Ուր գնալ սովորելու

19/02/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Երբ մարդ ոչինչ չունի, չի խանգարի ունենալ մի հսկա մեծամտություն»,- գրել է Չարենցն իր նամակներից մեկում: Այս նախադասությունն, իմ կարծիքով, լիովին բնութագրում է մեր երկրի բարձրագույն կրթության համակարգը: Տնտեսության իրական հատվածի իմաստով համարյա ոչինչ չունենալով` մենք ունենք եղած պուճուրիկ տնտեսությանն անհամատեղելի բարձրագույն կրթության ուռճացված համակարգ: 2007թ. դպրոցն ավարտող շրջանավարտների քանակն անշեղորեն նվազում է: Փոխարենը հակադարձ անշեղությամբ աճում է բուհ ընդունվածների թիվը: 2004/5 ուստարում բուհ է ընդունվել մոտ 23 հազար ուսանող: 2008/9-ին նրանց թիվն արդեն մոտ 27,7 հազար է: Հինգ տարվա ընթացքում բուհական ուսանողության թիվն աճել է 35 տոկոսով: 2004/5 ուստարում կար մոտ 85 հազար ուսանող: Հիմա` մոտ 114,5 հազար: Անգամ պաշտոնական վիճակագրությունը հրապարակում է տվյալներ, որոնք կարելի է համարել կրթության որակի անկման փաստարկներ: Տարեցտարի պակասում է բուհերում դասավանդող պրոֆեսորների եւ ակադեմիկոսների թիվը: Սա, իհարկե, նաեւ Հայաստանում գիտության ծերացման հետեւանք է: Բայց դասախոսական կազմի որակական ցուցանիշների անկումը, ուզենք-չուզենք, պիտի ընդունենք՝ որպես կրթության որակի անկում: Եվ այս պարագային բուհական համակարգի ընդլայնումն ու ուսանողների քանակի աճը տխուր պատկեր է ծնում: Կարելի է կարծել, որ բարձրագույն կրթության համակարգի ղեկավարությունն իր առջեւ խնդիր է դրել դիպլոմավորել բոլոր նրանց, ովքեր համարյա ամբողջությամբ ծանոթ են այբուբենին: Գոնե հայոց այբուբենին: Տնտեսական ճգնաժամի պարագային բուհական համակարգը ֆինանսական առումով բառացիորեն ծաղկեց: Համալսարաններն ու ակադեմիաները չհամարձակվեցին բարձրացնել կրթավճարները: Փոխարենը ավելացրեցին ընդունելության տեղերը: Համարյա բոլոր դիմորդները տեղավորվեցին այս կամ այն բուհում: Գոհ մնացին բոլորը: Թերուս շրջանավարտներն ուսանող դարձան: Բուհերի եկամուտներն աճեցին: Պետությունն էլ անմասն չմնաց` մեծացան պետբյուջե փոխանցվող գումարները: Ոչ ոք չի անհանգստանում այն փաստից, որ հայաստանյան բարձրագույն դպրոցը կորցնում է իր միջազգային հեղինակությունը: Կրթության որակի անկումը, որքան էլ տարօրինակ է, առաջինը մեր Գիտության ու կրթության նախարարությունը չարձանագրեց: Հայաստանի բուհական համակարգը խորհրդային տարիներից միջազգային կապեր ուներ: Անկախության տարիներին միջազգային կապերն ավելի ամրապնդվեցին: Ընդլայնվեց նաեւ աշխարհագրությունը: Հայաստանի տարբեր բուհերում սովորում են ուսանողներ մոտ 40 երկրից: Վերջին 5 տարում արտասահմանցի ուսանողների քանակի ուսումնասիրությունը կրթության որակի անկման լավագույն նկարագրությունն է: Ընդհանուր թվի առումով կարծես անհանգստության առիթ չկա: Վերջին հինգ տարում արտասահմանցի ուսանողների քանակն ավելացել է 33-ով: Բայց հիմնականում ռուսաստանցի ուսանողների հաշվին: Վերջիններս հիմնականում հայեր են: 90-ականներին գաղթած մեր հայրենակիցների արդեն ՌԴ քաղաքացի զավակները: Նրանք, ովքեր ի վիճակի չեն մուծելու ռուսաստանյան բարձր կրթավճարները, գալիս են նախնական բարձրագույն կրթությունը պատմական հայրենիքում ստանալու: Վերջին հինգ տարում 477 ռուսաստանցի ուսանողի փոխարեն՝ այսօր Հայաստանում սովորում է 1294 ՌԴ քաղաքացի: Սակայն այս դրական ցուցանիշը կրթության որակի չափանիշ չէ: Որովհետեւ մյուս երկրների պարագային տրամագծորեն հակառակ պատկեր է: Բարձրագույն կրթության իմաստով Հայաստանի հնագույն գործընկեր Հնդկաստանը լքում է իր գործընկերոջը: 2004/5-ի 536 հնդիկ ուսանողի փոխարեն՝ այսօր սովորում են 457-ը: Սիրիացի 624 ուսանողի փոխարեն՝ հիմա 117 ուսանող է մնացել: 1129 իրանցիների թիվը դարձել է 719: Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ակտիվությունը հակառակ ազդեցությամբ է դրսեւորվել բուհական համակարգում: Նույն 2004/5 ուստարում Հայաստանում սովորում էր Թուրքիայի 61 քաղաքացի, հիմա` 7: Վերջին երկու տարում մեր մամուլում պարբերաբար տեղեկատվություն էր տպագրվում, որ տարածաշրջանի մի շարք երկրներ հրաժարվում են ճանաչել Հայաստանի բժշկական համալսարան(ների) դիպլոմը: Մերոնք սկզբում չէին հաստատում այս տեղեկությունները: Հետո լռեցին: Պերճախոս լռեցին: Հատկապես պետական բժշկական համալսարանի ղեկավարության լռությունը հիմա հաստատում են վիճակագրական պաշտոնական թվերը: Արտասահմանյան ուսանողների համար մեր բուհական համալսարաններն այլեւս հրապուրիչ չեն: Որքան էլ որ կրթավճարով այն արտասահմանցի ուսանողների համար մնում է մատչելի: Բայց միայն համեստ (կամ ցածր) կրթավարձով մրցունակ ու հրապուրիչ լինել հնարավոր չէ: Միայն հայաստանցի ուսանողն է դասախոսին վճարում, որ սովորեցնելու փոխարեն՝ սոսկ դրական գնահատական նշանակի: Ուսանողի մյուս տեսակը վարձավճար մուծում է կրթություն ստանալու նպատակով: