Ձեւականություններ՝ վավերացումից առաջ

21/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայ-թուրքական արձանագրությունները երեկ առաջին անգամ ֆորմալ առումով քննարկվեցին Ազգային ժողովում: Իհարկե, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հրավիրած նիստում քննարկեց ոչ թե արձանագրությունների բովանդակությունը, այլ ԱԺ-ում դրանց քննարկման ընթացակարգը:

Հրատապ հարց

Բայց մինչ արձանագրությունների ընթացակարգին վերաբերող քննարկման սկսվելը, նիստի ժամանակ ներս մտավ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը եւ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին ասաց, որ կառավարությունը ԱԺ հրատապ քննարկման է ներկայացրել «Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, եւ դա հրատապ կարգով պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովի նիստում: Միանգամից ընդմիջում հայտարարվեց, նախագիծը ներկայացնելու համար ԱԺ եկավ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, եւ հանձնաժողովն արտահերթ կարգով քննարկեց այս նախագիծը: Այս օրինագիծը եւս վերաբերում էր արձանագրություններին: Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե համապատասխան պետական մարմիններին հանձնարարել է, որ նախապատրաստեն լրացումներ միջազգային պայմանագրերի ստորագրելու, վավերացնելու եւ չեղյալ հայտարարելու մասին օրենսդրության մեջ: «Սա ապացույց է, որ նախագահի հանձնարարությունն իրականացվում է»,- ասաց Շ.Քոչարյանը: «Եթե չլինեին այս աղմկահարույց արձանագրությունները, գուցե այսքան ուշադրություն չկենտրոնացվեր խնդրի վրա, գուցե չնկատվեին այն բացերը, որ կան այդ օրենքում»,- իր հերթին ավելացրեց Ա.Ռուստամյանը:

Այսպիսով, կառավարության այս նախաձեռնության համաձայն՝ ՀՀ նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը կարող են ցանկացած պահի ետ կանչել ստորագրված միջազգային պայմանագիրը, միակողմանի դադարեցնել կամ կասեցնել դրա գործողությունը` տեղյակ պահելով մյուս կողմերին: Շ.Քոչարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, թե կասեցման կամ դադարեցման համար կարող են հիմք հանդիսանալ ձգձգումները, որոշակի նախապայմանների առաջ քաշումը: Տվյալ դեպքում նախապայման կարող է հանդիսանալ ցեղասպանության հարցի վիճարկումը կամ երրորդ երկրի շահերի ներկայացումը: «Չլինի տպավորություն, որ փոփոխության իմաստը կայանում է նրանում, որ կա այնպիսի որոշում, որ մենք սա պետք է արագ անենք, որ դուրս գանք: Բազմիցս հայտարարվել է, որ հայկական կողմը անկեղծորեն ձգտում է, որ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն: Անընդունելի է, որ անվերջ ձգձգում տեղի ունենա»,- ասաց Շ.Քոչարյանը:

Ա.Ռուստամյանը դժգոհեց այն հանգամանքից, որ միջազգային պայմանագրերը հետ կանչելու, դադարեցնելու կամ կասեցնելու իրավունքը վերապահվում է միայն նախագահին ու գործադիր իշխանության մարմիններին, մինչդեռ խորհրդարանին չի տրվում նման հնարավորություն: «Խորհրդարանն ունի ավելի լայն իրավունք` վավերացնել կամ չվավերացնել»,- հակադարձեց Շ.Քոչարյանը։

Այս նախագիծը հանձնաժողովի նիստում բավականին բուռն քննարկման առարկա դարձավ: Արդյո՞ք սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններից դուրս գալու նախանշան է, կամ` Միջազգային պայմանագրերի մասին օրենքն ունի բազմաթիվ այլ թերություններ ու փոփոխությունների կարիք, ինչո՞ւ որոշվեց, որ միայն այս լրացումը պետք է արվի: Այս հարցերն ուղղեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորը նաեւ հավելեց, որ չնայած այս օրինագիծը արձանագրությունները չվավերացնելու հնարավորություն է տալիս, այնուամենայնիվ, իրենք դեմ են դրան: Նրա խոսքերով, այս թերությունից բացի, օրենքն ունի բազում այլ բացթողումներ: «Այդ օրենքն ունի նպատակ, որ մենք երկրին հնարավորություն տանք ունենալ գործիքներ, որով կարողանանք պաշտպանել պետության շահերը: Եվ այդ գործիքների զինանոցը մենք պետք է հնարավորինս մեծացնենք: Բայց արդյո՞ք մենք կատարում ենք այսօրվա իրավիճակից բխող լիարժեք փոփոխություններ: Ես համարում եմ, որ սա լիարժեք չէ, եւ դրա համար ունենք մեր առաջարկությունների փաթեթը: Շատացնենք, որ արտաքին քաղաքականության մեր պատասխանատուներն այդ գործիքներն օգտագործելով` կարողանան ավելի արդյունավետ պաշտպանել մեր ազգային պետական շահերը: Հիմա եթե ամբողջական չի բերվել, մի գործիք բերվել է, դրան դեմ լինելը չեմ ընդունում: Անհետաձգելիությունն էլ, կարծում եմ, որ ճիշտ է, որովհետեւ իսկապես անհետաձգելի է, որովհետեւ, եթե մենք դա կապում ենք հայ-թուրքական այս վիճակի հետ, իհարկե, անհետաձգելի է: Մեզ պետք է հնարավորություն տալ այս հարցով զբաղվող գերատեսչություններին անհրաժեշտ պարագայում դուրս գալ այս գործընթացից»,- պատասխանեց Ա.Ռուստամյանը:

Արդյունքում, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, բնականաբար, դրական եզրակացություն տվեց կառավարության այս օրինագիծը քառօրյայի օրակարգ ընդունելու հարցին: Դեմ քվեարկեց միայն Ս.Սաֆարյանը։

Իսկ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ենթադրում է, որ այս նախագծի նպատակը վավերացման հետ կապված թուրքական կողմի վրա ճնշում գործադրելն է: «Բայց ավելի քան համոզված եմ, որ նման «ճնշումները» Թուրքիայի վրա չեն կարող ազդել: Ավելին, նման նախագիծ ներկայացնելու կարիք էլ չկար, որովհետեւ, եթե պայմանագիրը ստորագրված է եւ վավերացված չէ, կողմերից մեկը միշտ կարող է հայտարարել, որ դադարեցնում է գործընթացը: Դրանով ամեն ինչ կավարտվի: Նման հարցերում ավելի կարեւոր է ոչ թե ծուռումուռ ճանապարհներով ինչ-որ բան հասկացնելը, այլ հստակ դիրքորոշում ունենալը: Կարելի էր արձանագրությունները բերել խորհրդարան եւ թույլ տալ, որ պատգամավորները քվեարկեն ըստ իրենց խղճի եւ համոզմունքների: ՀՀ իշխանություններին թվում է, թե եթե պայմանագիրը ստորագրվում է, պետք է վավերացվի: Իհարկե այդպես չէ, բազմաթիվ երկրներ կան, երբ ստորագրված պայմանագրերը չեն վավերացվում խորհրդարանում»,- ասում է Տ.Թորոսյանը:

Արձանագրությունները դեռ չեն քննարկվի

Ս.Սարգսյանն անցած ուրբաթ հայ-թուրքական արձանագրություններն ուղարկեց ԱԺ: Եվ դրանք մեխանիկորեն ընդգրկվեցին ոչ միայն ԱԺ մեծ, այլ երկուշաբթի օրը սկսվող քառօրյա նիստերի օրակարգ: Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նմանատիպ փաստաթղթերը միանգամից մտնում են քննարկումների օրակարգ: Այսինքն՝ գլխադասային հանձնաժողովների, տվյալ դեպքում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական կամ բացասական եզրակացությունը որեւէ դեր չի խաղալու այդ հարցում: Իսկ արդեն դրանց քննարկման ժամկետը կամ հերթականությունը ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ որոշում է ԱԺ նախագահն անձամբ: Բայց երեկ Ա.Ռուստամյանն առաջարկեց դիմել ԱԺ նախագահին, որ նա արձանագրությունները չդնի քննարկման, մինչեւ դրանց բովանդակությունը կքննարկվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հովիկ Աբրահամյանն ընդունել է այդ առաջարկը:

Իսկ մինչ այդ Ս.Սաֆարյանն առաջարկեց ԱԺ-ում նախ լսումներ անցկացնել այդ փաստաթղթերի շուրջ, հետո նոր ներկայացնել հանձնաժողովի եզրակացությունը: Ա.Ռուստամյանը դեմ չէր դրան, բայց հարցը թողեց խորհրդարանի քաղաքական ուժերի հայեցողությանը: Նրա խոսքերով՝ ԱԺ 5 խմբակցությունները երկուշաբթի օրը պետք է լսումների մասին իրենց տեսակետները ներկայացնեն հանձնաժողովի նախագահին: Բացի այդ, որոշվեց յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծել, որը կմշակի հանձնաժողովում արձանագրությունների քննարկման ընթացակարգը: Խմբում ընդգրկվեցին հանձնաժողովի 5 անդամները` Ա.Ռուստամյանը, Ս.Սաֆարյանը, ԲՀԿ-ից Էռնեստ Սողոմոնյանը, ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանը եւ ՕԵԿ-ից Սերյոժա Աբրահամյանը: Բացի այդ, քանի որ արձանագրությունների վավերացումը կամ հայ-թուրքական սահմանի բացումն առնչվելու է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, կարծիք կա, թե անհրաժեշտ է այդ արձանագրությունները քննարկել ԱԺ բոլոր 12 հանձնաժողովներում, որպեսզի հնարավոր լինի համակողմանիորեն ներկայացնել դրանց հետ կապված բոլոր խնդիրները: