Փետրվարի 10-ին Վինձորի դղյակում տեղի ունեցավ Նորին Թագավորական Մեծություն Ուելսի Արքայազնի եւ Քորնուելի Դքսուհի հյուրընկալած բարեգործական միջոցառումը, որի ընթացքում միջոցներ հանգանակվեցին «Երեւան, իմ սեր» ծրագրի համար: Ծրագրի նախաձեռնողն ու դրա գլխավոր հովանավորը ՀՀ նախկին վարչապետ, Eurasia House International-ի նախագահ Արմեն Սարգսյանն էր:
Eurasia House International-ը Bravo.am-ին էր տրամադրել մի քանի լուսանկարներ եւ հավելյալ տեղեկատվություն երեկոյի մասին: «Կարող եմ որոշակի վստահությամբ ասել, որ Վինձորի ամրոցի գրեթե հազարամյա պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է հայ-անգլիական միջոցառում»,- ասել է Արքայազն Չարլզը: «Ծրագիրը, որին այսօր ուզում ենք օժանդակել, միավորում է մեր հարուստ մշակութային ժառանգության երկու տարրերը` պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շինությունների ֆիզիկական վերականգնումը եւ մարդու, հատկապես՝ երեխաների, կենտրոնական տեղի վերականգնումը հասարակության մեջ»,- ասել է Ա. Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թագավորական ընտանիքի անդամներ, կորպորատիվ աշխարհի (Areva, HSBC, Barclayգs Bank, Merrill Lynch, Elettronica) ղեկավարներ: Երեկոն սկսվել է համերգով. դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ իր թոռը «Ֆիլհարմոնիա» նվագախմբի հետ կատարել են Հանս Զիմմերի երաժշտությունը «Գլադիատոր» կինոնկարից: Նվագախումբը ղեկավարում էր Սերգեյ Սմբատյանը` Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Երիտասարդ ջութակահար Միքայել Սիմոնյանը (Նյու Յորք) կատարել է Չայկովսկու Ջութակի կոնցերտը: Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան կատարել է Գլյուկի «O del mio dolce ardour» ստեղծագործությունը եւ հայկական («Փոքրիկ տղան մի վարդ տեսավ») ու ղազախական ժողովրդական երգեր: Իր խոսքում Ուելսի Արքայազնը շեշտել է. «Կարեւոր է, որ սա առիթ է ամրապնդելու կապերը Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ»: Նա իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի հանդեպ` որպես հնագույն քրիստոնեական մի երկիր, որը «մեծ ու եզակի ճարտարապետական ժառանգություն ունի»: Արքայազնը նշել է, որ հարկավոր է խնամքով վերաբերվել այդ երկրի հոգու մի մասը կազմող «բաց երկնքի տակ գտնվող թանգարանին» եւ շարունակել հաստատված ավանդույթները:
Միջոցառումը տեղի է ունեցել պատմական Վաթերլոոյի պալատում, որը կառուցվել է ի նշանավորումն 1815թ. Նապոլեոն Բոնապարտի նկատմամբ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Պրուսիայի եւ Ռուսաստանի միացյալ ուժերի հաղթանակի: Հատուկ այս միջոցառման համար Լոնդոնից` արքայական հավաքածուից, բերվել էին Անգլիայի Գեւորգ Գ. թագավորի ոսկյա եւ արծաթյա սպասքն ու մոմակալների հավաքածոն: «Երեւան, իմ սեր» ծրագրի առաջին նվիրատուների եւ բարերարների շարքում են. Սերգեյ Համբարձումյանը (Ռուսաստան), Սամվել Կարապետյանը (Ռուսաստան), Լուիզ Սիմոն Մանուկյանը (ԱՄՆ), Վաչե Մանուկյանը (Միացյալ Թագավորություն), Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան), կորպորատիվ հովանավորներ «ՀայՌուսգազարդ» (գործադիր տնօրեն Կարեն Կարապետյան), «Էներգոպրոյեկտ» (գործադիր տնօրեններ Գագիկ Զախարյան եւ Եվգենի Բոբիլեւ), ENI (գործադիր տնօրեն Պաոլո Սկարոնի), HSBC (նախագահ Սթիվն Գրին), ITERA (գործադիր տնօրեն Իգոր Մակարով), VimpelCom (գործադիր տնօրեն Բորիս Նեմշիչ), Պիեռ Ֆատուշը (Լիբանան), Պերճ Սեդրակյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Գագիկ Զաքարյանը (Ռուսաստան): Գոյացած նյութական միջոցները կհատկացվեն չորս շինությունների վերականգնմանը` երկուսը Երեւանի Կոնդ թաղամասում, մյուս երկուսը` քաղաքի կենտրոնում: Վերականգնվելուց ու լիովին կահավորվելուց հետո Կոնդի շինություններից մեկը կօգտագործվի որպես չքավոր ընտանիքների խուլ ու համր երեխաների մանկամսուր-մանկապարտեզ, մյուսը կծառայի որպես անամուսին մայրերի ու նրանց երեխաների կենտրոն: Իսկ Երեւանի կենտրոնում վերականգնվելիք երկու շենքերում կտեղակայվի ազգային նվագարանների երաժշտական դպրոց որբ երեխաների ու պատանիների համար: Դպրոցը կղեկավարի Ջիվան Գասպարյանը: