Հեռացումի խոսքեր

19/02/2010

Երեկ Ուկրաինայի վարչական դատարանը առկախել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները մինչեւ նախագահի թեկնածու, գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հայցի քննության ավարտը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքներով, ընտրությունների` փետրվարի 7-ին անցկացված երկրորդ փուլում հաղթել է նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, հավաքելով Տիմոշենկոյից 3.5 տոկոսով ավելի ձայներ: Յուլյա Տիմոշենկոն դատարան է դիմել` պնդելով, որ ընտրությունների երկրորդ փուլն ուղեկցվել է կեղծիքներով, եւ պահանջել երրորդ փուլի անցկացում: Դատարանը պետք է որոշում կայացնի մինչեւ փետրվարի 25-ը, երբ նշանակված է Յանուկովիչի պաշտոնակալության արարողությունը: Իսկ Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեքշաբթի օրը հրաժեշտի ասուլիս է տվել, որի ժամանակ ամփոփել է անցած նախագահական ընտրությունները եւ իր նախագահության 5 տարիները: Յուշչենկոն հայտարարել է, որ որպես նախագահ` հպարտ եւ երջանիկ է, որ իր երկիրը կարողացել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Ընտրությունների ժամանակ, ըստ Յուշչենկոյի, իհարկե, եղել են որոշ փոքր խնդիրներ, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Նա նաեւ մի շարք խորհուրդներ է տվել նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Մասնավորապես, գործող նախագահն ասել է, որ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը պետք է դուրս բերվի Ուկրաինայի տարածքից. նավատորմը պետք է Ղրիմից դուրս գա 2017 թվականին, սակայն Յանուկովիչն իր ընտրությունից հետո առաջին ասուլիսի ժամանակ հնարավոր է համարել այդ ժամկետի երկարացումը: Ընդհանրապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Վիկտոր Յուշչենկոն Վիկտոր Յանուկովիչին խորհուրդ է տալիս ղեկավարվել միայն Ուկրաինայի ազգային շահերով:

Յուշչենկոն նաեւ ամփոփել է իր նախագահության տարիները եւ հայտարարել է, որ իր ամենամեծ սխալը Յուլյա Տիմոշենկոյի նշանակումն էր վարչապետի պաշտոնում: