«Անկախությունը պահի քեզ, իսկ ինձ հաց տուր»,- ասում է վագոն-տնակում ապրող կինը

19/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

6-ամյա Էմման երազում է ոչ թե բժիշկ, նկարչուհի, երգչուհի կամ իրավաբան դառնալու մասին, այլ` երազում է մարդ դառնալ: Մեծերը, մասնավորապես նրա տատիկը` տիկին Էմման, սոցիալական ծանր վիճակի, իրենց կենսակերպի, դժվարությունների մասին խոսելիս «Շան պես ենք ապրում»` նախադասությունն են հաճախ կրկնում, դրա համար էլ փոքրիկ Էմման կարծում է, որ մարդ դառնալու համար աշխարհը պետք է փոխվի: Իսկ երբ աշխարհը փոխվի` ինքը կծնվի ոչ թե երկաթե տնակում, այլ` մարդուն վայել քարաշեն տան մեջ, որտեղ ապրելիս տատիկը կդադարի այդ միտքն արտահայտել, իսկ ինքն իրեն մարդ կհամարի: «Շան կյանքով ապրելու» մասին նախադասությունը տիկին Էմման սկսել է հաճախակի գործածել այն պահից սկսած, երբ ընտանիքով տեղափոխվել են երկաթե տնակում ապրելու: «Ես պարի եմ գնում, բայց կոշիկներս էնքան ա ցեխոտվում, որ ոտքերս ծանրանում են»,- ասում է մանկական ժպիտով, երկաթե տնակում ոտնաթաթերի վրա քայլող Էմման: Քույրը` 2 տարեկան Հայկանուշն էլ ուզում է մեծանալ ու Էմմա դառնալ: «Որ մեծանամ` Էմմա եմ դառնալու»,- կիսատ-պռատ բառերով միտքը մի կերպ կապկպում է նա: «Մարդ զգալու համար նախ պիտի Սովետը հետ գա, թե չէ` Սովետը փլվեց, ու սկսեցինք շան կյանքով ապրել»,- ասում է 70-ամյա Էմմա Սայադյանը, ով երկաթե վագոնում ապրում է որդու, հարսի եւ երեք թոռնիկների հետ: Նախկինում օդանավակայանի ճաշարանում աշխատած այս կինն Արմավիրի մարզի Մերձավան գյուղի իրենց տունը ամուսնու մահից հետո վաճառել է, քանի որ ստիպված է եղել երեխաներին միայնակ մեծացնել: Տան վաճառքից հետո Վանաձորից գնել է այս վագոն-տնակն ու տեղափոխել Մերձավան, ուր արդեն 13 տարի ապրում են երկաթե տնակում: Փայտե վառարանի մրից տիկին Էմմայի դիմագծերը սեւացել են: Իսկ ներսում քայլելիս ամեն ոտնաձայնի հետ հատակը ճկվում է, որովհետեւ տակը` դատարկ է: «Սովետի» կարոտախտով ապրող այս թոշակառու կինն ամեն խոսքն ավարտելիս չի մոռանում կրկնել, որ ինքը նամուս-թասիբ ունեցող կին է եղել ու կարգին տուն ու տեղ է ունեցել: «Էն ժամանակ ուրիշ էր: Աշխատող մարդը աշխարհը շուռ կտար: Աշխատանքով կարայիր ամեն ինչի հասնել, իսկ հիմա… հիմա տղես առավոտից իրիկուն համբալություն ա անում, բայց էս դոմիկի կռիշը էս 13 տարվա մեջ չենք կարողանում սարքենք»,- ասում է տարեց կինն ու փոքրիկ Հայկանուշին հանդիսավոր կերպով կանգնեցնում է տնակի մեջտեղում: «Էս դոմիկի երկաթե պատերի վրա քար շարելու համար էլ էս երեխուն ենք պարտական, սրա շնորհիվ ենք էսքան տարվա մեջ կարողացել էդ պատերը շարել»,- ասում է տատը: Երկու տարի առաջ ծնվել է Հայկանուշն, ու պետության տրամադրած միանվագ 300.000 դրամ օգնությունը ստանալուն պես քար են գնել ու տնակը դրսի անձրեւաջրերից, խոնավությունից պաշտպանելու համար պատ են շարել: Տիկին Էմման իր ու իր երեխաների փրկությունը, մարդավարի ապրելու հնարավորությունը բացառապես կապում է Կոմունիստների` Սովետի վերադարձի հետ: Ասում եմ` «Բա անկախությո՞ւնը…»: Բարկանալով վրա է տալիս` «Ի՞նչ անկախություն, այ բալամ: Սոված փորիս ինչի՞ս ա պետք անկախությունը: Անկախությունը պահի քեզ, իսկ ինձ հաց տուր»: 17.000 դրամ կենսաթոշակ ստացող տարեց կինը վստահեցնում է, որ օրվա հացին «կակա» են ասում: Անկախ Հայաստանի պետությունը տիկին Էմմայի երեք թոռներին հատկացնում է 28.000 դրամ ընտանեկան նպաստ` երկաթե վագոնում իրենց գոյությունը պաշտպանելու համար: «Մարդկանց ողորմելի դարձրեցին: Հասկանո՞ւմ ես, մարդը չպիտի նայի պետության ողորմությանը, այլ` աշխատելով պիտի կարողանա տուն պահի: Մարդը իրա ուժին, աշխատասիրությանը պիտի հավատա: Թե չէ` նստի սպասի, որ պետությունը հացի փող տա, որ պետությունը երեխու ծնվելուց հետո փող տա, որ պատ շարես: Տղես աշխատում ա, բայց էդ կոպեկներով ի՞նչ անի»,- զայրանալով ասում է տիկին Էմման ու խորհուրդ է տալիս գյուղի խանութներում շրջելով՝ պարտքի ցուցակների դիմաց գրված իր անունը կարդալ` հասկանալու համար, թե պարտքով որքան հաց են վերցնում: 17.000 դրամ կենսաթոշակի փոխարեն՝ այսօր տիկին Էմման օդանավակայանում աշխատելու տարիներին ստացած իր 70 ռուբլի աշխատավարձն է ուզում, որովհետեւ էդ 70 ռուբլով, բավական չէ, իր տունն էր պահում, դեռ ավելին` օգնում էր հարազատներին ու կարիքի մեջ գտնվողներին: 1997թ., երբ տունը վաճառելու որոշում կայացրեց` տիկին Էմման վստահ էր, որ ապագայում կամաց-կամաց իրենց կյանքը կկարգավորեն ու կորցրածը ետ կբերեն: Բայց տունը կորցնելուց հետո կորցրեցին ամեն ինչ, նաեւ առողջությունը, որովհետեւ երկաթե տնակում ապրելը նույնն է, ինչ փողոցում ապրես: «Երեխեքն էնքան են հիվանդանում, որ սրանք մեծանան՝ ի՞նչ պիտի դառնան: Դրսում ապրող էն շունը մեզնից բարեկեցիկ ա ապրում: Ախր հետո էլ հեռուստատեսությամբ հայտարարում են, թե հիվանդ սերունդ ա: Հըլը մի եկեք էս դոմիկում 2 ժամ մնացեք` տեսնեմ՝ առողջ կլինե՞ք: Ի՞նչ իմանամ` էս Բագրատս մինչեւ ծառայության հասնելն ի՞նչ հիվանդություն կստանա: Պատի ջուրը տեսար, չէ՞»,- հարցնում է տիկին Էմման, ում երկաթե տնակը գտնելու պահից սկսած ապշել էի, թե ջրով պատված այդ տան մեջ ինչպե՞ս կարող է մարդ ապրել: Նամուս-թասիբի մեռած տիկին Էմման էս վերջին տարիներին իր սկզբունքները մի կողմ դնելով` դիմումներ է գրել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Արմավիրի մարզպետին` խնդրելով, աղաչելով` օգնել իրենց «դոմիկին» տանիք կառուցելու հարցում, այլապես ձմռանն ու աշնանը «ջրի մեջ» կորում են: Սակայն անօգուտ… Ասում է` «Ի՞նչ անենք… երեխա ունենանք, որ միանվագ օգնությունով կռի՞շ սարքենք»: 70-ամյա կինը վստահեցնում է, որ տղայից բացի՝ աշխատելու մեծ ցանկություն ունի նաեւ հարսը` Սեդան, ով ուզում է երեխաների խնամքը թողնել սկեսուրին եւ աշխատել: Սեդան խորհուրդ է տալիս Մերձավանում գտնվող ցանկացած խանութ, օբյեկտ կամ հաստատություն գնալ եւ հարցնել, թե քանի անգամ է դիմել իրեն աշխատանք տալու խնդրանքով: Նույնիսկ հավաքարարի պահանջարկ այս գյուղում, ինչպես նաեւ հարակից տարածքներում, գոյություն չունի: «Հիմա աշխատանք տվողը սիրուն բուդ ա ուզում: Իրա բդերը չեն համապատասխանում ստանդարտներին»,- հեգնելով ասում է Սեդայի սկեսուրը` տիկին Էմման: Չնայած դրան` այս ընտանիքի անդամները վստահեցնում են, որ Մերձավանի գյուղապետ Լյովա Գրիգորյանը մշտապես օգնել է, երբ իրենք «նեղն են ընկել»: «Շատ ա եղել, որ գումարով ա օգնել: Բայց կռիշի ծախսը մեծ ա, ասում ա` չեմ կարա: Ախր մեր նման կարիքավորներն էնքա՜ն շատ են, էդ մարդը ո՞ր մեկին օգնի»,- ասում է տիկին Էմման:

2 տարեկան Հայկանուշի աչքերից ծնված օրից արցունք է գալիս: Պոլիկլինիկայի բժիշկը հայտնել է, որ երեխան տեսողության խնդիր ունի, եւ անհրաժեշտ է մասնագետների մոտ հետազոտության տանել: Տիկին Էմմայի խոսքն ընդհատվում է, երբ սկուտեղի վրա կարկանդակները շարած ներս է մտնում երեխաների մայրը` Սեդան: Երեք երեխաներն այնպես են թռչկոտելով տաք կարկանդակներն ուտում, որ տնակի ներսի իրարանցումը ցնցում է դատարկությունից ճկվող հատակը: 70-ամյա թոշակառուն ժպտում է ու կշտացող երեխաներին նայելով` մի տեսակ երջանիկ է զգում: