Տերտերյանի հորդորները

21/02/2010

«Քննարկել համայնքների իրավունքները տեղական հարկեր ներմուծելու առումով, իմ կարծիքով` նպատակահարմար չէ: Եթե գտնում ենք, որ տեղական ինքնակառավարում պետք է լինի, ապա նրանք պետք է հնարավորություն ունենան տեղական հարկեր սահմանելու: Մեր օրինագիծը պայմանականորեն 2 խնդիր է լուծում` գույքահարկը եւ հողահարկը հայտարարվում են տեղական հարկեր, որոնց հետ կապված ամբողջ վարչարարությունն իրականացնում է համայնքը, որպես պարտադիր լիազորություն, որոնք կազմում են համայնքների բյուջեի սեփական եկամուտների մեծ բաժինը: Եվ երկրորդ` հնարավորություն է տալիս համայնքի ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում տույժեր, տուգանքներ կիրառել, դիմել դատարան»,- երեկ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը` անդրադառնալով ԱԺ քննարկմանը ներկայացված տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հարկային փոփոխությունների մասին օրինագծին: Հիշեցնենք, որ ըստ օրինագծի` տեղական հարկերը կարող են լինել պարտադիր կիրառման եւ համայնքների կողմից կամավոր ներմուծվող 8 հարկատեսակ, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսվում է առանձին օրենք ընդունել: Սակայն Վ. Տերտերյանի հավաստմամբ` կամավորությունն այս օրինագծում այն է, որ համայնքները սեփական նպատակահարմարությամբ կարող են սահմանված 8 տեղական հարկատեսակների շարքից ներմուծել «որեւէ մեկը, երկուսը, 5-ը կամ 8-ը»: Անդրադառնալով` շտապողականության եւ հարկատեսակներով սոցիալական բեռի բարձրացման վերաբերյալ դժգոհություններին, Տերտերյանն ասել է. «Որեւէ հարկային բեռի բարձրացման մասին խոսք լինել չի կարող, որեւէ սոցիալական լարվածության մասին ընդհանրապես խոսք չկա, եւ այն փաստարկը, որ հարկատեսակները հասկանալի չեն, ընդամենը ցանկություն պետք է լինի հասկանալի դարձնելու: Շատ բաներ կան, որ ինձ էլ հասկանալի չեն, ես խնդրում եմ` մարդիկ բացատրում են, կամ ես գրականություն եմ կարդում: Մենք խոսում ենք չեղած վտանգի մասին»: Բնականաբար, Վաչե Տերտերյանն անհիմն եւ անիրատեսական է համարել այն մտահոգությունները, որ այս փոփոխությունները լծակ են գալիք ընտրությունների ժամանակ. «Ես այդպես էլ տրամաբանությունը չեմ հասկանում: Ի՞նչ լծակ կարող է լինել, որտե՞ղ եք տեսնում այդ լծակը: Պետք չէ բոլոր հարցադրումները կապել ներկայացված վարչարարության հետ: Եկե՛ք պատկերացնենք, որ այս օրենքը չկա, չեմ ներկայացրել` ձեր հարցի բովանդակությունը փոխվո՞ւմ է դրանից»: