ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած նախնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2009թ. հունվարին համախառն ներքին արդյունքը աճել է 2.4%-ով՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.5 տոկոսով, գյուղատնտեսության արտադրանքինը՝ 3.15։ Մանրածախ առեւտրաշրջանառության ծավալները փոփոխություն չեն կրել, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 2.2% անկում։ Շինարարության ոլորտում նվազումն ավելի մեծ է՝ 10.7%, սակայն անկման տեմպը նվազել է (2009թ. ընթացքում շինարարության ոլորտում գրանցվել էր 36% անկում)։ Միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 101.704 դրամ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ 84.900 մարդ։ Դրական դինամիկա է արձանագրվել արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում։ Չնայած ներմուծման ծավալները շուրջ 5 անգամ գերազանցում են արտահանմանը (համապատասխանաբար՝ 242.5 եւ 53.9 միլիոն դոլար), սակայն արտահանման աճը զգալիորեն գերազանցել է ներմուծմանը։ Այսպես՝ ընթացիկ տարվա հունվարին արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 57.5 տոկոսով, այն դեպքում, երբ ներմուծման աճը կազմել է 8.3%։ Նկատենք, սակայն, որ հունվար ամսվա ցուցանիշները մեծ հաշվով դեռ ոչինչ չեն նշանակում, քանի որ ամանորյա տոներից հետո տնտեսական ակտիվությունը շատ ցածր է։ Նշենք նաեւ, որ դրական ցուցանիշները պայմանավորված են հիմնականում ոչ թե տնտեսության իրական աճով, այլ նախորդ տարվա վատ ցուցանիշներով։