Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի նախօրեին արած հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծեն հակամարտող երկրները, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը շատ հասկանալի եւ ընկալելի է համարում: Ըստ նրա` այդ բանաձեւն ամենալավն է: «Դա նշանակում է` ոչ մեկդ հույս մի դրեք Ղազախստանի վրա, Ղազախստանն ամեն ինչ կանի, որ Մինսկի խմբի ձեւաչափը չպասիվանա, բայց ոչ երբեք ավելին»,- Սաուդաբաեւի հայտարարությունը մեկնաբանել է Բեքարյանը: Նրա խոսքով` այս հայտարարությունը բնական էր, քանի որ Ղազախստանը չի ցանկանալու հարաբերություն փչացնել Հայաստանի եւ Ադրբեջանի, առավել եւս` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության անդամ երկրների հետ: «Ղազախստանը ԵԱՀԿ նախագահող երկիր է, որն իր նախագահելու հնարավորությունը, բնականաբար, պետք է խոշոր երկրներից ստանար: Երկիր, որն ունի շատ հետաքրքիր եւ բարձր ամբիցիաներ, բայց շատ լավ հասկանում է, որ հաստատ մեր տիպի երկրները չեն այսօր որոշիչը ԵԱՀԿ-ում»,- ասել է նա: