Իմ նախորդ հոդվածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մոտեցումները` Հայաստանի հետ բանակցություններ վարելու եւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրելու հարցում:
Ձգտելով խաբել ոչ միայն Հայաստանին եւ միջազգային հանրությանը` թուրք ղեկավարները փորձում էին մոլորության մեջ գցել նաեւ իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին եւ թուրք հանրությանը` արձանագրությունների հնարավոր շահավետության վերաբերյալ: Անգամ այն դեպքում, երբ արձանագրությունները լիովին բխում էին Թուրքիայի շահերից, նրա ղեկավարները փորձում էին պայմանագրի առավելությունները չափազանցված ներկայացնել` երկրի ներսում ու արտերկրում, հատկապես Ադրբեջանում` քննադատողների հնարավոր առարկությունները հաղթահարելու նպատակով: Ինչպես եւ սպասվում էր, Էրդողանի կառավարությունն, իրոք, խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ, երբ Իլհամ Ալիեւը հրապարակավ իր դժգոհությունն արտահայտեց, որ Թուրքիան, ծրագրելով բացել Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է իր «փոքր եղբորից»` վերացնելով այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին վերադարձնել Արցախը: Ադրբեջանական իշխանությունը չբավարարվեց թուրքական հավաստիացումներով եւ պատասխան քայլեր ձեռնարկեց` եռապատկելով Թուրքիա արտահանվող գազի գինը` հանելով թուրքական դրոշները հասարակական վայրերից, արգելելով թուրքական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներում եւ փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաքվում:
Այդ ընթացքում Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հիանալի առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնությունը նվազեցնելու համար, իսկույն նրան մեղադրեցին Թուրքիայի ազգային շահերը դավաճանելու մեջ` իրենց դարավոր հայ թշնամիների եւ ոչ թե ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար:
Այսպիսի մեղադրանքների դեմ պայքարելու համար թուրք ղեկավարները ստիպված էին մի շարք չհիմնավորված հայտարարություններ կատարել` ուռճացնելով արձանագրությունների շահավետությունը թե Ադրբեջանի եւ թե Թուրքիայի համար: Նրանք ադրբեջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի վրա` Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար, մինչեւ թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Բացի այդ, թուրք պաշտոնյաները հանրությանը կրկին հավաստիացրին, որ արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության «հայկական պնդումներին» եւ հողային պահանջատիրությանը` Արեւելյան Թուրքիայում (Արեւմտյան Հայաստանում):
Սակայն Անկարայի կողմից արված` արձանագրությունների վերաբերյալ խեղաթյուրումները մոլորության մեջ չգցեցին թուրքական եւ ադրբեջանական հանրությանը: Ահա այն տասը հիմնական պատճառները, թե ինչու թուրքական խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները:
1. Չնայած Գյուլի, Էրդողանի եւ Դավութօղլուի կողմից բազմիցս հնչած հայտարարություններին, թե Արցախի հակամարտության կարգավորումը նախապայման է արձանագրությունների վավերացման համար, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, ինչպես նաեւ Հայաստանը շարունակ նշել են, որ արձանագրություններում այդպիսի պայման գոյություն չունի: Դեռ ավելին, նրանք հորդորել են այդ երկու հիմնախնդիրները չշաղկապել կամ Արցախի հակամարտության ուղղությամբ բանակցությունները պատանդ չդարձնել արձանագրությունների վավերացմանը: Հայաստանը կտրականապես մերժել է արձանագրությունները կապել Արցախի հիմնահարցի հետ:
2. Իրականությանը չի համապատասխանում Թուրքիայի այն պնդումը, թե արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության ճանաչմանն ու երրորդ երկրների կողմից դրա ընդունմանը հետամուտ լինելու Հայաստանի ջանքերին: Կեղծիք է նաեւ այն, որ արձանագրությունները մեխանիզմներ կստեղծեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար: Իրականում, վերջին շաբաթների ընթացքում արձանագրությունները զարկ տվեցին հայերի ջանքերի վերսկսմանը` ձգտելով ցեղասպանության ճանաչմանը Բրիտանիայի, Բուլղարիայի, Իսրայելի եւ Շվեդիայի խորհրդարանների կողմից: Բացի այդ, մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձեւը: Նման մի բանաձեւ է սպասվում նաեւ ԱՄՆ Սենատում:
3. Ի հեճուկս թուրքական պնդումների` արձանագրություններում հիշատակվող «պատմական հանձնաժողովը» չպետք է ծառայի որպես ցեղասպանության վերանայման խորհուրդ, այլ որպես պլատֆորմ` Թուրքիայից փոխհատուցման պահանջների ներկայացման համար:
4. Թուրքիայի պնդումները, թե արձանագրությունները վերջ կդնեն Հայաստանի տարածքային պահանջներին, հակասում են այն փաստին, որ անցյալի որեւէ պայմանագրի հղում չի արվել, որը Հայաստանից պահանջեր հրաժարվել այդպիսի իրավունքներից: Ընդհակառակը, Արցախից կամ Արեւմտյան Հայաստանից հրաժարվելու փոխարեն, նախագահ Սարգսյանը նախորդ շաբաթվա իր ելույթում առաջին անգամ բարձրացրեց Նախիջեւանի հայաթափման հարցը, մի տարածք, որ խորհրդային իշխանության կողմից հանձնվել էր Ադրբեջանին` որպես ինքնավար հանրապետություն:
5. Հայաստանը եւ գերտերությունները մերժեցին թուրքական պահանջները, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը «ուղղի» 2010 թվականի հունվարի 12-ի իր որոշումը, որը սահմանափակում էր Թուրքիայի` արձանագրությունների ուռճացված մեկնաբանությունները: Դատարանը համառորեն պնդեց, որ ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը չի կարող դադարեցվել, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցություններ չեն կարող վարվել` արձանագրությունների երկկողմանի բնույթի պատճառով:
6. Թուրք ղեկավարները ոչ մի փաստարկ չունեն, որպեսզի բողոքեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու` Սահմանադրության նախաբանին հղում կատարելու դեմ: Այս նախաբանը հիմնված է Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ դրույթի վրա, որը գոյություն ուներ 1990 թվականից ի վեր` Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանն առաջին անգամ բացելուց շատ առաջ: Անկասկած, թուրք ղեկավարները քաջատեղյակ էին այս դրույթի գոյությանը՝ մինչեւ 2009թ. արձանագրությունները ստորագրելը:
7. Թուրք պաշտոնյաներն անհիմն պնդում են, որ Արձանագրություններով ընդունվում է Կարսի 1921 թվականի պայմանագիրը, որը Խորհրդային Հայաստանը հարկադրաբար է ստորագրել: Արձանագրություններում ոչ մի հղում չկա Կարսի պայմանագրին: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ օրինական ուժ ունեն միայն այն պայմանագրերը, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
8. Իր ամպագոռգոռ նպատակին` «զրո խնդիրներ հարեւանների հետ», հասնելու փոխարեն, թուրքական կառավարությունն արձանագրությունների ստորագրմամբ լուրջ ճեղքվածք առաջացրեց հարեւան Ադրբեջանի հետ, որի հետ նախկինում ոչ մի խնդիր չուներ:
9. Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունը ոչ մի առարկություն չի հայտնել Հայաստանի այն պահանջի նկատմամբ, որ Թուրքիան առաջինը պետք է վավերացնի արձանագրությունները: Սա վիրավորական մի հարկադրանք է Թուրքիայի նկատմամբ, որի հանդեպ Հայաստանը հայտնում է իր խորը անվստահությունը:
10. Թուրք ղեկավարները չարձագանքեցին նաեւ Հայաստանի այն սպառնալիքին, որ չեղյալ կհայտարարի իր ստորագրությունը, եթե Թուրքիան մինչեւ մարտի վերջ` Ապրիլի 24-ից մեկ ամիս առաջ, չվավերացնի արձանագրությունները: Եվս մեկ վիրավորական հարկադրանք Հայաստանի կողմից մի երկրի հանդեպ, որի մեծամիտ ղեկավարները տարվել են նեո-օսմանյան վառ երեւակայությամբ:
Վերոնշյալ տասը կետերը ցույց են տալիս վստահության այն լուրջ ճեղքվածքը, որ գոյություն ունի թուրքական կառավարության եւ իր հասարակության, ինչպես նաեւ՝ միջազգային հանրության միջեւ: Թուրքիայի ներսում եւ դրսում Անկարան փորձում էր խաբել բոլորին` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման կեղծ տպավորություն ստեղծելով: Թուրք պաշտոնյաներն, իրենցից բացի, ոչ մեկին չպետք է մեղադրեն այսպիսի անելանելի կացության մեջ հայտնվելու համար: Նրանք կարծում էին, որ հերյուրանքներով կկարողանային ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, սակայն ձախողվեցին: Այժմ նրանք ընկել են սեփական ծուղակի մեջ, եւ ոչ մեկը հատուկ խանդավառություն չի ցուցաբերում այդ նեղ կացությունից նրանց փրկելու համար:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր