Ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը 2 տարի առաջ դիմել էր միջազգային դատարան` մեղադրելով ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին կաշառք պահանջելու եւ Հայաստանում ներդրումներին խոչընդոտելու համար: Ընկերության նախագահ ամերիկահայ Վան Գրիգորյանի հայրենիքում օրինավոր աշխատանք ծավալելու ջանքերն ու ցանկությունը վերաբերում էր միայն ընկերությունից կաշառք պահանջելու անօրինական պրոցեսին, իսկ ընկերության` ամիսներ շարունակ ապօրինի գործունեությունը չի հուզում իրավաբաններ Վ. Գրիգորյանին եւ ընկերության ՀՀ-ի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանին: «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ամերիկյան ընկերության Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները եւ բանվորներն արդեն մեկ տարուց ավելի է աշխատավարձ չեն ստացել, բացի այդ, կազմակերպությունը չի վճարել նաեւ հարկերը: Չնայած հարկային ստուգումներ անցկացվել են կազմակերպությունում, այնուամենայնիվ, ոչ մի քայլ չի ձեռնարկվել կազմակերպությանը օրենքի դաշտ բերելու համար: Ավելին` «Մեգո Գոլդ» ընկերությունը, որը պատկանում է Վան Գրիգորյանի ղեկավարած «Գլոբալ Գոլդին», հետին թվով կրճատել է ավելի քան 20 բանվորների, որոնք աշխատում էին Մելիք գյուղի ոսկու հանքում: Բանվորները հետին թվով ազատման դիմումները ստորագրել են սպառնալիքի տակ. եթե չստորագրեն՝ կզրկվեն աշխատավարձից: «Մեգո Գոլդ» ընկերության տասնյակից ավելի աշխատակիցներ արդեն մեկ տարի է դատական պրոցեսի մեջ են` պահանջելով իրենց վերջնահաշվարկները: «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը արդեն երկրորդ տարին է չի վճարում հարկերը, չի կատարում խոստացված ներդրումները եւ չի վճարում աշխատողների աշխատավարձերը: Անցյալում բարձրաձայնելով արդարության եւ ամերիկյան ոճով աշխատելու ցանկության մասին` կազմակերպությունը թերեւս չէր ուսումնասիրել ամերիկյան ոճն ամբողջությամբ: Այլապես կհասկանար, որ երկար ժամանակ աշխատողներին ստելն ու չվճարելը համարվում է խաբեություն եւ շահագործում: Անշուշտ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չէր կարող շրջանցել այս ընկերությանը, բայց վաղուց անցել է ճգնաժամի լուրջ ազդեցությունը եւ չնայած ոսկու գնի կտրուկ աճին՝ ոսկու հանք շահագործող «Գլոբալ Գոլդը» դեռ չի վճարել աշխատողներին եւ պետության հարկերը, մինչդեռ այլ հանքերը վաղուց նորմալ աշխատանքային հունի մեջ են: Մինչ ամերիկյան կառավարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրեր է իրականացնում, ամերիկյան ընկերությունը ոտնահարում է իր հայաստանցի աշխատակիցների իրավունքները»: