Ի հեճուկս վարչապետի

19/02/2010

Արժույթի միջազգային հիմնադրամը դեմ չէ Հայաստանում գազի սակագնի սպասվող բարձրացման հետ կապված սուբսիդավորմանը, եթե այն հասցեագրված է: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Հայաստանում բարձրանալու է բնական գազի սակագինը: Ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերության` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի, փոքր սպառողների` բնակչության համար գազի 1 խորանարդ մետրը այսուհետ կարժենա 136 դրամ` նախկին 96 դրամի փոխարեն: Թեեւ վերջնական գինը հայտնի կդառնա միայն հաջորդ շաբաթ, սակայն փորձագետները վստահ են, որ հանձնաժողովը աննշան տարբերությամբ հաստատելու է ներկայացված հայտը: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ գազի թանկացումից տուժողները հիմնականում լինելու են հասարակության սոցիալապես անապահով խավերը:

Հայաստանի կառավարությունը արդեն իսկ հայտարարել է, թե որեւէ տեսակի փոխհատուցում չի նախատեսում: Մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի գնի սուբսիդավորման հավանականության վերաբերյալ հարցին արձագանքել էր. «Իմ մտքով այդպիսի բան չի անցել, եւ ձեզ խորհուրդ եմ տալիս չհուշել ոչ մեկին նման բաներ: Ոչ, ես կողմնակից չեմ»: Կառավարության փաստարկներից մեկն էլ այն է, որ սուբսիդավորմանը դեմ են միջազգային դոնոր կազմակերպությունները: Սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը ասել է, թե իրենք ամենեւին էլ դեմ չեն սուբսիդավորմանը, եթե այն հասցեագրված է: «Սակագների այս կարգի փոփոխությունների դեպքում շատ արդյունավետ կարող է լինել հասցեագրված, ոչ թե ընդհանուր սուբսիդավորումը: Այլ կերպ ասած, եթե սակագների փոփոխությունը բացասական ազդեցություն պետք է ունենա, պետք է փորձել օգնել այն խավերին, որոնց վրա ազդեցությունը առավել զգալի կլինի, ոչ թե հարուստներին, որոնք դրա կարիքը չունեն: Դրա համար, որոշ դեպքերում մենք կողմ ենք աղքատ խավերին կառավարությունների կողմից ցուցաբերվող աջակցությանը»,- ասել է Մ.Լյուիսը: Նա նշել է, որ ԱՄՀ առաքելությունը քննարկում է այս հարցը Հայաստանի կառավարության հետ, եւ Հիմնադրամի դիրքորոշումն այն է, որ եթե պետական աջակցությունը ճիշտ կառավարվի, հասցեագրված սուբսիդիաների տրամադրումը համարժեք պատասխան կլինի գնային այս փոփոխություններին: