ երբ տուգանքի չափը որոշելու է դատարանը: Եվ այդպիսով կարծիք կա, որ իշխանությունները ամեն կերպ փորձում են սահմանափակել իրենց վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների ազատությունը, որպեսզի կարողանան առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ ճնշումներ կիրառել դրանց նկատմամբ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց` դատավորն ինչպե՞ս պետք է որոշի, թե որ վիրավորանքի կամ զրպարտանքի դեպքում հատկապես տուգանքի ո՞ր չափը պետք է սահմանել: Արդյոք այս հանգամանքը օգտագործելով` իշխանությունները իրենց վերահսկողության տակ գտնվող դատարաններին չե՞ն ուղղորդի լրատվամիջոցներին տուգանել իրենց սեփական ցանկություններին համաձայն:

«Իր կոռումպացվածության աստիճանով պատվավոր տեղ զբաղեցնող դատարանին է վերապահված տուգանքի գումարի չափը սահմանելը. ավելի ճիշտ չէ՞ր լինի հստակ չափանիշներ սահմանել: Ես մտավախություն ունեմ, որ այն թերթերը, որոնք սպասարկում են իշխանության շահը, կտուգանվեն 1 դրամ, իսկ այլ տեսակետ գրող թերթերը՝ առավելագույն չափով: Սա հենց իրական կոռուպցիայի տեղ է»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը:

Արդարադատության փոխնախագահ Գեւորգ Մալխասյանը չհամաձայնեց ու ավելացրեց, թե կարեւորն այն է, որ բավարարված զգա վիրավորողը կամ զրպարտողը: Իսկ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն էլ հիշեցրեց, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար բազմաթիվ օրենքներ են ընդունվում, բայց դրանք չեն ծառայում իրենց նպատակին, որովհետեւ դրա համար բացակայում է քաղաքական կամքը: Զ.Փոստանջյանը առաջարկեց այս օրինագծի հետ կապված խորհրդարանական լսումներ կազմակերպել: Հանձնաժողովը մերժեց դա, բայց ընդունվեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն առաջարկությունը, ըստ որի՝ ԱԺ-ում առաջին ընթերցումն անցնելուց հետո օրինագիծը նորից պետք է ուղարկել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Ի դեպ, այս օրինագծի առնչությամբ նույնպես Վենետիկի հանձնաժողովը առաջարկություններ է արել, բայց հեղինակները դրանք չներկայացրեցին: Եվ օրինագիծը առաջիկա քառօրյայի օրակարգ ընդգրկելու համար հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: Դեմ քվեարկեցին միայն Զ.Փոստանջյանը եւ Վիկտոր Դալլաքյանը: Եվ կասկած չկա, որ եթե եկող շաբաթ քննարկվի այս օրինագիծը, անպայման կընդունվի, որովհետեւ դրա նախաձեռնողը ի դեմս հեղինակների` կոալիցիան է: