Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիի` նախօրեին թուրք մեջլիսականների հետ ունեցած հանդիպումը, ըստ «Milliyet»-ի` անցել է բավական լարված մթնոլորտում: Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Միացյալ Նահանգների դեսպանին էր փոխանցել Անկարայի մտահոգությունները Հայոց ցեղասպանության N252 բանաձեւի առնչությամբ: «ԱՄՆ-ը այդ բանաձեւը, որպես դամոկլյան սուր, պահում է Թուրքիայի գլխավերեւում»,- դժգոհել էին թուրք հանձնաժողովականները: Ի պատասխան, Ջեֆրին շեշտել է, որ այդ բանաձեւի ընդունման հավանականությունը 50 տոկոս է. «Եթե այն ընդունվի, ապա բացասաբար կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Ինչպես պրն Օբաման դեկտեմբերի 7-ին պրն Էրդողանին էր ասել, ելքը Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելն է: Այսպիսով միակ ելքը Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների վավերացումն է»:
Ջեֆրիի այդ պատասխանին արձագանքել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Դենիզ Բոլուքբաշը` ասելով. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Ձեր խոսքերը թաքնված սպառնալիք են: Ձեր արածն իրավացի չէ: Մենք էլ թուրքական կառավարությունից պահանջում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարեկամությանը վնասող մի օրինագիծ բերել խորհրդարան եւ հաստատել այն: Կառավարությունը կամ պետք է Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները չեղյալ հայտարարի ու հետ կանչի, կամ էլ իսկույն քվեարկության դնի ու միաձայն մերժի»: Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Շյուքրու Էլեքդաղն էլ հետաքրքրվել է, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վերլուծելուց հետո ամերիկյան կողմը դեռ ցանկանո՞ւմ է, որ Անկարան վավերացնի այդ արձանագրությունները: Ըստ թերթի, ԱՄՆ դեսպանը չի պատասխանել այդ հարցին: Փոխարենը խոստացել է այդ մտահոգությունների մասին տեղեկացնել Վաշինգտոնին: