ԿԲ-ի նպատակը գների աճը զսպելը չէ

07/09/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

– Արժութային շուկայում կատարվող ցանկացած տատանման վերաբերյալ
մեկնաբանություններում ԿԲ-ն միշտ շեշտում է, որ օրենսդրորեն իր հիմնական
խնդիրը գների կայունության եւ սղաճի՝ նախատեսված ցուցանիշների ապահովումն
է: Որպես կանոն, ԿԲ հաշվետվություններում արձանագրվում են պլանավորված
սղաճի մակարդակին մոտ ցուցանիշներ, ինչը ներկայացվում է որպես այդ
կառույցի աշխատանքի արդյունավետության հիմնավորում: Այդուհանդերձ՝ կապված
2004 թ. սկսված ԱՄՆ դոլարի արժեզրկման հետ, հասարակությունը, մեղմ ասած,
անվստահությամբ է վերաբերվում ԿԲ-ին: Պատճառներից մեկն էլ թերեւս այն է,
որ չնայած պաշտոնական տեղեկատվության մեջ արտացոլված սղաճի ցածր
ցուցանիշներին, գործնականում բազմաթիվ ապրանքների գներն ավելի արագ եւ
ավելի բարձր մակարդակով են աճում, ինչը մարդիկ զգում են իրենց մաշկի վրա:
Ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունը:

– Իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու կարեւորագույն նախապայմաններից մեկը
նույն տերմիններով խոսելն է: Ուստի հակիրճ ներկայացնենք խնդրո առարկա
հասկացությունները: Այսպես, ԿԲ-ին առաջադրված հիմնական խնդիրը՝ գների
կայունության ապահովումը, նշանակում է որոշակի ցածր գնաճի ապահովում: Այլ
կերպ ասած, ԿԲ-ի նպատակը չէ հնարավորինս զսպել գների աճը կամ, առավել եւս,
նպաստել դրանց անկմանը, այլ այն ձգտում է ապահովել գների մակարդակի փոքր՝
ընթացիկ տարվա ծրագրով, օրինակ, 3%-ը չգերազանցող աճ: Թեեւ ընդհանուր
առմամբ գնաճը նշանակում է գների մակարդակի բարձրացում, գործնականում
ընթացիկ տարում նախորդ (կամ որեւէ այլ՝ բազիսային) տարվա նկատմամբ գների
մակարդակի փոփոխությունը չափելու համար անհրաժեշտ է առանձնացնել
ապրանքների մի խումբ, որոնց գների փոփոխության նկատմամբ առավել զգայուն է
բնակչության մեծամասնությունը: Բնական է, որ այդ ապրանքախումբը պետք է
արտացոլի բնակչության լայն զանգվածների կողմից սպառվող ապրանքները՝
համապատասխան կշիռներով: Այս նկատառումով գնաճի չափման համար օգտագործվում
է սպառողական ապրանքների զամբյուղը, որը ՀՀ-ում ներառում է 400
ապրանքատեսակ: Այսպիսով, 3% մակարդակի վրա արձանագրված գնաճը նշանակում է,
որ տվյալ տարվա ընթացքում սպառողական զամբյուղի արժեքն աճել է 3%-ով:
Միաժամանակ ակնհայտ է, որ դա չի նշանակում, թե զամբյուղի մեջ մտնող
յուրաքանչյուր ապրանքի գինը նույնպես բարձրացել է 3%-ով, եւ առավել եւս չի
նշանակում, որ համանման վարքագիծ են դրսեւորել զամբյուղի մեջ չմտնող
ապրանքների գները. դրանք կարող են ինչպես աճել ավելի արագ տեմպերով,
այնպես էլ մնալ անփոփոխ եւ անգամ նվազել:

Այսպիսով, եթե անհատի սպառումը զգալիորեն տարբերվում է միջին քաղաքացու
համար հաշվարկված զամբյուղից, կամ եթե նա սպառում է նույն ապրանքները այլ
կշիռներով, օրինակ օգտագործում է ավելի քիչ հաց եւ ավելի շատ բանջարեղեն,
ապա նրա անհատական սպառողական զամբյուղի գնի փոփոխությունը կարող է
տարբերվել պաշտոնապես հայտարարված գնաճի մակարդակից:

– Համաձա՞յն եք այն գնահատականներին, որ դրամի արժեզրկումը կմեծացնի
հասարակության անվստահությունը ՀՀ դրամի նկատմամբ: Դուք միշտ նշում եք, որ
Հայաստանում դոլարիզացված է ոչ միայն տնտեսությունը, այլեւ
մտածողությունը: Այդ ուղղությամբ ԿԲ-ն մի շարք քարոզչական միջոցառումներ է
իրականացնում, սակայն հասարակության մտածողությունը կարծես առանձնապես չի
փոխվում: Չե՞ք կարծում, որ տնտեսության դոլարիզացումը ոչ այնքան
մտածողության հետ է կապված, որքան տնտեսության ներքին հարաբերությունների:
Եվ ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության կամ մտածողության
«դրամայնացումը» արտարժույթի շուկայի վրա:

– Անշուշտ, դոլարիզացիան հիմնվում է ոչ միայն հասարակության մտածողության,
այլեւ առարկայական տնտեսական հարաբերությունների վրա՝ դեռեւս մեծ է մեր
այն հայրենակիցների թիվը, որոնց եկամուտներում զգալի տեսակարար կշիռ են
կազմում արտարժութային տրանսֆերտները, եւ դեռեւս մեծ է տնտեսության այն
հատվածը, որը՝ շրջանցելով օրենքի պահանջները, շարունակում է օգտագործել
ԱՄՆ դոլարը ներքին հաշվարկներում: Այնուամենայնիվ, դրամայնացման
ուղղությամբ ակնհայտ տեղաշարժեր չնկատելը պարզապես այդ տեղաշարժերը
նկատելու ցանկության բացակայության վկայությունն է: ՀՀ-ում միջին ընտանիքի
տեսանկյունից աստիճանաբար կրճատվում են դրամային եկամուտները դոլարի
վերածելու շարժառիթները, քանի որ նախ` գործող օրենքների շրջանակներում
վերջնական ծախսումները, միեւնույն է, պետք է իրականացվեն դրամով եւ, բացի
այդ, եթե նախկինում ակնհայտ էր, որ դոլարը կարող է միայն թանկանալ, ապա
այսօր պարզ դարձավ, որ ցանկացած արժույթ ժամանակի ընթացքում կարող է եւ՛
արժեւորվել, եւ՛ արժեզրկվել: Դոլարը բացառություն չէ: Այնուամենայնիվ,
տարիների ընթացքում ձեւավորված մտածողության փոփոխությունը նույնիսկ
ակնհայտ առարկայական նախադրյալների առկայության պայմաններում պահանջում է
բավականին երկար ժամանակ, եւ այս առումով մենք պետք է լինենք համբերատար
եւ հետեւողական:

 Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքի տատանումներին, ապա դրանք
անհրաժեշտաբար պետք է ազդեն արտաքին տնտեսական հարաբերություններում
ընդգրկված սուբյեկտների գործունեության արդյունքների վրա, սակայն,
բնակչության տեսանկյունից` առավել կարեւոր է ազգային դրամի
գնողունակությունը: Կոպիտ ասած, եթե դուք ապրում եք ՀՀ-ում, ստանում եք
աշխատավարձ` ՀՀ դրամով, եւ ծախսում եք այն երկրի ներսում՝ ձեզ համար
առավել կարեւոր է գների մակարդակի եւ ձեր աշխատավարձի փոփոխության համաչափ
լինելը, իսկ արժութային շուկայում ազգային արժույթի փոխարժեքի
տատանումները կարող են ընկալվել զուտ որպես արտարժույթի առաջարկի եւ
պահանջարկի փոփոխության հետեւանքով հավասարակշռության կետի տեղաշարժեր:
Այսպես, օրինակ, 2002թ. միջազգային շուկայում դոլարի նկատմամբ եվրոյի
փոխարժեքի աճը կազմել է ավելի քան 16%, 2003-ին՝ մոտ 20%, 2004-ին՝ մոտ
6%, իսկ ընթացիկ տարվա հունվարի առաջին շաբաթվա ընթացքում փոխարժեքը
պատմական առավելագույն մակարդակից՝ 1,3666 ԱՄՆ դոլարից, կտրուկ նվազել է
մինչեւ 1,3030: Նման տատանումներն անշուշտ դարձել էին լայն քննարկումների
առարկա մասնագետների շրջանակներում, սակայն բնակչության տեսանկյունից
դրանք շատ ավելի քիչ կարեւոր էին, քան օրինակ երկրի հիմնական
տոկոսադրույքի վերանայման հեռանկարները եւ գործազրկության պահպանվող բարձր
մակարդակը:

– Թեեւ այսօր հասարակության ուշադրության կենտրոնում դրամի արժեզրկման
գործընթացն է, սակայն եւ փորձագետները, եւ քաղաքացիները մինչեւ այսօր
դրամի արժեզրկմանը նախորդած դոլարի արժեզրկման իրական պատճառների
վերաբերյալ մի շարք վարկածներ են առաջ քաշում: Այսինքն՝ հասարակության
համար հիմնավոր չեն եղել Ձեր եւ ԿԲ-ի բացատրություններն ու
հիմնավորումները: Անգամ ներկայացվում են դոլարի արժեզրկման «կազմակերպված»
լինելու մասին կոնկրետ մեխանիզմներ, որն, ըստ այդ վարկածն առաջադրողների,
նպատակ է ունեցել աջակցել խոշոր ներմուծողներին, եւ արդյունքում
վերջիններս գերշահույթներ են ստացել: Խնդրում ենք եւս մեկ անգամ
պատասխանել այս հարցերին եւ, եթե հնարավոր է, արժանահավատ հակափաստարկներ
ներկայացնել այն գնահատականին, որ ԿԲ-ն միտումնավոր նպաստում էր դոլարի
արժեզրկմանը, ինչը գրեթե ուղղակիորեն հաստատեց նաեւ Արժույթի միջազգային
հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքյուն:

– Բնական է, որ ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը մեծացնում է դրա
արտաքին գնողունակությունը, այդպիսով ավելացնելով ներմուծողների
եկամուտները, ինչպես որ ազգային արժույթի արժեզրկումը մեծացնում է
արտահանողների շահույթը: Ընդհանրապես, տնտեսական որեւէ ցուցանիշի
փոփոխություն ավելացնում է մեկ տնտեսական խմբի օգուտները մեկ այլ խմբի
հաշվին: Այսպես, օրինակ, չկանխատեսված բարձր գնաճը օգտակար է
վարկառուներին եւ վնասակար՝ վարկատուներին, քանի որ վերադարձվող վարկի
իրական գումարը զիջում է դրա սկզբնական մեծությանը, իսկ գնաճի
չկանխատեսված լինելը վարկատուին թույլ չի տալիս ապահովագրվել դրա ռիսկից`
տոկոսադրույքի բարձրացման միջոցով: Բարձր տոկոսադրույքն իր հերթին օգտակար
է խնայողությունների տերերին եւ վնասակար՝ ներդրումներ իրականացնող
անձանց: Այսպես կարելի է շարունակել անվերջ: Սակայն այն հանգամանքը, որ
տվյալ երեւույթն օգտակար է այս կամ այն անհատին կամ խմբին, չի կարող
բավարար հիմք հանդիսանալ եզրակացնելու համար, որ այդ երեւույթի հեղինակը
հենց այդ անհատն է կամ խումբը:

Պետք է հասկանալ նաեւ, որ սենսացիոն հայտարարություններ անելը շատ ավելի
հեշտ է, քան մանրակրկիտ տնտեսական վերլուծություններ կատարելը, առավել
եւս, որ սենսացիոն նորությունների պահանջարկը շատ ավելի բարձր է` քան
տնտեսական վերլուծությունների արդյունքների: Սակայն վերջին օրերին ՀՀ
շուկայում գրանցված դոլարի արժեւորման ներքո ԿԲ-ի կողմից դոլարի
միտումնավոր արժեզրկման վարկածն առնվազն անհիմն է:

Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի դիրքորոշմանը, ապա ՀՀ ԿԲ-ի գործունեությունը
միանշանակ արժանանում է այդ կառույցի հավանությանը, ինչի մասին բազմիցս
նշվել է այդ կազմակերպության զեկույցներում:

– 2004 թվականին ԿԲ-ն կրել է շուրջ 16 մլրդ դրամի կորուստներ, ինչը,
ինչպես Ձեր ելույթներից մեկում էիք նշել, առավելապես պայմանավորված էր
դոլարի արժեզրկմամբ: Որոշ կանխատեսումների համաձայն, ԿԲ-ի այս տարվա
կորուստները մի քանի անգամ ավելի են լինելու՝ մոտ 50 մլրդ դրամ: Մեր
տեղեկություններով, այդ վնասները ծածկելու համար ԿԲ-ն դիմել է
կառավարությանը՝ համապատասխան ծավալի պետական պարտատոմսեր թողարկելու
խնդրանքով: Համապատասխանո՞ւմ են իրականությանը այդ կանխատեսումները եւ
տեղեկությունը: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

– Քանի որ, ինչպես բազմիցս նշվել է, ԿԲ-ն չի իրականացնում արժութային
փոխարժեքի կանխատեսում, չի կարող կանխատեսվել նաեւ փոխարժեքի փոփոխության
հետեւանքով առաջացած կորստի ճշգրիտ մեծությունը: Ինչ վերաբերում է ԿԲ-ի
վնասները ծածկելու նպատակով կառավարության կողմից պարտատոմսերի
թողարկմանը, ապա «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի
համաձայն` ֆինանսական տարվա արդյունքում ԿԲ հաշվեկշռում առաջացած վնասը
պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում, ՀՀ կառավարությունը,
գերազանցող գումարի չափով, որպես ներդրում ԿԲ-ի կապիտալում, ԿԲ-ին է
տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր:
Նշված մեխանիզմը կոչված է ապահովագրել ԿԲ-ի կանոնադրական կապիտալը
նվազումից, որը հանդիսանում է ՀՀ սեփականությունը եւ չի կարող որեւէ կերպ
օտարվել ՀՀ պարտավորությունների դիմաց:

– Մի քանի ամիս առաջ ՀՀ-ի գործարար շրջանակներից հնչեցին
առաջարկներ`ԿԲ-ին` լողացող փոխարժեքի քաղաքականությունից անցնել ֆիքսված
փոխարժեքի քաղաքականությանը: Այն ժամանակ դուք պատասխանեցիք՝ նշելով, որ
ԿԲ-ն լողացող փոխարժեքի քաղաքականություն իրականացնում է հետեւելով
օրենսդրության պահանջներին: Վերջին 1-1,5 տարվա ընթացքում արտարժույթի
շուկայում արձանագրված տատանումներից (երբեմն` անկանխատեսելի) հետո,
արդյոք ԿԲ-ն քննարկե՞լ է օրենսդրության փոփոխության հարցը: Կա՞ն արդյոք
հաշվարկներ, թե որքան է կազմել տնտեսության վնասը (կամ հակառակը)
փոխարժեքի տատանումների արդյունքում, եւ կա՞ որեւէ հաշվարկ կամ
գնահատական՝ նախկինում ոչ արդյունավետ համարվող ֆիքսված փոխարժեքի
քաղաքականությունը կարո՞ղ է արդյունավետ լինել արտարժույթի շուկայի
ներկայիս պայմաններում: Եվ ընդհանրապես, երբեւէ քննարկվե՞լ է կանխարգելիչ
օրենսդրությունը, այսպես կոչված, «պոստ ֆակտում» օրենսդրությամբ
փոխարինելու հարցը:

– Ինչպես մի քանի ամիս կամ նույնիսկ մի քանի տարի առաջ, այնպես էլ հիմա`
ԿԲ-ն` որպես իր գլխավոր խնդիր, տեսնում է գների կայունության ապահովումը:
Դրա ներքո 2006թ. հունվարի 1-ից Կենտրոնական բանկը մտադիր է փողի բազայի
ծավալային կարգավորումից անցնել գնաճի նպատակադրման ռազմավարությանը, որը
գնաճի ծրագրային մակարդակն ապահովելու առավել առաջադեմ եւ արդյունավետ
մեխանիզմ է:

Անհրաժեշտ է հստակ պատկերացնել, որ գնաճի ծրագրավորված մակարդակի
արդյունավետ ապահովումը եւ արժութային փոխարժեքի ֆիքսված ռեժիմի
իրականացումը երկու իրարամերժ նպատակներ են, որոնք չեն կարող հավասար
հաջողությամբ իրականացվել միաժամանակ: Արդյունքում նման երկու խնդիր իրենց
առջեւ դրած իշխանությունները պարբերաբար թերանում են մեկի կամ մյուսի
կատարման մեջ՝ ի վերջո նախապատվությունը տալով կամ առաջինին, կամ
երկրորդին: Եվ եթե ազատ լողացող փոխարժեքի պայմաններում փոխարժեքի կտրուկ
տատանումների պատճառած վնասը արտահանողների եւ ներմուծողների չստացված
եկամուտներն են կամ այսքան աչք ծագող «գերշահույթը», ապա ֆիքսված
փոխարժեքի դեպքում առաջին հարվածն ընկնելու է երկրի միջազգային
պահուստներին, որոնք, ըստ էության, ի թիվս այլ կարեւորագույն
ֆունկցիաների, հանդես են գալիս որպես մեր ազգային հարստություն: