Ժամանակն է լուրջ վերաբերվել

19/02/2010

Թուրքական «Referans» օրաթերթը, անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վաշինգտոնյան ելույթին, գրում է, որ հայ պաշտոնյայի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հնչեցրած տեսակետները ճիշտ են: «Թող ոչ ոք չզայրանա, բայց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն իրավացի է: Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) արած նրա հայտարարությունները շատ ճիշտ են: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունները ժամանակացույց ունեն, եւ այդ ժամանակացույցը մեծամասամբ կապված է ապրիլի 24-ի հետ»,- գրում է թուրքական պարբերականը` նշելով, որ եթե Թուրքիան չհամաձայներ կարգավորման գործընթաց սկսել Հայաստանի հետ, ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը բոլորովին այլ բովանդակություն էր ունենալու: «Եթե Թուրքիան որեւէ քայլ չկատարեր այդ ուղղությամբ, Օբաման, որը նախագահական ընտրություններից առաջ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 2009թ. ապրիլի 24-ին ստիպված էր լինելու այլ բաներ ասել, ինչն էլ լարվածություն կմտցներ երկկողմ հարաբերություններում: Հիմա էլ նման մի ժամանակացույց կա: Թուրքիայի Արտգործնախարարության անանուն աղբյուրներն ինչ էլ հայտարարեն թերթերին, մեկ է` 2010թ. 1915թ. իրադարձությունների 95-րդ տարելիցն է, եւ հնարավոր է` ամեն բան էլ լինի եւ ասվի»,- գրում է թերթը` հավելելով, որ եթե նույնիսկ Վաշինգտոնը 1915թ. իրադարձություններին չտա «ցեղասպանություն» որակումը, միեւնույն է` թուրք-ամերիկյան հարաբերություններում բարդություններ առաջ կգան հայ-թուրքական Արձանագրությունների հարցում առաջընթաց չապահովելու դեպքում: Անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը` թերթը նշում է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում իր ձեռքից բաց թողնել հաղթաթուղթը: «Թուրքիայի իշխանություններն ի սկզբանե գիտեին այն ռիսկերի մասին, որ կարող էին առաջ գալ մերձեցման գործընթացի արդյունքում: Չէր կարելի ենթադրել, թե Թուրքիային տարիներով գերի պահող Ադրբեջանը հաշտվելու էր իր ճակատագրի հետ»: Ըստ թերթի` պետք է հայկական կողմի` գործընթացը չձգձգելու հետ կապված հորդորներն ընկալել ոչ թե որպես շանտաժ, այլ որպես լուրջ հայտարարություն: «Երեւանն ամենեւին էլ շանտաժ չի անում, երբ հայտարարում է, թե՝ «եկեք չձգձգենք գործընթացը»: Օգտակար կլինի մի քիչ լրջությամբ ընդունել նրանց հայտարարությունները: Ժամանակն է եկել հրաժարվելու Երեւանին որպես թշնամի դիտելու վատ սովորությունից»,- գրում է թերթը: Նաեւ հորդորում է. «Եկեք որպես պատրվակ չօգտագործենք ՀՀ ՍԴ որոշումը: Դատարանը, ինչպես եւ մերը, կարող է միջամտել քաղաքականությանը, կարող է խախտել իր լիազորությունների սահմանը: Սակայն դա նրանց խնդիրն է: Թողնենք, որ իրենք մտածեն իրենց անելիքների մասին: Վերջիվերջո, հարաբերությունները կարգավորում են ոչ թե սահմանադրական դատարանները, այլ իշխանությունները»: