Կիսատ ուղեղով՝ կիսատ-պռատ կյանք

21/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Յոթ երեխաների մայր Աստղիկ տատը ժամանակին Արմավիրի մարզի Մերձավանի հերոսուհին է համարվել: Ամուսնու մահից հետո «մեղվի» պես աշխատելով՝ միայնակ մեծացրել է երեխաներին ու ամեն մեկին ինչպես հարկն է` «օժիտով», տուն ու տեղով ընտանիքի տեր է դարձրել: Ասում է` «Բալամ, իմ դարդ ու ցավը մենակ Ալիկս ա: Սա փոքր ժամանակից անբախտ էր, տենց անբախտացած էլ մնաց»: Փոքրամարմին Աստղիկ տատն ինձ Ալիկենց վագոն-տնակ հասցնելու ճանապարհին ցեխակորույս կոշիկներս տեսնելուն պես հազար անգամ ներողություն է խնդրում: Ալիկենց տան ամայի, տատասկ ու քարքարոտ ճանապարհը նման է Աստղիկ տատի պատմած անբախտ Ալիկի կյանքի պատմություններին: «Էս Ալիկս համարյա անուղեղ ա, գիտե՞ս»,- ասում է Աստղիկ տատն ու շտապում է «հերոսաբար» առաջ ընկնել ցեխի մեջ ինձ համար մի քիչ հարմար ոտնահետք «բացելու» համար: «Ի՞նչ իմաստով անուղեղ: Այսինքն` շուստրի չի՞գ»,- հարցնում եմ` ենթադրելով, որ Ալիկի անուղեղ լինելու հանգամանքը տիկին Աստղիկը կապում է վագոն-տնակում ապրելու հետ: Ասում է` «Տո չէ, բալամ, ուղեղ պիտի ունենա, որ շուստրիություն էլ ունենա: Իրա ուղեղը կիսատ ա»: Հետո Աստղիկ տատը պատմում է, որ իր յոթ երեխաներից Ալիկը չորս տարեկան հասակում վերամբարձ կռունկից ընկել է ցած: «Ոնց որ բարձրահարկ շենքի հինգերորդ հարկից ընկնի, էլի: Ամուսինս կռանի վրա էր աշխատում, իսկ Ալիկս իրա մոտ ա եղել, ու էդ դեպքը պատահել ա: Գլխի վրա ընկել ա ցած, երեխուս գլուխը լրիվ ցխվել էր, գիտե՞ս»,- պատմում է Աստղիկ տատն, ում խոսքերով` Ալիկի գլխի վիրահատությունը տեւել է 10 ժամ: Որդու անբախտության համար տիկին Աստղիկն իրեն է մեղադրում, քանի որ ծնողների անուշադրության արդյունքում որդին գլխուղեղի, գանգի լուրջ վնասվածք է ստացել: Ասում է` «Հիմա իրա գլխի մեջ լրիվ դատարկ ա, այսինքն` մի կողմը դատարկ ա, որովհետեւ ոսկորները մեկ-մեկ հավաքել, իրար են կպցրել, ուղեղն էլ կիսատ ա: Նենց գլխացավեր ա ունենում, ներվերը լրիվ քայքայված ա»: Աստղիկ տատի խոսքերը կիսատ են մնում, երբ ցեխի մեջ թաղված վագոն-տնակից դուրս է գալիս Ալիկն ու մեզ ուղեկցում է դեպի ներս: Տնակի ներսի գարշելի տեսարանի ֆոնին նորածնի ճիչերն անհավանական են դարձնում առհասարակ ի մի բերելը, թե ով ում բարեկամն է: 40 տարեկան Ալիկն է, կնոջ` Գայանեի հետ, ովքեր` չնայած Ալիկի «կիսատ» ուղեղի հանգամանքին, երեք երեխա են մեծացնում ու նորածին թոռ: «Մենք տուն չենք ունեցել, միշտ էլ քոչվորի նման ըստեղ-ընդեղ ենք ապրել»,- ասում է Ալիկն, ում վագոն-տնակի փոքրությունից՝ ամեն բառն արտաբերելու հետ օղու գարշահոտը «ապտակի» պես խփում է դեմքիս: Եթե ստացվում է` Ալիկը օրական 1000 դրամով բանվորություն է անում, բայց օրվա հացը պարտքով խանութներից են վերցնում: Խանութից վերցրած 30.000 դրամ հացի պարտքի պատճառով չի կարողանում պարտքի դիմաց «գրավ» դրած անձնագիրը ետ վերցնել ու ընտանեկան նպաստ ստանալու անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերել. «Դե՛, պիտի էդ պարտքը տանք, որ անձնագիրը տա, թե չէ` խնդրում, աղաչում ենք՝ խանութի տերը չի տալիս: Գոնե նպաստ ստանայինք, ահագին օգնություն կլիներ»,- ասում է նա` վստահեցնելով, որ արդեն հինգ տարի է, ինչ ուրիշի հողատարածքում, ուրիշի վագոն-տնակում են ապրում: Ցմահ հաշմանդամություն ունեցող Ալիկն անձնագրի պատճառով նույնիսկ չի դիմում բուժհաստատություն` հաշմանդամության կարգ հաստատելու համար: Տարածքի սեփականատերն ամեն անգամ գալիս է նրանց վռնդելու, բայց ամեն անգամ խղճալով հեռանում է: «Դե՛, մարդն ուզում ա իրա տարածքի վրա տուն սարքի, բայց մեր պատճառով չի կարում: Էս վագոնն էլ ժամանակին հողը մշակելու համար իրանց իրերը պահելու նպատակով են պահել»,- ասում է Ալիկի կինը` Գայանեն, ով մերկացնելով որդուն` Հովհաննեսին, մատնացույց է անում երեխայի ճողվածքը: Ասում է` վիրահատելու համար 70.000 դրամ են պահանջել, մինչդեռ երեխան ցավից գալարվում է: Հետո Ալիկն ասում է, որ երեխայի վիրահատության համար պահանջվող գումարի համար դիմել են Մերձավանի գյուղապետ Լյովա Գրիգորյանին: «Հետո՞, օգնե՞ց»,- հարցնում եմ, որից հետո Ալիկն ու Գայանեն մի տեսակ այլայլվում են: Ալիկն ասում է` «Հա՛, գյուղապետը էդ փողը տվեց, բայց կինս վատացել էր, իրան շատ շտապ տարանք հիվանդանոց ու էդ փողն իրա վրա ծախսեցինք: Ճիշտն ասած` իրա մոտ շատ ծանր հիվանդություն ա, փտախտ ա, էլի, ոտքերիցգ»: Հովհաննեսը տարակուսած նայում է մորն ու հորը ու աննկատ վերցնելով շապիկն՝ անմիջապես փակում է այտուցված փորը: Գայանեին հարցնում եմ` «Իսկ ձեզ ի՞նչ է եղել, ի՞նչ փտախտգ»: «Նենց պրիստուպ բռնեց, հեն ա, հարեւանս ներկա ա եղել: Ոնց որ կույր աղիքս պայթերգ»,- շփոթված ինչ-որ հիվանդությունների շարան է թվարկում Գայանեն, բայց փտախտի ու երեխայի համար հատկացված գումարի մասին՝ ոչ մի խոսքգ Թեման փակում ենք, որովհետեւ ներքուստ արդարանում են, ու տարածք չտրամադրելու մասին գյուղապետի հասցեին նրանց հնչեցրած յուրաքանչյուր մեղադրանք դառնում է անկշիռ: Գայանեն աշխատանք է փնտրում, բայց անգամ հավաքարարի գործ Մերձավանում գոյություն չունի: Ավագ որդին` 20-ամյա Անդրանիկը, ողնաշարի թեքության պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից ու «նեգոդնի» է համարվում անգամ գործատուների համար, քանի որ ծանրություն բարձրացնել ի զորու չէ: Փոխարենն՝ Անդրանիկին անպիտան չի համարել Թալինից հարս եկած կինը, ով ամուսնացել է նրա հետ` պատրաստ լինելով «վագոնային» թշվառ կյանքին: Երկու ամսական Նարեկի բախտը բերել է, որ լույս աշխարհ է եկել մայրական կաթով սնվելու բարեբախտությամբ, հակառակ դեպքում` «Երեխեն սովամահ կլիներ, կեր ո՞նց պիտի ճարեինք: Բախտներս բերել ա, որ կաթ ունի, թե չէգ»,- ասում է Գայանեն` ավելացնելով, որ սոված-ծարավ օրեր հաղթահարելուն արդեն վարժվել են: Գայանեն ու Ալիկն ասում են, որ բազմիցս դիմել են գյուղապետին` տարածք կամ բազմաթիվ դատարկ շինություններում մի սենյակ հատկացնելու խնդրանքով։ «Մեր մոտ Սովետից մնացած շատ շենքեր կան, որ բնակելի են, բայց դատարկ: Գոնե մի սենյակ տային՝ մարդավարի ապրեինք, էլի: Ոչ ջուր կա, ոչ զուգարան: Ջուրը հեռվից կրում ենք, զուգարանն էլգ Էս պուճուր երեխեն նոր ա ծնվել, բայց քանի անգամ արդեն մրսել, հիվանդացել ա: Փետ էլ չունենք, մի երկու քըրջ ու փալաս ենք հավաքում, փեչը վառում ենք, բայց էս ժեշտը վռազ սառում ա»,- ասում են նրանք` վստահեցնելով, որ կացարան տրամադրելու խնդրանքով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով Արմավիրի մարզպետին հանձնարարել է բավարարել խնդրանքը, սակայն, ինչպես մարզպետն, այնպես էլ` գյուղապետը չեն կատարում հանձնարարականը:

Փոքրիկ Նարեկը չի էլ պատկերացնում, որ ինքը ծնվել է մի տնակի մեջ, որտեղ ամռանը կարիճների ու մորմերի «այցելությունից» իրեն չեն կարողանալու պաշտպանել: Նարեկը դեռ փոքր է՝ հասկանալու համար, որ մայրական կաթը սպառելուց հետո էս աշխարհի դրվածքն իր համար խիստ անարդար է թվալու: