Ծխե՞լ, թե՞ ոչ. որն է բյուջեին ավելի ձեռնտու

19/02/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ամրագոտիների պատմությունը», երբ մարդիկ սեփական գրպանին վնաս չտալու համար սկսեցին մտածել սեփական անվտանգության մասին, պարզվում է՝ շատերին է ոգեւորել։ Այդ թվում՝ Առողջապահության նախարարության պաշտոնյաներին։

Այստեղ հանկարծ պարզել են, որ առողջության պահպանմանն ուղղված բոլոր «թիթիզ» միջոցառումները՝ թրեյնինգները, հաղորդումները, կոնֆերանսներն ու անգամ օրենքները, անիմաստ բաներ են։ Ամենալուրջ լծակը փողն է՝ մարդկանց գրպանին խփելու փորձված մեթոդը։ Խոսքը Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանի այն հայտարարության մասին է, ըստ որի՝ ծխելու դեմ պայքարելու համար Հայաստանում հարկավոր է թանկացնել ծխախոտը: Նա օրինակ է բերել Եվրոպան, որտեղ մեկ տուփ ծխախոտն արժե 5 եվրո, ինչի շնորհիվ մոլի ծխողները ձգտում են ավելի քիչ ծխել: Ծխախոտի գինը թանկացնել՝ նշանակում է՝ բարձրացնել հարկման դրույքաչափերը կամ սահմանել նոր հարկեր։ Այս իմաստով, առողջապահության փոխնախարարը ակամայից անհարմար վիճակի մեջ է դրել իր ներկայացրած գերատեսչությանը, քանի որ հարկային փոփոխություններ կատարելու նախաձեռնություն է ցուցաբերում, ինչն իր իրավասությունների մեջ չի մտնում։ Այսինքն՝ ծխախոտի թանկացման պարագայում բնակչությունը «հաճելի» խոսքերով է հիշելու ոչ միայն Ֆինանսների նախարարությանը կամ ԱԺ պատգամավորներին, այլեւ՝ Առողջապահության նախարարությանը։ Սակայն միանգամից ասենք. ծխախոտի թանկացման համար կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել՝ մինչեւ փոխնախարարի հայտարարությունը։ Մասնավորապես, կառավարությունը Ազգային ժողովին է ուղարկել օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով բավականին հետաքրքիր փոփոխություններ են առաջարկվում։

Դեպի «արդարացի» հարկում

Ծխախոտային արտադրանքն այժմ հարկվում է հաստատագրված վճարով եւ 10% մաքսատուրքով։ Հաստատագրված վճարների համար 2009թ. հունվարի 30-ից գործում են հետեւյալ դրույքաչափերը. ֆիլտրով սիգարետներ՝ տեղական արտադրության յուրաքանչյուր հատիկի համար 4.75 դրամ, ներմուծվողների համար՝ 6.5 դրամ։ Առանց ֆիլտրի սիգարետներ՝ տեղական՝ 1.95 դրամ, ներմուծվող՝ 3.25 դրամ։ Այժմ կառավարությունն առաջարկում է ծխախոտային արտադրանքի համար սահմանել զրոյական մաքսատուրք։ Բացի այդ՝ մեկ այլ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ծխախոտային արտադրանքի համար հաստատագրված վճարը եւ անցնել ավելացված արժեքով հարկման ռեժիմին։ «Հաստատագրված վճարներով հարկման գործող համակարգը հարկման արդարության տեսանկյունից հիմնավոր չէ»,- հիմնավորում է կառավարությունը։ Թվում է՝ ամեն ինչ ճիշտ է, եւ ծխողների գրպանի վրա դա որեւէ կերպ չի անդրադառնա։ Սակայն ԱԱՀ-ից բացի՝ կառավարությունն առաջարկում է նաեւ ծխախոտային արտադրանքը հարկել ակցիզային հարկով։

Մասնավորապես՝ ներքին արտադրանք հանդիսացող ֆիլտրով սիգարետների 1000 հատի համար սահմանել 2850 դրամ ակցիզային հարկ, իսկ ներմուծվողների համար՝ 4000 դրամ։ Առանց ֆիլտրի սիգարետների ակցիզային հարկը կկազմի 1200 (տեղական արտադրանքի համար) եւ 2350 դրամ (ներմուծվածի համար)։

Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2011թ. հունվարի 1-ից։ Իսկ ինչի՞ են բերելու այդ փոփոխությունները։ Նպատակներից մեկն արդեն նշեցինք՝ «արդարացի հարկում»։ Կառավարությունը մեկ այլ հիմնավորում է նշել՝ «հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում ապահովել դեպի հարկման ընդհանուր համակարգ»։ Սակայն ամենագլխավոր եւ ամենաանկեղծ հիմնավորումը հետեւյալն է՝ «բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների մակարդակը (ակնկալվում է մինչեւ 3 մլրդ դրամի հարկային եկամուտների աճ` 2009 թվականի եկամուտների կանխատեսվող հաշվարկային մեծության համեմատությամբ)»։ Փաստորեն՝ կառավարությունն անկեղծորեն նշել է, որ սա հերթական փոփոխությունն է՝ բյուջեի մուտքերն ավելացնելու համար։ Իսկ լրացուցիչ 3 միլիարդը, ինչպես հասկացաք, վճարելու են հասարակ սպառողները՝ սիգարետի գնի թանկացման արդյունքում։

Թանկացում՝ հանուն մե՞զ

Փաստորեն, մինչեւ առողջապահության փոխնախարարի հայտարարությունը՝ կառավարությունն արդեն քայլեր արել է։ Սակայն Թ. Հակոբյանի ասածը կարող է օգտակար լինել մեկ այլ՝ PR-ի տեսանկյունից։ Այսինքն՝ կառավարությունը կարող է ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ ասել, որ նպատակներից մեկն էլ ծխելու դեմ պայքարի ուժեղացումն է։ Իսկ արդյո՞ք գնի թանկացումն արդյունավետ միջոց է այս հարցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ազգային գործընկեր Ալեքսանդր Բազարչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարկային-գնային քաղաքականությունը ծխախոտի դեմ պայքարի 6 հիմնական ուղղություններից մեկն է միայն։ Ընդհանուր առմամբ՝ ծխախոտի դեմ պայքարի ուղղությունները կարելի է բաժանել 2 մեծ խմբի՝ գնային եւ ոչ գնային։ Ոչ գնային միջոցառումների մեջ մտնում են, օրինակ, ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունների մոնիտորինգը, բնակչության իրազեկվածության բարձրացումը, նիկոտինից կախվածությունը վերացնելու համար հնարավորությունների ստեղծումը, ծխախոտից պաշտպանությունը (օրինակ՝ հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքների միջոցով), ծխախոտի գովազդի արգելումը եւ այլն։ Ա. Բազարչյանի խոսքերով, այս բոլոր ուղղություններով Հայաստանում դրական տեղաշարժ նկատվում է։ Իհարկե՝ հասարակական վայրերում չծխելու օրենքը խախտում են հենց իրենք՝ օրենք ընդունողները, սակայն վերջին տարիների ընթացքում 16-60 տարեկան ծխող տղամարդկանց թիվը նվազել է՝ 60%-ից հասնելով 52-53%-ի։ Ծխելու դեմ պայքարը, ըստ փորձագետի, շարունակական երեւույթ է, եւ տեղում դոփել չի կարելի։ Ինչ վերաբերում է գնային մեթոդներին՝ ծխախոտի թանկացմանը, ապա, Ա. Բազարչյանի կարծիքով, դա ընդհանուր առմամբ ճիշտ մեխանիզմ է, սակայն կիրառումը պահանջում է լուրջ քայլեր։ «Պետք է կատարվեն լուրջ ուսումնասիրություններ, համապատասխան կառույցները պետք է պատրաստ լինեն դրան։ Օրինակ՝ մաքսային կառույցը պետք է պատրաստ լինի, քանի որ ծխախոտի թանկացումը կարող է նպաստել մաքսանենգության դեպքերի աճին։ Այսինքն՝ համապարփակ մոտեցում է պետք, որպեսզի այդ գնային քաղաքականությունը չվարկաբեկվի»,- ասում է փորձագետը։

Մեզանում նման հետազոտություններ, իհարկե, չեն անցկացվել։ Սակայն դա չի խանգարում, որ որոշ լրատվամիջոցներ առանց հասկանալու կրկնեն այն միտքը, որ հակածխախոտային պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմը հենց գնայինն է։ Իրականում՝ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Ծխախոտը յուրահատուկ է նրանով, որ նրա նկատմամբ պահանջարկը ոչ էլաստիկ է։ Այսինքն՝ նիկոտինից կախվածության պատճառով գնի փոփոխությունը կարող է ընդհանրապես չազդել պահանջարկի վրա։ Օրինակ, եթե 400 դրամանոց սիգարետը թանկանա 10%-ով՝ դառնալով 440 դրամ, դժվար թե պահանջարկը համաչափ նվազի 10%-ով, եւ 1000 հոգուց 100-ը միայն այդ պատճառով թողնեն ծխելը։ Հենց այս ոչ էլաստիկությունը միայն ապացուցում է, որ մեր առողջության մասին հնչելիք հուզիչ ելույթները իրականության հետ ոչ մի կապ չեն ունենալու։

Ո՞րն է առաջին տեղում

Եվ այնուամենայնիվ, կարծում ենք, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի ո՛չ գնային, ո՛չ էլ մյուս միջոցառումները մոտ ապագայում հաջողություն չեն ունենա։ Ոչ թե այն պատճառով, որ մենք մոլի ծխող ու մեր առողջության մասին չմտահոգվող ժողովուրդ ենք։ Այլ այն պարզ պատճառով, որ կառավարությանը պարզապես ձեռնտու չի լինի, եթե ողջ բնակչությամբ մեկ մարդու նման թողնենք ծխելը։ Անգամ թեթեւակի դրական տեղաշարժը (առողջության տեսանկյունից) կարող է լրջորեն անհանգստացնել իշխանություններին։ «2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներքին շուկայի սպառման ծավալը նվազել է շուրջ 9.2 տոկոսով կամ շուրջ 415 մլն հատիկով»,- նշված է կառավարության առաջարկած նախագծում։ Թվում է՝ ի՞նչ վատ է, մարդիկ սկսել են քիչ ծխել։ Բայց նույն այդ հիմնավորման մեջ աչքի է զարնում մտահոգությունը. «Ծխախոտի արտադրանքի ոլորտից հավաքագրվող եկամուտների ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հարկային եկամուտների հաշվարկային մեծությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 216 մլն դրամով»: Իսկ եկամուտների նվազում չի կարելի թույլ տալ, անգամ՝ եթե այդ եկամուտները հավաքագրվում են մարդկանց առողջության հաշվին։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ գումարների մասին է խոսքը, նշենք մի քանի տվյալներ։ Միայն 2009թ. ընթացքում Հայաստան է ներմուծվել 2 միլիարդ 122 միլիոն հատիկ ծխախոտային արտադրանք՝ սիգար, սիգարելլա եւ սիգարետ։ Նույն ժամանակահատվածում մեր երկրում արտադրվել է 3 միլիարդ 310 միլիոն հատիկ։ Արտահանվել է 568 միլիոն հատիկ։ Մնացած մասը՝ 2 միլիարդ 742 միլիոն հատը, կարելի է ենթադրել, սպառվել է ներքին շուկայում։ Փաստորեն, կոպիտ հաշվարկ անելով՝ կարելի է ասել, որ 2009թ. ընթացքում Հայաստանում «ծխվել» է շուրջ 5 միլիարդ հատ սիգարետ։ Սա՝ նվազագույն տվյալներով, քանի որ հաշվի չենք առնում ստվերային շրջանառության ծավալները։ Սակայն անգամ այդ 5 միլիարդ հատիկը ցույց է տալիս, թե ինչ եկամուտներ է ստանում պետությունը՝ մեր ծխելու արդյունքում։ Իսկ պատրա՞ստ է այսօր մեր իշխանությունը հրաժարվել այդ տասնյակ միլիարդ դրամներից՝ հանուն հայ ժողովրդի առողջության։ Այս հարցում մի քիչ կասկածում ենք։ Դա պետությանը ֆինանսապես ձեռնտու չէ։