Հոլանդացի հայտնի մարզիչ Գուուս Հիդինկը օգոստոսի 1-ից կստանձնի ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ղեկը: Այդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ըստ թուրքական «Զամանի», ֆեդերացիան հայտնել է, որ նախօրեին Ամստերդամում մարզչի հետ չորս տարվա պայմանագիր է կնքվել: Հիշեցնենք, որ Գուուս Հիդինկը 2006 թվականից գլխավորում է Ռուսաստանի ազգային հավաքականը: Վերջերս նա հայտարարել էր, որ թողնելու է այդ պաշտոնը հունիսի 30-ին, երբ սպառվում է իր պայմանագրի ժամկետը: Թուրքիայի հավաքականը չկարողացավ նվաճել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում այս տարի անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք եւ ներկայումս ուշադրությունը կենտրոնացրել է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվելու վրա: