Դրամը շարունակում է արժեզրկվել

19/02/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջին օրերին դրամի փոխարժեքը սկսել է անկում ապրել ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի նկատմամբ: Եթե միջին կշռված փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց նախորդ շաբաթ տատանվում էր 378 դրամի շուրջ, ապա երեկ այն, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, արդեն կազմում էր 382 դրամ:

Իսկ արտարժույթի փոխանակման որոշ կետերում երեկ 1 ԱՄՆ դոլարը վաճառում էին 384 դրամով: Ավելի մեծ անկում է ապրել դրամի կուրսը եվրոյի նկատմամբ: Եթե փետրվարի 12-ին, ըստ ԿԲ-ի, 1 եվրոյի միջին կշռված փոխարժեքը 517 դրամ էր, ապա երեկ` փետրվարի 17-ին, այն արդեն կազմում էր 524 դրամ: Իսկ արտարժույթի փոխանակման որոշ կետերում երեկ 1 եվրոն վաճառվում էր 529 դրամով: Նշենք, որ երբ արձանագրվում է եվրոյի կուրսի բարձրացում դրամի նկատմամբ, հաճախ դա լինում է դոլարի կուրսը դրամի նկատմամբ կայուն պահելու հետեւանք: Այսպես, թեեւ եվրոյի նկատմամբ դրամի կուրսը հաշվարկվում է դրամ-դոլար կուրսի միջոցով, բայց ԿԲ-ն որոշակի մանեւրելու հնարավորություններ ունի: Եթե եվրոյի կուրսը դոլարի նկատմամբ բարձրանում է, ապա մեր ԿԲ-ն կա՛մ կարող է հաստատուն պահելով դոլար-դրամ կուրսը, բարձրացնել եվրո-դրամ կուրսը (դրամը արժեզրկել միայն եվրոյի նկատմամբ), կա՛մ էլ կարող է հաստատուն պահելով եվրո-դրամ կուրսը, բարձրացնել դոլարի կուրսը դրամի նկատմամբ (դրամը արժեզրկել միայն դոլարի նկատմամբ): Հնարավոր է նաեւ, իհարկե, մի որեւէ միջանկյալ տարբերակ: Օրինակ` ենթադրենք 1 եվրոն հավասար էր 1.5 դոլարի, իսկ մեկ դոլարը՝ 380 դրամի: Այս դեպքում կուրսով հաշվարկված 1 եվրոն կլինի 570 դրամ: Հիմա, ենթադրենք, 1 եվրոն դառնում է հավասար 1.6 դոլարի (եվրոն արժեւորվում է): Մեր արժույթը մի դեպքում կարող է հաստատուն մնալ դոլարի նկատմամբ (այսինքն` 1 դոլարը դարձյալ հավասար կլինի 380 դրամի)` արժեզրկվելով եվրոյի նկատմամբ (նախկին 570-ի փոխարեն՝ դառնալով 608 դրամ): Մեկ այլ դեպքում դրամը կարող է հաստատուն մնալ եվրոյի նկատմամբ (այսինքն` 1 եվրոն դարձյալ հավասար կլինի 570 դրամի) արժեզրկվելով դոլարի նկատմամբ (նախկին 380 դրամ/դոլարի փոխարեն դառնալով 356 դրամ 1 դոլարի համար` 570:1.6): Թե նման պարագաներում ԿԲ-ն ինչպես է վարվում, դժվար է ասել: Սկզբունքն այն է, որ երկու դեպքում էլ դրամական արտահայտությամբ պետք է պահպանվի դոլար-եվրո հարաբերակցությունը: Ինչեւէ, վերադառնալով վերջին օրերի փոփոխություններին, նշենք, որ դրամի փոխարժեքի անկմանը զուգընթաց՝ ԿԲ-ն մեծածավալ արտարժութային ինտերվենցիաներ է կատարել, այսինքն` դոլար է վաճառել արտարժույթի շուկայում, որպեսզի դոլարի կուրսը դրամի նկատմամբ շատ չբարձրանա: Այսպես, նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արտարժույթի շուկայում վաճառել է 14 մլն 720 հազար ԱՄՆ դոլար, իսկ այս շաբաթվա առաջին երեք օրերին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 5 մլն 865 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք: Սա ցույց է տալիս, որ դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումները բավականին մեծ են: Հիշեցնենք, որ 2003-2007թթ.-ին, երբ դրամն արժեւորվում էր դոլարի նկատմամբ, ԿԲ-ն դա բացատրում էր արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների ծավալների աճով: Ընդ որում, ԿԲ-ի պաշտոնյաները խոսում էին տարեկան 1.5-2 մլրդ դոլար տրանսֆերտների մասին: Իսկ ըստ վերջերս ԿԲ-ի հրապարակած տեղեկագրի, արտասահմանյան մասնավոր տրանսֆերտները 2009-ին 2008-ի համեմատ կրճատվել են 30%-ով, ընդ որում, 2009-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ զուտ մուտքերը կրճատվել են 26%-ով: Այսինքն` առաջիկայում տրանսֆերտների կտրուկ նվազումը շարունակվելու է, ինչը, բնականաբար, դոլարի արժեւորման կամ դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումներ է առաջացնելու: Սակայն այս ամենով հանդերձ՝ բազմաթիվ փորձագետներ նշում են, որ առաջիկայում դրամի կուրսը կայուն կմնա, կամ դրամը էականորեն չի արժեզրկվի: Բանն այն է, որ ԿԲ-ն գների կայունության ապահովման նպատակով անցել է «խիստ դրամավարկային» քաղաքականության իրականացմանը, ինչը ենթադրում է տնտեսության մեջ բաց թողնվող դրամի ծավալների սահմանափակում: ԿԲ-ն երեկ հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5%-ային կետով` սահմանելով այն 6%: «Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ու ընդհանրապես, վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ի կողմից փողի բազայի, կանխիկ դրամի շրջանառության խիստ սահմանափակումը (եթե չեմ սխալվում` մոտ 50 մլրդ դրամով) դրամի պակասության է հանգեցրել»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա, շրջանառության մեջ գտնվող դրամի կրճատումը առաջացնելու է դրամի արժեւորման ուղղությամբ լուրջ ճնշումներ, ինչը կարող է զգալիորեն չեզոքացնել դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումները: Վ. Խաչատրյանը նշեց մի քանի լուրջ շարժառիթներ, որոնք, ըստ նրա, ԿԲ-ին ստիպում են թույլ չտալ դրամի արժեզրկում: «Եթե դրամը արժեզրկվի (դոլարն արժեւորվի), սա, իհարկե, հանգեցնելու է ներմուծվող ապրանքների գների աճի: Եվ քանի որ մանրածախ ապրանքների ճնշող մեծամասնությունը ներմուծված ապրանքներն են, ապա ներմուծված ապրանքների գների աճը կտրուկ կբարձրացնի ընդհանուր գնաճը, ինչը զսպելը ԿԲ-ի հիմնական նպատակն է»,- ասում է Վ. Խաչատրյանը` հավելելով, որ նման խնդիր չէր առաջանա, եթե ներմուծման ոլորտը մենաշնորհային չլիներ: Բացի այդ, ըստ Վ. Խաչատրյանի, կա եւս մի էական գործոն, որ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել: Խոսքը գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման մասին է, ինչը տեղի կունենա, եթե դրամն արժեզրկվի: Այսպես, երբ 1 դոլարը նախորդ տարի 305 դրամից մեկ գիշերում դարձավ 370 դրամ, «ՀայՌուսգազարդը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագնի բարձրացման հայտ ներկայացնելիս հայտը հիմնավորեց դրամի արժեզրկմամբ: «Հենց այս պատճառներով ԿԲ-ն ամեն ինչ կանի, որ դրամի արժեզրկում տեղի չունենա»,- եզրափակեց Վ. Խաչատրյանը: