Հնարավոր է` փակվեն

21/02/2010

«Սինոպսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հավաստմամբ` Հայաստանում ինտերնետի վատ որակի պատճառն այն է, որ ներկրվում է ցածրորակ ինտերնետ, եւ վատ են աշխատում պրովայդերները: Ըստ նրա` ինտերնետի ցածր որակը եւ անհուսալիությունը լրջորեն խոչընդոտում են օտարերկրյա ներդրումներին, եւ այս բնագավառում, ինչպես նկատեց նա` Հայաստանում խայտառակ վիճակ է: Նրա փոխանցմամբ` Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 30%-ը օտարերկրյա կապիտալով ընկերություններ են, եւ պատվերներն ու առաջադրանքները ստանում են արտերկրից` ինտերնետի միջոցով: Ուստի, նրա դիտարկմամբ` ինտերնետի ցածր որակը լուրջ վտանգներ է պարունակում պատվերները ժամկետում կատարելու եւ առաքելու հարցում: «Եթե այսօր ՏՏ ընկերությունները չեն կարողանում նորմալ աշխատել` վատ ինտերնետի պատճառով է, եւ եթե ինտերնետի որակը չբարելավվի, ապա չի բացառվում, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունները փակվեն եւ տեղափոխվեն այլ երկիր»,- երեկ հայտարարեց նա: