Վատ ցանկություն չէ

21/02/2010

Ըստ «Ա1+»-ի` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը երեկ ասուլիսում չի թաքցրել, որ ցանկանում է դառնալ ՀՀ ոստիկանապետ, սակայն նա միաժամանակ գիտակցում է, որ միայն իր ցանկությունը բավարար չէ: «Յուրաքանչյուր բաժանմունքի պետ ցանկություն ունի դառնալ բաժնի պետ, միլպետ դառնալ, միլպետը ցանկություն ունի վարչության պետ դառնալ, վարչության պետը` նախարար դառնալ: Ցանկությունը բոլորի մոտ կա, եւ դա վատ ցանկություն չի: Ես չեմ գտնում, որ արժանիքներ չունեմ առաջ գնալու, բայց, եթե մեկ ուրիշն է նշանակվել նախարար, ուրեմն երկրի ղեկավարն ավելի բարձր է գնահատել նրա արժանիքները եւ նշանակել է իրեն: Ինձ թվում է, որ սա երկար քննարկելու թեմա չէ, եւ ես կուզենայի, որ այս հարցը շատ չշոշափվի»,- ասել է Ն. Նազարյանը: Նա չի հերքել, որ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը պատկանում է իր որդուն: «Մոսկվիչկան» դեռեւս խորհրդային տարիներին մի փոքր խանութ էր Երեւանում, որը պատկանել է որդուս պապիկին: Որդիս պապուց է ստացել այդ խանութը եւ զարգացրել է այդ բիզնեսը»,- ասել է նա: Ն. Նազարյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե ինքը Ոստիկանության աշխատակիցներին հրահանգել է գնումներ կատարել բացառապես «Մոսկվիչկա»-ից: «Ես չէի կարող այդքան ցածրանալ»,- ասել է նա: Անդրադառնալով «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանին 2009թ. ծեծի ենթարկելու գործի քննությանը, Ն. Նազարյանն ասել է, որ այն դեռեւս շարունակվում է: Միաժամանակ նա վստահեցրել է, որ իրենց համար նման հանցագործությունների չբացահայտելը ցանկալի չէ. «Մեր լեզվով ասեմ` դա «չեպե» է մեզ համար: Թե՞ ձեզ թվում է, որ մեզ շատ հաճելի է, որ նման դեպք լինի, եւ մենք մեր ամբողջ ուժերը դնենք, որ կարողանանք պրեսսայից, հեռուստատեսությունից պրծնենք»,- ասել է Երեւանի ոստիկանապետը: