Պետական բյուջեն բոլոր հնարավոր միջոցներով համալրելու ձգտումը կառավարությունում կարծես մոլուցքի է վերածվել: Վերջին շրջանում կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները հենց այդ նպատակն ունեն` հնարավոր բոլոր ոլորտներից հնարավորինս շատ փող հավաքել: Բնականաբար, ամեն ինչ արվում է գեղեցիկ ձեւակերպումներով եւ, ինչպես բնորոշ է կառավարությանը` պաթոսով: Կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել օրինագծերի մի փաթեթ, որոնց նպատակը Հայաստան ներմուծվող եւ տեղական արտադրության ծխախոտից գանձվող հարկերի ավելացումն է: Այդ նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է «արդարացի հարկման» անհրաժեշտությամբ եւ, բնականաբար, ծխելու դեմ պայքարի ազնիվ մղումներով: Կառավարության ներկայացրած հիմնավորումներում «հարեւանցիորեն» նշվում է, որ այդ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է բյուջեի մուտքերն ավելացնել տարեկան 3 մլրդ դրամով: Ծխախոտը, ինչպես հայտնի է, այն ապրանքատեսակներից է, որի պահանջարկը գնի բարձրացման արդյունքում գրեթե չի նվազում: Այսինքն` այս փոփոխությունների արդյունքում մարդիկ չեն դադարելու ծխել կամ ավելի քիչ ծխել, այլ ընդամենը ավելի շատ են վճարելու: Դա շատ լավ հասկանում են ինչպես կառավարությունում, այնպես էլ ծխախոտ ներմուծող ընկերություններում, որոնք ոչ թե իրենց շահույթի հաշվին են վճարելու ավելացված հարկերը, այլ սպառողների: Իսկ «ծխելու դեմ պայքարի» մասին հայտարարությունները արդեն լիրիկական զեղումներ են: Կառավարությանը պետք է, որ մարդիկ շարունակեն ծխել: Ցանկալի է՝ ավելի շատ, քանի որ դա կարող է ավելացնել բյուջեի մուտքերը: Այնպես որ, նույն հաջողությամբ վաղը կառավարությունում կարող են որոշել, որ բենզինի պատճառով շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարելու համար պետք է բարձրացնել նաեւ դրա հարկման դրույքաչափը: Մոնոպոլիստները դրանից միայն ուրախ կլինեն: