68-ամյա Լիդա Կարապետյանը Էջմիածնի պոլիկլինիկա մտնելիս չէր նկատել անվճար
պոլիկլինիկական եւ հիվանդանոցային ծառայությունների վերաբերյալ հիմնական
տեղեկությունների պաստառը: Նրան պոլիկլինիկա ուղեկցող տղան նույնպես չէր
նկատել այն եւ տեղյակ էլ չէր, որ իր մայրը, որպես 65 տարեկանն անց կին,
իրավունք ունի ստանալ անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական ցանկացած
բուժօգնություն: Սակայն տեղեկանք գրելու համար նրանից պահանջել էին 500
դրամ: Երբ տիկին Լիդային տեղեկացրինք իր իրավունքների մասին, ուրախացավ.
«Մի հոգս կթեթեւանա»: Նրա որդին, սակայն, թերահավատ էր. «Վճարն ես տալիս՝
նորմալ չեն անում, ուր մնաց անվճարը»:
Դեռ նախորդ տարվա ամռանը առողջապահության կազմակերպիչները մի շարք
միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ երկրի տարածքում
բնակչության իրազեկմանն ուղղված գործունեություն իրականացրին.
հանրապետության շուրջ 550 բուժհաստատություններում փակցվեցին պաստառներ,
որոնցում նշված էր պոլիկլինիկական եւ հիվանդանոցային անվճար մատուցվող
ծառայություններից օգտվողների ցանկը եւ նրանց հասնող այլ արտոնություններ:
Այս տարի այդ պաստառներում որոշ կետեր ավելացել են: Այս ամենն առաջին
հայացքից շատ լավ է, բայց արդյո՞ք մարդիկ գիտեն այդ մասին… նրանց պետք է
ուղղորդեն բուժհիմնարկների ընդունարաններում փակցված պաստառները: Սակայն
արդյո՞ք դրանք ծառայում են իրենց բուն նպատակին: Օրինակ, «Էրեբունի»
ԲԿ-ում հիմնական տեղեկությունների պաստառը փակցված էր ոչ թե ընդունարանի
մուտքի մոտ՝ բոլորին տեսանելի վայրում, այլ շատ խորքում: Այդպես էր նաեւ
Էջմիածնի հիվանդանոցում, որտեղ հիմնական տեղեկությունների պաստառը փակցված
էր հիվանդանոցի մուտքից բավականին հեռու, մի փոքրիկ սենյակի ներսում:
Հարցին, թե ինչո՞ւ է այդ փոքրիկ սենյակում փակցված, տեղի բուժքույրը
պատասխանեց. «Որտեղ ասել են, ընդեղ էլ փակցրել ենք»: Այս տարի գույնզգույն
պաստառի վրա ավելացել է նաեւ հետեւյալ կետը. «Գյուղական վայրերի համար
անվճար են նաեւ առողջության առաջնային պահպանման բժիշկների պարտադիր
այցելությունները բնակիչներին՝ ամիսը մեկ անգամ, իսկ նեղ մասնագետների
պարտադիր այցելությունները բնակիչներին՝ տարին երկու անգամ»: Սակայն ո՞ր
գյուղացին գիտի այդ մասին: Իհարկե, ոչ մեկը: Տաուշի մարզի Զորական գյուղի
բնակիչ Պողոս Խաչատրյանը վկայում է, որ իրենց գյուղի երկու բժիշկները
տեղեկատվական պաստառում գրված այս դրույթը չեն կատարում, իսկ
գյուղացիներից ոչ մեկն էլ չգիտի այդ մասին, որ իր իրավունքներին տեր
կանգնի: «Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ուղեցույցերը» Տաուշի
մարզի Զորական գյուղ չէին հասել, եւ Պ. Խաչատրյանը վերցրել էր մի քանիսը՝
իր համագյուղացիներին իրազեկելու համար: Մինչդեռ, Առողջապահության
նախարարության ներկայացուցիչները մեզ հավաստիացնում էին, որ տեղի
բուժաշխատողները պարտավոր են այն բաժանել մարդկանց: Մեկ այլ օրինակ.
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչները չեն հիշում՝ վերջին անգամ ե՞րբ
է տեղի բժշկուհին կամավոր այցելություններ կատարել իրենց: Վերջինս
անհրաժեշտության կամ կանչի դեպքում կայցելի միայն այն ժամանակ, երբ տանն է
եւ զբաղված չէ: Այստեղ եւս գյուղացիները տեղյակ չեն պետպատվերի
շրջանակներում իրենց վերապահված այդ իրավունքների մասին։ «Ո՞նց իմանանք,
ո՞վ ա ասել»,- ասում է նրանցից մեկը: Ավելին, այստեղ բուժքույրը 5 տարեկան
երեխային պատվաստելիս «ուզել» է 500 դրամ: Հարցին՝ ինչո՞ւ էիք տալիս, չէ՞
որ մինչեւ 7 տարեկան երեխայի եւ՛ պատվաստումը, եւ՛ այլ տեսակի
բուժօգնությունն անվճար է, երեխայի մայրը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, որ
ուզում ա, չտա՞մ»: Այսպես է ամենուր. եւ՛ հեռավոր գյուղերում, եւ՛
քաղաքներում: