«Սեռական դաստիարակությունը» դեռ կարող ենք ընդունել

21/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեք տարի առաջ «Անտարես» հոլդինգը նախաձեռնեց «Երեխաներին սեքսի մասին» երկհատորյա գրքի տպագրումը, որի հեղինակային իրավունքները ձեռք են բերվել իսպանական «Oceano» հրատարակչությունից:

Այդ գրքի ֆորմատը ձեւավորվել է երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում, եւ «սեքս» բառի բացատրությունն արվել է` հաշվի առնելով մանկապարտեզի տարիքից սկսած, սեռական հասունության տարիքի հասած երեխաների հարցերը, որոնք բնավ էլ միայն սեռական հարաբերություններին չեն վերաբերում, այլ` շատ ավելի լայն (կենցաղային, բնության, պաշտպանվածության, անվտանգության) թեմաներին են անդրադառնում։

«Այս գիրքը փոքր տարիքի երեխաների համար չէ,- ասում է «Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը,- այն ավելի շուտ հասցեագրված է նրանց ծնողներին»։

Գիրքը «Մեծական պատասխաններ՝ մանկական հարցերին» ենթավերնագիր ունի, պատմում է ոչ միայն մարմնի կառուցվածքի, սեռական հարաբերությունների, այլեւ՝ հիգիենայի, ընտանեկան ու դպրոցական հաղորդակցման մասին։ Եվ, վերջիվերջո, հիշեցնում է նաեւ սիրո ու զգացական ապրումների մասին։ Չէ՞ որ հույզը նույնպես դաստիարակման կարիք ունի։ Յուրաքանչյուր երեխա սեփական մարմինն ուսումնասիրելու ցանկություն ունենում է դեռ վաղ հասակից։ Եվ այդ ուսումնասիրությունն անում է մեծ հաճույքով ու լրջությամբ։ Եվ որքան էլ ծնողները շեղեն նրա ուշադրությունը, միեւնույն է` երեխայի մոտ հարցեր են առաջանում։ Ընդ որում՝ շատ բնական ու տրամաբանական հարցեր։ (ինչո՞ւ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ինչի՞ համար են իմ սեռական օրգանները, ինչպե՞ս են երեխաները ծնվում)։ Նման հարցեր չի տալիս միայն վերին աստիճանի տհաս երեխան։ Եվ քանի որ մեր երեխաները շատ պայծառ, վերլուծող ու ընկալունակ են, նրանք տարրական սեքսուալ դաստիարակության պահանջ են զգում։ Որպես կանոն, դաստիարակչի դերում լինում է փողոցը, որն, իհարկե, կարող է ամեն բան բացատրել, նկարագրել ու գունավորել, սակայն ոչ միշտ է դա անում նրբանկատորեն ու ճիշտ։ Սեքսուալությունը մի թեմա է, որն անընդհատ գտնվում է երեխայի ուշադրության կենտրոնում, եւ եթե այդ մասին չեն խոսում, ապա առնվազն այդ մասին մտածում են։ Հերիք է երեխան մեկ հայացք նետի էկրանին, որպեսզի նկատելի դառնա, որ վերմակով ծածկված կինն ու տղամարդն ինչ-որ անհասկանալի շարժումներ են անում։ Երեխան լարում է իր երեւակայությունը՝ հասկանալու համար՝ ի՞նչ է այնտեղ կատարվում։ Ուշագրավ է, որ, ըստ մանկական հոգեբանների՝ երեխան հարց է տալիս միայն այն ժամանակ, երբ ինքն արդեն իր սեփական վարկած-պատասխանն է ունենում։ Եվ հարց տալով՝ նա ընդամենը ցանկանում է ստուգել իր պատասխանի ճշմարտությունը։ «Օրինակ, եթե ծնողն ասում է, որ երեխաներին գտնում են կաղամբի մեջ, կամ էլ հիշատակում է արագիլի մասին, երեխայի ու մեծահասակի կոնտակտը կտրվում է, եւ անվստահության մթնոլորտ է ստեղծվում։ Վերջ, երեխան այլեւս լուրջ հարցերով չի դիմի ծնողին, եւ միայն ծայրագույն դեպքերում հաշվի կառնի նրա կարծիքը»,- նկատում է Ա.Մարտիրոսյանը։ Իսկ ծայրագույն դեպքերը մեր կյանքում այնքան էլ քիչ չեն։ Եվ երբ խոսում ես մանկաբույժների հետ, ապա ծանոթանում ես շատ տխուր վիճակագրական տվյալների հետ։ Դպրոցահասակների հղիության, նրանց շարքերում սեռական հիվանդությունների թիվն աճման միտում ունի։ Թեեւ, ըստ ավանդույթի՝ այդ մասին ընդունված չէ բարձրաձայն ասել, քանի որ համարվում է, որ եթե ինֆորմացիա չկա, չկա նաեւ պրոբլեմը։ Ա.Մարտիրոսյանը պատկերավոր զուգահեռ է անցկացնում սեքսի ու հրդեհի միջեւ, ասելով. «Մենք հակահրդեհային ծառայության լուրջ համակարգ ունենք։ Ի՞նչ է, մեզ մոտ ամեն օր հրդեհնե՞ր են լինում։ Ոչ, իհարկե, այդ ծառայությունը նաեւ կանխարգելիչ աշխատանքներ է կատարում, գիտելիքներ է փոխանցում բնակչությանը, որպեսզի աղետներ չլինեն։ Նույնն էլ սեռական դաստիարակության ոլորտում է։ Անչափահասների աբորտները, որոնք հետագայում անպտղաբերության են հանգեցնում, տղամարդկանց բարդույթները սկիզբ են առնում հենց նման կանխարգելիչ աշխատանքի պակասի պատճառով»։ «Երեխաներին սեքսի մասին» գիրքը երեխան ինքնուրույն կարող է կարդալ թերեւս 13-16 տարեկան հասակից սկսած։ Ա.Մարտիրոսյանը նկատում է, որ նույնիսկ պատկառելի տարիքի հասած մարդիկ կարդալով այդ գիրքը՝ կարող են շատ հետաքրքիր հետեւություններ անել, քանի որ գրքի առավելությունը համակարգված ինֆորմացիան է. «Սեքսի մասին խոսում են բոլորը։ Դա երեւի ամենահաճախ շոշափվող թեման է։ Իսկ այն խոսակցությունները, որ մեր գիրքը կարող է վնասել երեխաներին, ես անհեթեթ եմ համարում։ 13 տարեկան երեխաները դպրոցում շատ ավելի լուրջ ու մանրամասն պետք է ուսումնասիրեն կենդանիների եւ մարդու անատոմիան եւ ֆիզիոլոգիան։ Եվ հետո էլ այդ առարկայից քննություն հանձնեն»։ Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր դպրոցներում այդ թեման շրջանցվում է, ուսուցիչներն, այսպես ասած՝ «թռչում» են դրա վրայով։ Ձկների, կենդանիների մասին անցնում են, բայց արդեն մարդ էակի սեռականությանը վերաբերող գլուխները երեխան ինքնուրույն է կարդում ու երբեք ուսուցչի հետ չի քննարկում։ Հետաքրքիր է, որ «Երեխաներին սեքսի մասին» գիրքը հայրենական դպրոցական համակարգում որպես օժանդակ ուսուցողական ձեռնարկ հայտնվելու հնարավորություն ուներ, քանի որ այն հաջողությամբ փորձարկվել է տարբեր եվրոպական երկրների դպրոցներում։ Սակայն չհայտնվեց։ Հայաստանյան դպրոցական համակարգի մշակողները պահանջեցին «Անտարեսից» հանել այն հատվածը, որտեղ պատկերված է իր արտացոլքը հայելու մեջ զննող աղջիկը՝ համարելով այդ պահվածքը ոչ հարիր։ Ա.Մարտիրոսյանն ասում է, որ «Երեխաներին սեքսի մասին» գիրքը թարգմանվել ու ադապտացվել է հայերեն լեզվին, ինչի արդյունքում, օրինակ, գրքի պատումի հերոսները ձեռք են բերել հայկական անուններ՝ Խուանը դարձել է Խաչիկ, իսկ Մարին՝ Մարիամ։ «Մեկ տարի շարունակ իսպանացիները համբերատար լսել ու ընդունել են մեր կատարած բոլոր փոփոխությունները։ Սակայն, երբ ասացինք, որ մեզանից պահանջում են հանել այդ հատվածը, նրանք պատասխանեցին՝ նման պահանջներ ունեցող մարդիկ իրավունք չունեն կրթական ոլորտում աշխատել։ Եվ խզեցին բոլոր կապերը»,- պատմեց Ա.Մարտիրոսյանը։ Մեծ տարիքի մարդիկ թերեւս կհիշեն, որ Խորհրդային Միության կազմակերպած առաջին հեռուստակամրջի ընթացքում մի կին ասաց՝ ԽՍՀՄ-ում սեքս չկա… Հիմա մենք էլ թերեւս կարող ենք նույնը ասել՝ հայ երեխաները երբեք հայելու մեջ չեն նայում, քանի որ նրանց չի հետաքրքրում սեփական մարմնի կառուցվածքը։

Ինքնաճանաչում

Երեխան լույս աշխարհ է գալիս բնազդաբար կոդավորված՝ նա ուզում է ճանաչել ինքն իրեն ու շրջապատող աշխարհը։ Եվ այս գիրքը, որը վերջերս ուշադրության կենտրոնում է հայտնվել (ընդ որում՝ միայն այն բանից հետո, երբ ներկայացվել է հեռուստատեսությամբ), ընդամենը օգնում է ճանաչել մարդու մարմնի կառուցվածքն ու տարրական գիտելիքներ է փոխանցում սեքսի մասին։ Արդյո՞ք դա պետք է անել, թե՞ կարելի է բնավ էլ չմիջամտել «տաբու» դարձած այդ թեմայի ներկայացմանը։ Ա.Մարտիրոսյանը պատասխանում է. «Եկեք մեզ չխաբենք, մեր երեխաները շատ ավելի լավ են տեղեկացված, քան մենք ենք պատկերացնում։ Երեխաներն ընդամենը ուզում են իրենց իմացածը ճշտել մեզ հետ։ Իսկ մենք անտեսում ենք նրանց այդ ցանկությունը։ Մեր գիրքը մեղադրվեց ինֆորմացիան բաց տեղադրելու մեջ, բայց չէ՞ որ սեքսի մասին, այսպես թե այնպես, տեղեկություն տալիս է փողոցը, վերջիվերջո՝ ինտերնետը, ու ոչ միշտ է այդ տեղեկությունը համակարգված ու երեխայի հոգեբանության համար նախատեսված լինում։ 8 տարեկան երեխան կարող է ինտերնետում փնտրել «sex» բառն ու զարհուրելի լուսանկարների հանդիպել»։ «Երեխաներին սեքսի մասին» գրքում ֆոտոներ չկան, նկարազարդումը մանկական կոմիքսներ են հիշեցնում, այսինքն՝ որոշակի դիստանցիա է ապահովված։ Դա մանկական հոգեբանների, սեքսոլոգների ու մանկավարժների պարտադրանքն է եղել։ Ա.Մարտիրոսյանը նկատում է, որ որակյալ ու համապարփակ այդ գրքի տպագրումն անձնապես իր համար չափազանց կարեւոր է եղել: «Մեր երեխաների 5%-ը գրքի ծարավ է, այսինքն` փորձում է գրքի միջոցով ինֆորմացիա ստանալ։ Եվ ես վստահ եմ, որ այդ 5%-ի համար արժե աշխատել։ Մեր փրկությունը հենց այդ 5%-ն է, եւ եթե մենք՝ հրատարակիչներս, կարողանանք նրանց գրքերով ապահովել, մենք ապագա կունենանք։ Եթե չենք կարող, կկործանվենք։ Արդեն իսկ սարսափելի վիճակում ենք հայտնվել, 1990-ականների կրթական աղետը հանգեցրեց նրան, որ հիմա մենք երիտասարդ մասնագետներ չունենք։ Այսօր բոլոր գործարարներն ու ձեռնարկությունները զգում են այդ պակասը։ Եվ ցավոք, այդ մասին ահազանգում են մասնավոր օղակները, իսկ պետական գերատեսչություններում ոչ պրոֆեսիոնալների հասցրած վնասը նույնիսկ չի էլ գնահատվում։ Մասնավորը ստիպված է հաշվել այդ վնասը, իսկ պետությունը դրան հանգիստ է նայում։ Ես համոզված եմ, որ եթե 1990-ականներին մենք կրթության վրա ավելի մեծ գումարներ ծախսեինք, ավելի քիչ վնաս կունենայինք։ Եվ եթե այն ժամանակ կարեւորություն տայինք սեռական ու հուզական դաստիարակությանը, հիմա ոչ միայն ավելի առողջ, այլեւ՝ կոլեկտիվում ճիշտ շփվելու ունակ սերունդ կունենայինք։ Հիմա նայեք, թե ինչպես է տղան շփվում աղջկա հետ, երբ ընդամենը ուզում է ասել, որ աղջիկն իրեն դուր է գալիս։ Տղան բառեր չի գտնում եւ ակնհայտ հայհոյանքով է խոսում, քանի որ նրան ոչ ոք չի կրթել։ Իսկ դա ապացուցում է, որ մենք հիմա ռեգրեսիվ ընթացքի մեջ ենք։ Ե՛վ որպես անհատներ, եւ՛ որպես պետություն ետընթաց ենք ապրում»,- ասում է Ա.Մարտիրոսյանը։ Վերջերս ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը փայլուն միտք հայտնեց` կոչ անելով գազի թանկացման պատճառով անվճարունակ քաղաքացիներին` աթար վառել։ Եվ ստացվում է, որ սեռական հարցերն էլ այդ նույն «աթարային» տարբերակով կարելի է լուծել՝ ցուցադրելով, որ «գազ» (այսինքն՝ զարգացում) չկա։ Ինֆորմացիայի հոսքը փակել չի ստացվի, ինչպես չի ստացվի նաեւ ապարդյուն ջանքեր գործադրելով՝ սահմանափակել ինտերնետը։ Մնում է միայն քաոսային ինֆորմացիոն տարափի կողքին այլընտրանքային ինֆորմացիոն աղբյուրներ ստեղծել։ Գիրքն այլընտրանք է։

Հ.Գ. Ուշագրավ է, որ 3 տարվա ընթացքում «Երեխաներին սեքսի մասին» գրքի ընդամենը 25 օրինակ է վաճառվել։ «Զարմանալու բան չկա։ Ի՞նչ է, կարծում եք, մնացած գրքերն են լավ վաճառվո՞ւմ։ Գիրքը «վախճանվում է»,- ասում է «Անտարեսի» նախագահը։