«Ավելի են խորացնում անջրպետը»,- ասում է ԵԿՄ արդեն նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը

19/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Մալխասյան, ինչո՞ւ չմասնակցեցիք ԵԿՄ համագումարին: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ «փոխնախագահը պարտավոր էր ավտոմատ գալու կամ մասնակցելու»:

– Դա ինքնաբուխ համագումար չէր, նախապես պատրաստված միջոցառում է եղել: Ես չեմ ուզում դրան անդրադառնալ:

– Իսկ դուք շարունակելո՞ւ եք մնալ ԵԿՄ անդամ, թե՞ ստեղծված իրավիճակից հետո, հնարավոր է` դուրս գաք այդ կազմակերպությունից:

– Ինչ-որ մե՞կը պետք է որոշի` ես Երկրապահ պետք է գնամ, թե ոչ: Մնալու եմ ԵԿՄ անդամ, եւ ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը շատ արագ կլուծվեն: Եվ Երկրապահի հետ կապված ավելորդ շահարկումները կվերանան: Ես համոզված եմ, որ Երկրապահում հայրենասեր մարդիկ են, ովքեր, կարող է, այսօր ինչ-ինչ պատճառներով ընկճված են, բայց վճռորոշ պահին անպայման դիրքորոշում կարտահայտեն:

– Երբ դուք անազատության մեջ էիք, ԵԿՄ ղեկավարությունը` այդ թվում Մանվել Գրիգորյանը, օգնե՞լ է Ձեզ, պայքարե՞լ է Ձեր ազատության համար:

– Այդ հարցին չեմ պատասխանում: Ինչո՞վ պիտի աջակցեր: Աշխարհի շատ ժողովուրդներ հո երկրապահ չունե՞ն, որ նման դեպքերում նրանց օգնությանը սպասեն: Մարդիկ պայքարել են իրենց երկրի ժողովրդավարության համար ու նստել են: Պետք է պայքարենք, որ վերջ տանք օր օրի ավելացող բեսպրեդելին: Խնդրեմ, ընդամենը մի քանի օր առաջ ականատես եղաք, թե ինչպես անհիմն մեղադրանքներով ձերբակալեցին ու հետո բաց թողեցին Սարիբեկ Սուքիասյանին: Փորձ է արվում ոչնչացնել Սուքիասյանների ընտանիքի ունեցվածքը այն դեպքում, երբ նրանք մեր երկրի խոշոր հարկատուներից են եղել:

– Կարծիք կա, որ եթե մարտյան իրադարձություններից առաջ երկրապահներն ու Մանվել Գրիգորյանն իսկապես ժողովրդի կողքին լինեին, Մարտի 1-ն ու 10 զոհերը չէին լինի: ԵԿՄ-ն բավականին ծանրակշիռ կառույց է, չե՞ք կարծում, որ եթե նրանք հրապարակում մնային, իշխանությունները ժողովրդի վրա կրակելու հրաման չէին տա:

– Երկրապահի մասին կարծիքը մի քիչ ֆետիշացված է: ԵԿՄ-ում սովորական մարդիկ են, նրանք մեր ժողովրդի մի մասն են, ովքեր պաշտպանել են մեր հայրենիքը: Իսկ մտածել, թե Երկրապահը կամ ինչ-որ մեկը կգա ու մեզ կփրկի, սա սխալ տեսակետ է: Ժողովուրդն ինքը պիտի դուրս գա փողոց՝ պաշտպանելու իր իրավունքները: Այդ մտածելակերպը պիտի մեր ժողովրդի հոգեբանության միջից դուրս գա: Եվ Մարտի 1-ը նաեւ փորձ էր, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ցանկացած դեպքում հույսն իր վրա պետք է դնի: Սա մենք պետք է վերջնականապես գիտակցենք:

– Այո, բայց Երկրապահը մեր ժողովրդի մի մասն է:

– Իհարկե, բայց ամեն մարդ պետք է հասկանա, որ դուրս գալով փողոց ու պայքարելով իր իրավունքների համար` ինքն էլ է դառնում երկրապահ: Մարդիկ դուրս են գալիս փողոց, բայց նրանց մի մասը հանդիսատես է: Հետո էլ ասում են, թե ինչու չստացվեց: Մարտի 1-ին երկու-երեք հարյուր հազարից ավելի ժողովուրդ էր հավաքված, եթե այդքանով մնային դրսում, որեւիցե մեկին թույլ չէին տա ոտնահարել իրենց իրավունքներն ու այդ սպանությունները կատարել: Նրանք հանդիսատեսի նման հավաքվեցին, ու հետո մեծ մասը հեռացան` հրապարակը թողնելով մի քանի հազար մարդու վրա: Եվ հիմա սխալ է մտածել, թե Երկրապահը չկանգնեց ժողովրդի կողքին: Մենք այդ իրադարձություններից պետք է դասեր քաղենք եւ մտածենք, թե բոլոր ժողովուրդներն էլ հեշտ ու հանգիստ չեն նվաճել իրենց ազատությունը: Իսկ ԵԿՄ-ն ի սկզբանե մի կառույց էր, որը պետք է նաեւ տեր կանգներ իր զոհված ընկերների հարազատներին:

– Կատարո՞ւմ է այդ առաքելությունը:

– Ձեր ասած իշխանությունները թողնո՞ւմ են, որ կատարի:

– Իսկ Ձեր կարծիքով՝ իշխանություններն ինչո՞ւ են քաղբանտարկյալներին, այդ թվում եւ՝ առողջական վատ վիճակում գտնվող Սասուն Միքայելյանին, պահում բանտերում այն դեպքում, երբ նույն մեղադրանքով դատապարտված շատերին ազատ են արձակել:

– Դուք կարծում եք, որ իշխանություններն իրենց քայլերը տրամաբանությա՞մբ են անում: Եթե տրամաբանություն լիներ, նախ մարտի 1-ի սպանդից հետո պիտի կարողանային երկրի ներսում խաղաղության մթնոլորտ ստեղծել: Բայց հակառակը, խորացնում են լարվածությունը` Արցախի ազատամարտիկներին, երկրի համար ներդրում ունեցող մարդկանց բանտերում պահելով: Երեւի իրենց համար հաճելի է անընդհատ գտնվել եվրոպական կառույցների ճնշման տակ: Երեւի հաճույք են ստանում, որ Հայաստանի անունն անընդհատ բացասական ֆոնի վրա է արծարծվում: Որեւէ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետեւ մեր քաղբանտարկյալ ընկերներին բանտերում փակելով, ծանր վիճակում պահելով Սասուն Միքայելյանին, երկրի համար ներդրում եւ առողջ դատողություն ունեցող հայրենասեր տղաներին, ավելի են խորացնում հակասությունների անջրպետը: Իսկ անիմաստ, խամաճիկ քաղաքական գործիչները համերաշխության կոչ են անում:

– «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԵԿՄ համագումարում վստահաբար հայտարարեց, որ ԵԿՄ հաջորդ համագումարը արտահերթ է լինելու եւ օրակարգում արտաքին քաղաքական հարցեր է ունենալու: Դո՞ւք էլ եք կարծում, որ ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցում իրավիճակն այնքան սրված է, որ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:

– Բանակցություններն ի վնաս մեզ են ընթանում: Եվ անընդհատ հնչող խոսքերը, թե որեւէ մեկը ի վնաս մեր ժողովրդի բան չի անելու, դրանից ցանկացած մարդու, ցանկացած հայի մոտ առաջանում է հարցը, թե ինչո՞ւ են ամեն ինչ գաղտնի պահում, ինչո՞ւ ենք դրանց մասին մենք տեղեկանում այլ աղբյուրներից: Կամ` եթե բանակցություններն ու պայմանները մեր ժողովրդի օգտին են, ինչո՞ւ չի արագացվում դրանց լուծումը: Այսպիսով քաղաքականության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող մարդու մոտ կասկած է առաջանում, որ դրանք ի վնաս մեզ են գնում: Թուրքիան բավականին կոփված դիվանագիտական հարաբերություններ ունի, եւ սահմանի բացումը կապել է ԼՂՀ խնդրի հետ: Բայց եթե ԼՂՀ հակամարտությունը լուծվի, ինքնըստինքյան սահմանը բացվելու է, որովհետեւ Թուրքիան դա փակել է նույն ԼՂՀ խնդրի պատճառով: Այս դեպքում տրամաբանությունը հուշում է, որ անիմաստ էր այդ երկրի հետ բանակցություններ սկսելը: Այս բանակցություններում Հայաստանը որեւէ բան չշահեց, եւ ես տեղին եմ համարում, որ դա համարվեց ցյուրիխյան ուրացում: