Ճգնաժամ

19/02/2010

PUMA-ի շահույթը կրճատվել է

Սպորտային հագուստի եւ այլ պարագաների արտադրությամբ Եվրոպայի երկրորդ խոշորագույն ընկերությունը՝ գերմանական Puma AG-ն, ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 44,9%-ով եւ կազմել 128.2 մլն եվրո: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 232.8 մլն եվրո:

Հրապարակած տվյալների համաձայն՝ 2009 թվականին Puma-ի վաճառքի ծավալները կրճատվել են 2,5%-ով` կազմելով 2.46 մլրդ եվրո:

Նշենք նաեւ, որ 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Puma-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 2 անգամ եւ կազմել 16.2 մլն եվրո, իսկ վաճառքի ծավալներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 12,8%-ով` կազմելով 489.5 մլն եվրո։

Հունաստանին՝ 1 ամիս ժամանակ

Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները Հունաստանից պահանջել են առաջիկա 30 օրերի ընթացքում ներկայացնել ճգնաժամի դեմ պայքարի սեփական ծրագիրը եւ իրականացվելիք աշխատանքների հստակ ժամանակացույցը: ԵՄ երկրների ղեկավարների որոշմամբ՝ Հունաստանն իր հակաճգնաժամային ծրագրերի հաշվետվությունը կներկայացնի ընթացիկ տարվա մայիսին, իսկ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ կպարզաբանի իրականացված աշխատանքների ընթացքը: Հատկանշական է, որ Բրյուսելում կայացած արտահերթ խորհրդաժողովի շրջանակներում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեֆոլտի վտանգի եզրին հայտնված Հունաստանին ցուցաբերել են միայն բարոյական աջակցություն` նշելով, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում չի ուշանա նաեւ ֆինանսական օգնությունը: ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել համաձայնեցված եւ ուղղորդված կոնկրետ քայլեր, եթե Միության ֆինանսական կայունությանը սպառնացող որեւէ խնդիր առաջանա:

Նշենք, որ ներկայումս Եվրամիության համար որպես թույլ օղակ հանդիսանում է Հունաստանը, որտեղ պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի` շուրջ 294 մլն եվրոյի (երկրի ՀՆԱ-ի 12.7%-ը):

280 միլիարդ արտահոսք

2009 թվականի արդյունքներով, կապիտալի զուտ արտահոսքի ծավալներն ԱՄՆ-ում հասել են 279,3 մլրդ դոլարի։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով՝ այս երկրում գրանցվել էր կապիտալի ներհոսք` 664,8 մլրդ դոլարի սահմաններում: Ինչպես նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներում` 2009 թվականի միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում կապիտալի զուտ ներհոսքի ծավալները կազմել են 60,9 մլրդ դոլար` նախորդ ամսվա համեմատությամբ աճելով շուրջ երկու անգամ: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ներդրողները ձեռք են բերել ամերիկյան երկարաժամկետ պարտատոմսեր` 82,2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով, այն դեպքում, երբ նոյեմբեր ամսվա արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 128,9 մլրդ դոլար: Նշենք նաեւ, որ հաշվետու ամսվա արդյունքներով, ԱՄՆ պետական գանձապետական պարտատոմսերի գնումների ծավալներով առաջատար է Ճապոնիան: Վերջինիս պատկանում են 769 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան պարտատոմսեր: Չինաստանը, որը մի քանի ամիս շարունակ այս ոլորտում առաջատար էր, իր տնօրինության տակ գտնվող ամերիկյան պետական պարտատոմսերի ծավալները կրճատել է մինչեւ 755,4 մլրդ դոլար՝ զիջելով իր դիրքերը:

Վերահսկողության վտանգները

Համաշխարհային առաջատար բանկերից կպահանջվի 221 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ լրացուցիչ կապիտալ, եթե ֆինանսական համակարգի վերակազմավորման վերաբերյալ պետական կարգավորող մարմինների ներկայացրած բոլոր գաղափարները կյանքի կոչվեն:

Նման հայտարարությամբ են հանդես եկել ամերիկյան JPMorgan բանկի վերլուծաբանները, ովքեր, ներկայացնելով իրենց հետազոտության արդյունքները, նշել են, որ բանկային գործունեության նկատմամբ վերահսկողության շրջանակների ընդլայնման պայմաններում առաջատար բանկերի համախառն տարեկան շահույթը կկրճատվի շուրջ 110 մլրդ դոլարով:

JPMorgan-ի վերլուծաբանների գնահատմամբ` ֆինանսական համակարգի վերակազմավորմանն ուղղված բոլոր ծրագրերի իրականացման արդյունքում տնտեսական աճի տեմպերը զգալիորեն կդանդաղեն, իսկ ֆինանսական ծառայությունների գները շարունակաբար կբարձրանան:

Պետական պարտքը՝ նոր ճգնաժամի պատճառ

ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը մեծ վտանգ է ներկայացնում Ֆեդերալ ռեզերվային համակարգի արդյունավետ գործունեության համար եւ սահմանափակում է այս կառույցի՝ գների կայունացմանը եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեության շրջանակները: Նման կարծիք է հայտնել Կանզաս-Սիթիի Դաշնային պահուստային բանկի նախագահ Թոմաս Հեյնինգը։ Նա ասել է, որ երկրի կառավարությունը պարտավոր է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ աճող պետական պարտքը կարող է նոր ֆինանսական ճգնաժամի պատճառ հանդիսանալ: Հիշեցնենք, որ միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը վերջերս նախազգուշացրել էր ԱՄՆ կառավարությանը, որ եթե բյուջետային ծախսերը շարունակվեն ֆինանսավորվել պետական պարտքի ավելացման հաշվին, ապա ԱՄՆ-ը կարող է զրկվել վարկունակության իր AAA վարկանիշից:

Չինաստանը՝ ռեկորդային ավտոարտադրող

Այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, ինչպես ներքին ավտոարտադրության, այնպես էլ իրացման ոլորտում Չինաստանը սահմանել է նոր ռեկորդ: Այսպես, այս մեկ ամսվա ընթացքում Չինաստանում արտադրվել է 1,61 մլն ավտոմեքենա, իսկ շուկայում իրացվել է 1,66 մլն ավտոմեքենա:

Ինչպես նշվում է Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակած տվյալներում` ընթացիկ տարվա հունվար ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավտոարտադրության ոլորտում գրանցվել է 143% աճ, իսկ ավտոմեքենաների վաճառքի ծավալները երկրում աճել են 124%-ով: Նշենք նաեւ, որ ամսական կտրվածքով չինական ավտոարտադրության ոլորտում աճը կազմել է 5%, իսկ իրացման ոլորտում` 17%: Այս պայմաններում շատ վերլուծաբաններ նախազգուշացնում են, որ ավտոարտադրության աճի միտումները կարող են հանգեցնել այս ոլորտի «գերտաքացման», եւ պահանջում են կառավարությունից ցուցաբերել զգուշավորություն:

BNP PARIBAS-ի շահույթը՝ 1.5 միլիարդ դոլար

Ֆրանսիական առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը` BNP Paribas բանկն, ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 1.52 մլրդ եվրո: Ի դեպ, վերլուծաբանները կանխատեսել էին այս ցուցանիշի առավել ցածր մակարդակ` 1.06 մլրդ եվրոյի սահմաններում:

Հաշվետու եռամսյակում բանկի հասույթը տարեկան կտրվածքով աճել է շուրջ երկու անգամ` կազմելով 10.06 մլրդ եվրո:

Նշենք նաեւ, որ 2009 թվականի արդյունքներով ֆրանսիական բանկի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 87,5%-ով եւ կազմել 6.47 մլրդ եվրո, իսկ հասույթն այս մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 46,8%-ով` կազմելով 27.38 մլրդ եվրո:

Վրաստանում լավ են վարկավորում

2009 թվականի հունվարին առեւտրային բանկերի կողմից Վրաստանում ռեզիդենտ իրավաբանական անձանց տրամադրված ազգային արժույթով եւ արտարժույթով վարկերի համախառն ծավալը կազմել է 466.014 հազար լարի: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 9,8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատությամբ աճը կազմել է 32,5%: Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն` հաշվետու ամսվա ընթացքում առեւտրի ոլորտում գործող իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմում է առեւտրային բանկերի վարկավորման ընդհանուր ծավալի շուրջ 53%-ը:

Հատկանշական է, որ վարկավորման ծավալներով երկրորդը արդյունաբերական ոլորտն է, որին հաջորդում է շինարարության ոլորտը:

Եվրագոտին ունեցել է դրական հաշվեկշիռ

2009 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Եվրագոտու անդամ երկրների առեւտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 4.4 մլրդ եվրո: Այս մասին նշվում է Եվրոպական Eurostat վիճակագրական գործակալության հրապարակած տվյալներում: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին, որ Եվրագոտու առեւտրային հաշվեկշռի դրական մնացորդը կտատանվի 5 մլրդ եվրոյի սահմաններում:

Անհրաժեշտ է մինչեւ 14 մլրդ դոլար

Վաշինգտոնյան միջազգային զարգացման բանկի մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հաիթիի վերականգնման համար անհրաժեշտ է 8-ից մինչեւ 14 մլրդ դոլար, տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից: Հիշեցնենք, որ Հաիթիում ավերիչ երկրաշարժի արդյունքում մահացել է 217.000 մարդ:

Աղետից հետո դպրոցների, ենթակառույցների եւ բնակելի տների վերականգնման համար անհրաժեշտ 14 մլրդ դոլարը առաջին հաշվարկի արդյունքն է: